|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԱՄՆ-ը մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրելու անկախ հետաքննության կողմնակից է11:07 Yerevan | 7:07 GMT | Tuesday 22 April 2008Էմմա Գաբրիելյան Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումները, որին մասնակցել էին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը, Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը: Քննարկումներին «ԺԵ»-ն հնարավոր մանրամասնությամբ արդեն իսկ անդրադարձել է («ԺԵ», 19.04.08): «Հույս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը ներկա է գտնվել այդ լսումներին եւ «ԺԵ»-ին փոխանցեց հիմնական զեկուցողներին ուղղված հարցերի ու ծավալված քննարկումների մասին որոշ ուշագրավ տեղեկություններ եւս: Մ.Բրայզայի հիմնական զեկույցից հետո կոնգրեսականները հարցեր են ուղղել նրան, մասնավորապես` կոնգրեսական Սմիթը հետաքրքրվել է, թե ամերիկացի համանախագահը ինչպե՞ս է մեկնաբանում Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ: Մ.Բրայզան ընդգծել է պատերազմի վերսկսման անթույլատրելիությունը` նկատելով, որ այն անդառնալի կլինի բոլոր կողմերի համար: Մ.Բրայզան հույս է հայտնել, թե մոտ ապագայում կարող է առաջընթաց լինել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում. հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնել` եթե հնարավոր լինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում կազմակերպել: ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է Ս.Սարգսյանին` Մ.Բրայզան նախ նկատել է, որ դա Ջ.Բուշին պետք է հարցնել, ապա նշել է, որ Սպիտակ տանը իր գործընկերների հետ շփման արդյունքում եկել է այն համոզման, որ մինչեւ Հայաստանի ղեկավարությունը չցուցաբերի, չիրականացնի դրամատիկ փոփոխություններ, մինչեւ չապացուցի, որ պատրաստակամ է Հայաստանը դեպի ժողովրդավարություն վերադարձնելու հարցում, ԱՄՆ-ն որեւէ կերպ չի կարող դրական արձագանքել: Անդրադառնալով Հայաստանի հետընտրական բռնությունների թեմային` Մ.Բրայզան դրանք Հարավային Կովկասի երկրների համար աննախադեպ է համարել եւ կարծիք է հայտնել, թե հնարավոր չի լինի իմանալ, թե ինչպես խաղաղ ցույցը վերածվեց բռնության: Այս թեմայի առնչությամբ սենատորները, սակայն, Բրայզային հարց են ուղղել, թե արդյոք ԱՄՆ-ն կմիանա՞ անկախ հետաքննություն սկսելու միջազգային հանրությունից հնչող կոչերին, Մ.Բրայզան պատասխանել է, որ ԱՄՆ-ն նույնպես գտնում է, որ պետք է նման միջազգային հետաքննություն անցկացվի մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրելու նպատակով: Ի դեպ, Մ.Բրայզան նաեւ տեղեկացրել է, որ երբ Երեւանում այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա փաստացի գտնվել է տնային կալանքի տակ, նրա առանձնատունը ուժեղ հսկողության տակ է եղել: Ապա Է.Հասթինգսը հռետորական հարց է ուղղել Ս.Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանին` նկատելով, եթե նրան հարցնի, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ` անմտություն, խելագարություն կլինի, եթե Վիգեն Սարգսյանը պատասխանի, թե` ոչ, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Ապա Է.Հասթինգսը այսպես է հիմնավորել իր համոզմունքը. «Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալ, ես ինքս 30 անգամ ձերբակալվել եմ իմ դիրքորոշումները արտահայտելու համար եւ գիտեմ, թե որքան վտանգավոր է, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալում, ճնշում են: Մենք գտնում ենք, որ Հայաստանում նման երեւույթներ առկա են, եւ գտնում ենք, որ այս խնդիրը անպայման պետք է լուծվի», - ասել է Է.Հասթինգսը: Նա շեշտել է, որ հնարավոր չէ ԱՄՆ-ից ազատություններ բերել Հայաստան, սակայն ԱՄՆ-ն կարող է սատարել, ողջունել, եթե Հայաստանը շարունակի իր պայքարը ժողովրդավարական սկզբունքների համար, եւ դա Հայաստանի ժողովրդի խնդիրն է, իսկ այդ դեպքում. «Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական աճին եւ այլ խնդիրներին` եթե իմանանք, որ պաշտպանվում են մարդու իրավունքները, քաղաքացիական ազատությունները եւ խոսքի ազատությունը», - հավելել է Է.Հասթինգսը, ով պնդել է, որ մարտի իրադարձությունները «լուրջ վնաս» են հասցրել Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում: Սենատոր Բենջամին Քարդինը եւս ընդգծել է, որ Բուշի վարչակազմը պետք է գլխավորի միջազգային ջանքերն` ուղղված մարտի սկզբին կատարվածի անկախ հետաքննության կազմակերպմանը: Անդրադառնալով «Երթեր, ցույցեր, հավաքներ անցկացնելու մասին» օրենքին` Ս.Սարգսյանի օգնական Վ.Սարգսյանը հավաստիացրել է, թե խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում եվրոպական կառույցների հետ. «Եթե փորձագետները իրենց զեկույցում նշեն, որ այդ բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանելու համար, ապա, անկասկած, օրենքը արագորեն կվերանայվի»: Հասարակության միջեւ առկա բեւեռացումը հաղթահարելու նպատակով Վ.Սարգսյանը նշել է, թե իշխանություններն առաջարկում են «ոչ կուսակցական-քաղաքական հետաքննություն իրականացնել ստեղծված իրավիճակի շուրջ` հիմնական հետաքննությանը զուգահեռ». «Դա գուցե լինի խորհրդարանական չեզոք հանձնաժողովի ձեւաչափով: Այդուամենայնիվ, քանի որ Տեր-Պետրոսյանը ներկայացված չէ ԱԺ-ում, մենք մտածում ենք այն կազմակերպել ավելի ընդարձակ ձեւաչափով, որպեսզի նրանք եւս կարողանան մասնակցել ու նպաստել այդ հետաքննությանը: Նախագահ Սարգսյանը, այժմ էլ պատրաստ է աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակիցների հետ, բայց արդյունավետ լինելու համար դա պետք է լինի առանց նախապայմանների, շանտաժի, անձնական վիրավորանքների», - ասել է Վ.Սարգսյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հայտարարել է, որ իշխանությունները «պետք է հաշտվեն այն գաղափարի հետ, որ այդ բանակցությունների նպատակը, այսպես թե այնպես, լինելու է ներկա ավազակապետական համակարգի ապամոնտաժումը, հակառակ դեպքում այդ բանակցությունները նպատակ չեն ունենա»: Նկատենք, որ Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակ էր հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Հայաստանի հետընտրական իրավիճակի վերաբերյալ ապրիլի 17-ին անցկացված լսումների կազմակերպիչներին` «լուրջ ճգնաժամ» որակելով հայաստանյան իրավիճակը: Human Rights Watch-ը նշում է, որ մարտի իրադարձությունները Հայաստանը ոչ միայն գցեցին քաղաքական ճգնաժամի մեջ, այլեւ լուրջ վնաս են հասցրել մարդու իրավունքներին` վկայաբերելով, որ մարտի սկզբին կազմակերպության աշխատակիցները 3 շաբաթ գտնվել են Հայաստանում եւ «արձանագրել մարդու իրավունքների լուրջ ճգնաժամ»: Նրանք 80-ից ավելի զրույցներ են ունեցել բռնության ենթարկվածների, ականատեսների, պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների եւ տեղական հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովին: Մասնավորապես ընդգծվել է, որ ԱՄՆ-ն պետք է հստակ պահանջի Հայաստանի իշխանություններից հետաքննել մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, վերջ տալ կամայական ձերբակալություններին, ազատ արձակել կալանավորվածներին, որոնք մեղադրվում են չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար, հետաքննել բոլոր այն պնդումները, թե ձերբակալությունների ժամանակ բռնություն է կիրառվել: Կազմակերպությունը նաեւ շեշտել է հավաքներ անցկացնելու ազատությունը վերականգնելու, մամուլի նկատմամբ ճնշումները դադարեցնելու անհրաժեշտությունը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |