|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ազատ աշխարհն այն օրից, երբ բանաձեւն ընդունեց...11:10 Yerevan | 7:10 GMT | Tuesday 22 April 2008Արամ Ամատունի Դժվար է ասել, թե, օրինակ, ինչի հոտ կառնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից, որն ընդունվեց երկու օր առաջ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ասենք` նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Չէ՞ որ հայ քաղաքական դաշտում նա է, որ ըստ երեւույթին փորձում է ինչ-որ հոտեր առնել ԵԽԽՎ փաստաթղթերից, ինչպես օրինակ` Ղարաբաղի հարցով Աթկինսոնի հայտնի զեկույցից: Եթե հիշում եք, Վահան Հովհաննիսյանը դրանից նավթի հոտ էր առել: Այդ իսկ պատճառով էլ հետաքրքիր է, թե ինչի հոտ կառնի, օրինակ, նույն Վահան Հովհաննիսյանը Փրեսքոթի եւ Կոլոմբիեի բանաձեւից: Թեեւ այդ բանաձեւը երեւի թե համ ու հոտ չունի Հայաստանի իշխանական որեւէ կուսակցության եւ գործչի համար: ԵԽԽվ ընդունած փաստաթուղթը իսկապես մեղմ չէ: Բայց մյուս կողմից` երեւի թե չի կարելի ասել, թե այն առանձնապես խիստ է: Օրինակ` եթե ԵԽԽՎ բանաձեւի գնահատականները համադրում ենք գրեթե զուգահեռաբար ընթացող մեկ այլ միջազգային քննարկման ժամանակ հնչած գնահատականների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ ըստ էության կոնկրետությունն ավելի շատ է հենց այդ, մյուս քննարկման ժամանակ: Խոսքը ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կազմակերպված քննարկումների մասին է, որոնք նույնպես վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ հետընտրական զարգացումներին ու մարտյան ողբերգությանը: Ինչպես հայտնի է` ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ, ու երբ համեմատում ենք եվրոպական ու ամերիկյան քննարկումները, ապա թերեւս կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի բանաձեւերը, ըստ էության, տեղավորվում են որոշակի ստանդարտի մեջ, ինչը այդքան էլ մեծ առնչություն չունի կոնկրետ իրողությունների հետ: Արդյո՞ք դա պատահականություն է կամ չեզոքության փորձ: Հազիվ թե: Բանն այն է, որ այդպիսի ընդհանրական մոտեցումներով, ըստ էության ստանդարտ ձեւակերպումներով, եվրոպական քաղաքականության մշակները, համենայնդեպս դրա ԵԽԽՎ մասի պատասխանատուները, իրենց համար թողնում են նահանջի կամուրջներ, ընդ որում` ոչ թե մեկ, այլ մի քանի: Դա միգուցե բնորոշ է ու միանգամայն բնական մի աշխարհամասի համար, որի պատմության զգալի մասը եղել է պատերազմների պատմություն, որի վրա ապրող ազգերը իրար կոտորել են, հետո հաշտվել: Այսինքն` եվրոպացիներն ունեն պատերազմի ու խաղաղության իրենց տեսլականը, երեւի թե այդ իսկ պատճառով են խուսափում որեւէ վիճելի հարցում իրերն իրենց անուններով կոչելուց, քանի որ համարում են, որ անունները պայմանականություն են եւ պատերազմն ու խաղաղությունն են միայն կոնկրետ: Միգուցե Եվրոպայի համար դա ստեղծում է հաշտ համակեցության իրապես գործուն կանոններ, սակայն երբ հոգեբանական ու մտածողության այդ մոտեցումները կիրառվում են այլ տարածքներում, ուր դրանք ըստ էության օտար են, ապա ոչ միայն չեն նպաստում իրավիճակից կոնկրետ ելքերի հայտնաբերմանը, այլ նույնիսկ որոշակի խճճվածություն են առաջ բերում, եւ ելքերն էլ, անունների նման, դարձնում են պայմանական: Դրա լավագույն վկայությունը 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերի կապակցությամբ ընդունված բանաձեւն էր, որն իր հիմնական էությամբ շատ նման էր ներկայիս բանաձեւին: Հիմա դժվար է ասել, թե արդյոք Հայաստանի իշխանությունները, եւ ինչու ոչ` նաեւ ընդդիմությունը, հավատարիմ մնացի՞ն այդ ժամանակվա բանաձեւին եւ եվրոպացիների օգնությամբ դուրս եկա՞ն փակուղուց: Իսկ ասելը դժվար է այն պատճառով, որ բանաձեւի ձեւակերպումները հնարավորություն են տալիս տարատեսակ մեկնաբանությունների` կոնկրետության բացակայության պատճառով: Այդ իրողությունն, ըստ էության, ոչ թե հանգուցալուծեց 2004 թվականի քաղաքական փակուղին, այլ ընդամենը լեգալացրեց այն` դարձնելով ներքաղաքական վիճակ: Եթե 2004 թվականին փակուղին հանգուցալուծվեր, ապա երեւի թե 2008 թվականի իրավիճակին բանը չհասներ: Հետեւաբար, երբ նույն կերպ փորձ է արվում հանգուցալուծել 2008 թվականի ճգնաժամը, ապա կասկածից վեր է, որ դրանով ընդամենը սկիզբ է դրվում նոր ճգնաժամի: Այսինքն` եվրոպական պատերազմ եւ խաղաղություն փուլայնությունը Հայաստանում է կիրառվում` պարզապես ճգնաժամ եւ կայունություն փուլայնությամբ: Ինչ խոսք, գուցե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ ԵԽԽՎ բանաձեւն, այնուամենայնիվ, ունի բավական կոնկրետ եւ հստակ ձեւակերպումներ, որոնցով Հայաստանի իշխանությանը կոչ է անում ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, երկխոսություն հաստատել արտախորհրդարանական ընդդիմության հետ, փոխել ցույցերի եւ երթերի անցկացումը սահմանափակող օրենքը: Այո: Դրանք կարծես թե կոնկրետ պահանջներ են, կոնկրետ զգուշացման հետ միասին, որ չկատարվելու դեպքում կվերանայվի Հայաստանի համապատասխանությունը չափանիշներին, որ պահանջվում են որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն: Այլ կերպ ասած` կվերանայվի Հայաստանի անդամությունը, առնվազն լիիրավ անդամությունը Եվրոպայի խորհրդին: Թվում է, թե բավական զգաստացնող զգուշացում է: Սակայն արդյո՞ք այս ժամանակահատվածում Եվրոպայի խորհուրդը որեւէ դեպքում ցույց է տվել, որ ինքն ունակ է իրագործել այն զգուշացումները, որ տրվում են որեւէ երկրի պարագայում ժողովրդավարությունից որեւէ քայլ նահանջի դեպքում: Թերեւս ոչ: Օրինակը մեզանից հեռու չէ: Ադրբեջանում տեւական ժամանակ է, ինչ թե քաղբանտարկյալներ կան, թե լրագրողներին են ազատազրկում, նույնիսկ սպանում, թերթեր ու հեռուստատեսություն են փակում: Եվրոպայի խորհուրդը կարծես թե անհաղորդ է դրան: Իհարկե, ամեն մի երկրի պարագայում կայացվում է տվյալ իրավիճակին համահունչ որոշում: Սակայն ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի հետ հնարավոր է պայմանավորվել: Հետեւաբար, Հայաստանի իշխանությունը, աչքի առաջ ունենալով առկա միջազգային փորձը ընդհանրապես եւ նաեւ սեփական` 2004 թվականի փորձը մասնավորապես, ունի ժամանակ ընտրություն կատարել, թե ո՞րն է ավելի ձեռնտու` Եվրոպայի խորհրդի հետ պայմանավորվե՞լը, թե՞ բանաձեւի մեջ առկա դրույթները ի կատար ածելը: Ընդ որում, չի բացառվում մի վիճակ, երբ այդ հասկացությունները կարող են միանգամայն տեղավորվել մեկ իրողության մեջ: Նայած, թե ինչպես կմեկնաբանվեն այդ դրույթները: Իսկ Եվրոպայի խորհուրդն էլ այդ ընթացքում երեւի թե ժամանակ ունի ընտրություն կատարել, թե ո՞րն է իրեն ավելի ձեռնտու` որ Հայաստանը կատարի՞ պարտավորությունները, թե՞ գնա ԵԽ հետ պայմանավորվածության: Իհարկե չի կարելի ասել, որ այս երկու զարգացումների պարագայում մի դեպքում արդյունքը հասարակության ու պետության համար կլինի միարժեք դրական, իսկ մյուս դեպքում` միարժեք բացասական: Սակայն խնդիրը երեւի թե դրականի ու բացասականի մեջ չէ: Խնդիրը երեւի թե այն է, որ միջազգային փաստաթղթերը դարձել են ոչ այլ ինչ, եթե ոչ առկա իրավիճակների լեգիտիմացման «բարաթներ», որոնց նպատակը կարծես թե ընդամենը իրավիճակն այդ «բարաթից» կախվածության մեջ դնելն է: Մինչդեռ եթե գործում է այդ տրամաբանությունը, ապա Եվրոպայի խորհրդին, եւ նաեւ որեւէ միջազգային կառույցի, երեւի թե չարժե այդքան թանաք օգտագործել նորանոր բանաձեւեր ընդունելու համար: Պետք չէ մոռանալ, որ 2005 թվականին, նրանց իսկ լուռ համաձայնությամբ, Հայաստանում ընդունվել է մի փաստաթուղթ, որը պետք է կարեւորագույնը լինի բոլորի համար: Այն կոչվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն: Եվրոպայի խորհրդում եւ թուղթ, եւ թանաք, եւ ժամանակ կխնայեին, եթե ընդամենը ընդունեին մեկ տողանոց փաստաթուղթ, ուր գրված կլիներ, որ «որպես ԵԽ անդամ երկիր` Հայաստանի համապատասխանությունը կվերանայվի, եթե այդ երկրում շարունակի չգործել Սահմանադրությունը»: Թե չէ բանաձե~ւ, բանաձե~ւ. մեզ առանց այդ էլ վատ չեն «կերակրում»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |