“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ո՞վ գիտե...»

12:49 Yerevan | 8:49 GMT | Wednesday 23 April 2008

Էմմա Գաբրիելյան

թե հիմա էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը իրար հանդիպելով` ԼՂ խնդրի կարգավորման պատմության էջերը որքան կհարստացնեն` աշխարհագրորեն

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացած հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումներում, ինչպես հայտնի է, նշել էր «ամենամոտ ժամանակներս» Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին, հույս էր հայտնել մոտ ապագայում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու վերաբերյալ:

Ամերիկացի կոնգրեսականների հարցերին ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահը ստիպված է եղել մի քանի անգամ անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմային:

Այսպես, կոնգրեսական Սմիթի` ԼՂ խնդրի հանգուցալուծման եւ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցին ի պատասխան Մ.Բրայզան ասել է, որ դա «կարող է ամիսների գործ լինել», եթե նրանք որոշեն, որ պատրաստ են գնալ դժվարին քաղաքական փոխզիջումների, որոնք պարունակում են քաղաքական ռիսկեր իրենց պետությունների ներսում: «Ինչպես բանակցային յուրաքանչյուր փուլ, այս մեկը եւս անցել է երկար ճանապարհ` սկիզբ առնելով հեշտ լուծվող հարցերից, հասնելով մինչեւ բարդ լուծվողները եւ ամենավերջում ամենադժվար մի հարցին, ահա հիմա այդ հանգրվանին ենք հասել», - հայտարարել է Մ.Բրայզան` մատնանշելով բանակցային այս ռաունդի առանձնահատկությունը: Շարունակելով` համանախագահը նկատել է. «Անհնար է կանխատեսել. ենթադրենք` ԱԳ նախարարները հանդիպեն, եթե երկու նախագահները պատրաստ են հանդիպել, ո՞վ գիտե, գուցե մեկ ամիս հետո, գուցե ավելի ուշ եւ որոշեն, որ պետք է միմյանց վստահեն, պատրաստ են քաղաքական կամք դրսեւորել եւ հասնել համաձայնության: Դա շատ շուտ կլինի` մի քանի շաբաթների, ամիսների ընթացքում նրանք կարող են աշխատել վերջին դետալների վրա: Ես հույս ունեմ, որ նրանք աշխատում են, բայց ես չգիտեմ, դա նրանց գործն է, մենք միայն կարող ենք ապահովել հաղորդակցությունը նրանց միջեւ»: Ամերիկացի դիվանագետը վերստին հավաստել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Ըստ ԱՄՆ-ի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է փոխզիջումային քաղաքական համաձայնությունների հասնեն»: Բրայզան չի համաձայնել այն տեսակետին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեությունը անարդյունավետ է, Մ.Բրայզան համոզմունք է հայտնել, որ Մինսկի խմբի աշխատանքը հսկայական արժեք է ունի, եւ ՄԽ-ն շատ օգտակար աշխատանք է իրականացնում:

Մինչ Միացյալ Նահանգները Հայաստանի նոր կառավարությանը մտորելու ժամանակ է տվել եւ հետընտրական Հայաստանում կոնկրետ պահանջների իրականացում է ակնկալում` պաշտոնական Բաքուն շարունակում է որդեգրած մարտավարությունը ԼՂ խնդրի առնչությամբ: «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում կա երեք պետություն, եւ չորրորդը այստեղ տեղ չունի», - օրերս հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմը: Անդրադառնալով ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Ստեփանակերտ կատարած այցին` Խ.Իբրահիմը ափսոսանք է հայտնել. «Հայաստանի կառավարությունը, այդ թվում եւ արտգործնախարարության նոր ղեկավարը, չի հեռացել հին կարծրատիպերից եւ կրկնում է հին սխալները»: Նա ընդգծել է, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Հայաստանի ԱԳ նախարարության ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմական ծախսերի մասին: Սակայն Ադրբեջանը ոչ ոքի չի խնդրել միջամտել իր ներքին գործերին: Հայաստանի ղեկավարությունը ավելի լավ կաներ, եթե զբաղվեր իր գործերով, իսկ ամենակարեւորը` դուրս բերեր իր օկուպացիոն զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հակառակ դեպքում կարող են սպառվել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիները», - սպառնացել է Խ.Իբրահիմը: Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը նաեւ համոզմունք է հայտնել, թե երկու երկրներում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի համեմատ ռազմական ծախսերի վերլուծության դեպքում կպարզվի, որ Հայաստանը ավելի ռազմականացված է:

Թեեւ միջնորդները խոսում են հակամարտության ռազմական լուծման անհնարինության մասին` ԼՂ խնդրի լուծման ուժային կարգավորման հնարավորության թեմայի մասին անցյալ շաբաթ դարձյալ հիշեցրեց նախագահ Իլհամ Ալիեւը: Նա հայտարարեց, որ իր երկիրը մտադիր չէ հաշտվել միջազգային հանրության անարդար վերաբերմունքի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. «Մենք զարգացման այնպիսի մակարդակի վրա ենք, որ չենք հանդուրժի այդ իրավիճակը, անարդարությունը: Ադրբեջանը չի պատրաստվում նահանջել իր սկզբունքային դիրքորոշումից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Մեզ կոչ են անում փոխզիջումների գնալ, սակայն ի՞նչ պետք է մենք անենք. հանձնե՞նք Ղարաբաղը», - հարցրել է Ի.Ալիեւը, ապա հավելել. «Հակամարտությունը կարող է կարգավորվել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պայմանի դեպքում, եւ այլ ճանապարհ չկա», ապա եւ նկատել է, որ «առաջիկայում պետք է պարզություն մտցվի բանակցությունների շարունակության հնարավորության խնդրում»: «Մենք պետք է իմանանք՝ որտե՞ղ ենք գտնվում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, արդյո՞ք հայկական կողմը կառուցողական կլինի», - նշել է Ի.Ալիեւը` հույս հայտնելով, որ եւ հայկական կողմը, եւ միջազգային միջնորդները կհասկանան, որ «օկուպացիոն քաղաքականությունն անհեռանկարային է»: «Բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունում են մեր դիրքորոշումը: Միջնորդները գիտեն, որ Հայաստանն իրեն ոչ անկեղծ է պահում, ձգձգում է բանակցությունները, սակայն փակում են իրենց աչքերը», - ասել է Ադրբեջանի նախագահը: Գալով հիմնախնդրի ուժային կարգավորման թեմային` նա ընդգծել է, որ Ադրբեջանը կմեծացնի իր ռազմական ուժերը` հայտնելով, որ 2008թ. ռազմական բյուջեն կկազմի 2 մլրդ դոլար: Ի.Ալիեւի խոսքերով` ադրբեջանական բանակը ամենաուժեղն է Հարավային Կովկասում, ինչպես իր պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, այնպես էլ տեխնիկական զինվածությամբ:

Ի դեպ, երկուշաբթի ԼՂ խնդրին է անդրադարձել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը. պաշտոնական Անկարան կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հակամարտությունը կարգավորելու համար»: Թուրքիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել հակամարտության շուտափույթ լուծմանը, որն անվանել է «կրիտիկական խոչընդոտներից մեկը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»: Ա.Բաբաջանը նաեւ նշել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: «Հայտնի է, որ մենք ունենք խնդիրներ, որոնցից մի քանիսը հարյուր տարվա վաղեմություն ունեն: Սակայն այդ խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն երկխոսության ճանապարհով: Մեր դռները բաց են երկխոսության համար», - հայտարարել է Ա.Բաբաջանը:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.