“Zhamanak” Armenian-American Political Daily

Ի՞նչ կպահանջի «հայ ժողովրդի շահն» այս անգամ

12:45 Yerevan | 8:45 GMT | Wednesday 23 April 2008

Մարինե Խառատյան

Ընտրակեղծիքներով ու բռնություններով զուգորդված նախագահի «ընտրություններից» ու մարտիմեկյան դեպքերից հետո ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով բազմաթիվ պահանջներ է դրել ՀՀ իշխանությունների առջեւ` դրանց կատարման ժամկետը սահմանելով հունիս ամիսը:

Հունիսին կքննարկվի ԵԽ-ին Հայաստանի անդամության հարցը: Ըստ այդմ` պետք է մինչեւ մայիսի վերջ փոփոխություններ կատարվեն «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին օրենքում» ու ապահովվի հանրահավաքների ազատությունը: Կկատարի՞, արդյոք, դրանք Հայաստանի իշխանությունը` դժվար է ասել, հատկապես, որ ԵԽԽՎ պահանջները շրջանցելու փորձ արդեն իսկ ունի: Հիշենք 2004 թվականը, երբ ԵԽԽՎ-ն իշխանություններին 5 ամիս ժամանակ տվեց ընտրակեղծարարներին պատժելու, հանրահավաքների ազատությունն ապահովելու, ընդդիմության հետ երկխոսություն սկսելու, ինչպես նաեւ ձերբակալվածներին ազատ արձակելու համար: Հայաստանի իշխանությունն, ըստ էության, խիստ մասնակի կատարեց պահանջները` երկխոսություն չեղավ, ընտրակեղծարարները հիմնականում չպատժվեցին, ԵԽԽՎ-ն էլ մի քիչ դժգոհեց, բայց չզրկեց Հայաստանին ԵԽ անդամակցությունից: Ի դեպ, 2004-ի եւ այս տարվա նախագահի ընտրությունների առթիվ ԵԽԽՎ բանաձեւերը բավական նման են` բացառությամբ մարտի 1-ի զոհերի մասը, որով ԵԽԽՎ-ն իշխանություններից պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել ու իրավականին զուգահեռ հասարակական ուսումնասիրություն իրականացնել:

«ԵԽԽՎ-ն պոլիտբյուրո չի, որ որոշում կայացնի ու պարտադրի» քոչարյանական թեզին այս անգամ առայժմ կարծես փոխարինելու է եկել «մտքի տիտան» Տիգրան Թորոսյանի ձեւակերպումը, որը Ստեփանակերտում գտնվելու ժամանակ ԵԽԽՎ բանաձեւի վերաբերյալ հայտարարել է. «Ես համաձայն չեմ փաստաթղթի որոշ դրույթների հետ, սակայն գտնում եմ, որ Հայաստանը, լինելով ԵԽ անդամ, պետք է քայլեր ձեռնարկի: Դա չի նշանակում, որ մենք պետք է հետեւենք յուրաքանչյուր տառի: Մենք կանենք այն, ինչ պահանջում են հայ ժողովրդի շահերը», - ասել է Տ.Թորոսյանը: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը ճանապարհներ է որոնում ԵԽԽՎ բանաձեւը, ըստ էության, չկատարելու, բայց ԵԽ-ին էլ «դիլխոր» չթողնելու համար: Թե ինչ կպահանջեն «հայ ժողովրդի շահերը» այս անգամ` դժվար է ասել:

ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը գոնե հրապարակավ նման բան չի ասում: Տիտանի պես: Երեկ պարոն Հարությունյանը ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունը պետք է ոչ միայն անի այն, ինչ կա բանաձեւում, այլեւ բաներ, որոնք երկիրը առաջ կտանեն ժողովրդավարության ճանապարհով: Ուստի եւ Հայաստանը պարտավոր է ուշադրություն դարձնել այդ հարցերին, որոնք նշված են նախորդ բանաձեւերում:

Դավիթ Հարությունյանին հիշեցրինք Տ.Թորոսյանի հայտարարությունը` փորձելով պարզել, թե չի նշանակու՞մ, որ այսպիսով ՀՀ իշխանությունը փորձում է խուսանավել ԵԽԽՎ ուղղակի պահանջների կատարումից: «Ես լրիվ կիսում եմ պարոն Թորոսյանի ասածը, որ այս բանաձեւում պետք է կատարել այն ամենը, ինչը բխում է Հայաստանի շահերից: Բայց իմ կարծիքով, այս բանաձեւում ամեն ինչն էլ բխում է Հայաստանի շահերից», - ասաց Դավիթ Հարությունյանը: Եթե բանաձեւում ամեն ինչ բխում է Հայաստանի շահերից, այդ դեպքում ի՞նչ է նշանակում Տիգրան Թորոսյանի հայտարարությունը: «Որեւէ պարտավորություն, որեւէ տող այստեղից կատարելու, չկա: Այսինքն` ոչ ոք չի կարող քեզ պարտավորեցնել կատարելու այս բանաձեւի անգամ մեկ բառ, մեկ տող: Որոշումն ինքնիշխան երկրի որոշումն է: Եվրախորհուրդը իրավունք ունի գործադրել սանկցիաներ: Սա էլ երկրորդ աքսիոման է: Երրորդ աքսիոման. իմ կարծիքով` այն ամենն, ինչ այստեղ կա, բխում է մեր շահերից», - թերեւս ի գիտություն Թորոսյանի (որովհետեւ մենք վաղուց էինք դա հասկացել) հայտարարեց Դավիթ Հարությունյանը` հավաստելով, թե բանաձեւի ընդունման առթիվ հայկական պատվիրակության առաջարկությունները ամենեւին նպատակ չեն ունեցել մեղմել այն: Նրա գնահատմամբ` վեհաժողովի ընդունած բանաձեւը կոշտ եւ հավասարակշիռ է: Լրագրողները Դավիթ Հարությունյանին հիշեցրին, որ թեեւ ԵԽԽՎ բանաձեւի համաձայն, պետք է անհապաղ ազատ արձակվեն քաղաքական հայացքների համար ձերբակալվածները, այդուամենայնիվ նրանց կալանքի ժամկետը նույնիսկ երկարացնում են: Նրանք դրանից եզրակացրել են, որ Հայաստանի իշխանությունն այդպիսով ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի բանաձեւի հանդեպ: «Կոնկրետ դեպքերի վերաբերյալ ինձ համար դժվար է հիմա խոսել: Մի բան ակնհայտ է` այս բանաձեւի իրագործման համար անհրաժեշտ է ստեղծել գործուն մեխանիզմներ, եւ կարծում եմ` շատ շուտով, ենթադրում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կոալիցիոն գործընկերները կքննարկեն, թե ինչպես են պատրաստվում գործադրել այս բանաձեւը, ինչպիսի մեխանիզմներ պետք է ստեղծեն, որ այս բանաձեւն արդյունավետորեն կատարվի», - հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Հասարակության մեջ առկա շատ հարցերի պետք է պատասխանի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության համար ստեղծվելիք այն անկախ մարմինը, որի անհրաժեշտության մասին նշված է նաեւ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւի մեջ: Հարցին, թե հավանական համարո՞ւմ է մի իրավիճակ, երբ իրադարձությունների իրավական քննությունը եւ հասարակական ուսումնասիրությունն ունենան տարբեր եզրակացություններ, եւ ադ դեպքում ինչպե՞ս է տեսնում հանգուցալուծումը, Դավիթ Հարությունյանը նման պատասխան տվեց. «Հարցերը, որոնց պատասխան է տրվում երկու տարբեր պրոցեսների ժամանակ, տարբեր են, այնպես որ` ես չեմ պատկերացնում, որ կլինեն հակասություններ: Այնուամենայնիվ, ենթադրենք, որ որոշակի հակասություններ ի հայտ եկան: Քրեական դատավարությունում նախատեսված մեխանիզմներ կան, որ եթե նոր հանգամանք է ի հայտ գալիս, ապա ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն վերսկսելու պրոցեսները, եւ այլն: Այնպես որ` ես այստեղ փակուղային իրավիճակ չեմ տեսնում ապագայում»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.