|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ի՞նչ է փոխում ժամանակը, ինչպե՞ս եւ ինչու՞12:41 Yerevan | 8:41 GMT | Wednesday 23 April 2008Գագիկ Աբգարյան Շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում զետեղված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա մի շարք ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց հնարավոր չէ չանդրադառնալ: Օրինակ` պատասխանելով ընդդիմության մասին լրագրողի հարցին, նա ասել է. «Եթե ընդդիմություն ասելով հասկանում եք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր թիմին, ապա ես նրանց ընդդիմություն չեմ համարում: Նրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են ընդամենը իշխանություն»: Ի տարբերություն, երեւի, իրենց, որ մշտապես ձգտում են ծառայելու: Տեղեկացնենք, որ իշխանություն չունեցող քաղաքական ուժը արդեն ընդդիմություն է, եւ իշխանությունն ու իրենց արբանյակ գործիչները զուր են փորձում, խոսքի մեջ հանդիմանական երանգ մտցնելով համաժողովրդական Շարժումը ներկայացնել զուտ որպես աթոռի համար մղվող պայքար: Սակայն սրանով Ս.Բաբայանը չի սահմանափակվում եւ հայտնում է հաջորդ դարակազմիկ միտքը. «Ընդդիմությունը լինում է գաղափարական, որը կոնկրետ նշում է, թե ո՞ր քաղաքականությանն է դեմ, արտաքին ի՞նչ վեկտոր պետք է ունենա պետությունը, տնտեսական ինչպիսի՞ բարեփոխումներ են պետք, եւ առաջարկում է իր լուծումները»: Մի կողմ թողնելով այն փաստը, որ գաղափարական ընհանրության մեջ էլ կարող են լինել ընդդիմադիր դիրքորոշումներ` շարունակենք հետեւել «կամանդույուշչիի» մտքերի ընթացքին, որտեղ նա հանկարծ ոչ այս-ոչ այն հայտարարում է, որ ընդդիմությունը իշխանությունների կարծիքից տարբերվող ոչ մի այլ բան չի ասում. «Այն, ինչ իրենք ձեւակերպում են արտաքին հարաբերությունների հարցում, նույնն է, ինչ այսօր իշխանությունն է իրականացնում, ներքին հարցերում ասում են օլիգարխների եւ այլնի մասին, այսօր տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանն էլ պայքարում է, ուրեմն ինչո՞վ են տարբերվում»: Հետեւելով այս խոսքերին` իրոք սկսում ես համոզվել, որ երկրագնդի գլոբալ ջերմացումը ավերիչ հետեւանքներ է թողնում: Մինչեւ հիմա Բաբայանի «ավագ» ընկերները աշխարհով մեկ հայտարարում էին, թե Լեւոնը գալիս է Ղարաբաղը տալու: Հիմա պարզվում է, որ նույն բանը հաջողությամբ իրականացնում են իշխանությունները: Պարզվում է, որ Լեւոնի` բոլոր հարեւանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ծրագրային դրույթը բոլորովին էլ նոր չէ, եւ «թորքի» հետ «քիրվայություն» նրանք վաղուց էին անում: Նույնիսկ ներքին քաղաքականության հարցում (իմա` գնահատականներում) տարբերություն չկա, այսինքն` ընդունում են, որ ավազակապետություն են կառուցել եւ արդարացումն այն է, որ Սերժն էլ է պայքարում օլիգարխների դեմ: Կարծում ենք` հեռու չէ այն օրը, երբ Սերժի պայքարից ահաբեկված օլիգարխները երկու ոտ էլ չքավորներից փոխ առնելով կփախչեն Հայաստանից: Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ եք բոլոր կռվածներդ ապահովագրված, որ հարմար պահի ձեր դեմ եւս գործեր չեն հարուցվի միայն նրա համար, որ այլ դաշտում եք, ինչպես եղավ գեներալ Մանվելի հետ, նա մի բացահայտում է արել. պարզվում է, որ մեր ժողովրդի մեջ ընդունված է «կուռք սարքել եւ հետո ներքեւ գցել: Ես կառաջարկեի, որ ոչ մեկին չմեծարեին: Պատերազմում հաղթել է ժողովորդը, որոշ մարդիկ որոշ դերակատարություն են ունեցել եւ նրանց պետք է գնահատել իրենց դերին համարժեք: Մանվել Գրիգորյանը պաշտպանել է 25 կիլոմետր տարածք: Հարց է ծագում մնացած տարածքները ովքե՞ր են պաշտպանել»: Մեր ձեռքի տակ է 2006թ.-ին` նախարարի տեղակալ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի 50-ամյակի առիթով լույս տեսած «Զորավարը» գիրքը, որտեղ կա նաեւ Ս.Բաբայանի խոսքը նրա մասին. «Ֆիզուլի, Հադրութ, Քելբաջար, Մարտակերտ. բոլոր այս ռազմական գործողություններին մասնակցել է Մանվել Գրիգորյանը, եւ նրա շնորհիվ փայլուն հաղթանակներ ենք ունեցել: Մանվել Գրիգորյանն ազգի հերոս է: Եթե Մանվել Գրիգորյանը հերոս չի, բա էլ ու՞մ ենք ասելու...»: Ի՞նչ պատահեց էս մեկուկես տարվա մեջ, որ հերոսությունը սկսվեց կիլոմետրերով չափվել: Էդ նույն կիլոմետրերն այն ժամանակ չկայի՞ն: Ի դեպ, քանի՞ կիլոմետր է սահմանված հերոսության չափանիշը` 20-27՞, 33՞, քանի՞... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |