|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հատիկը մեռավ, ու` սերմը ծլեց11:01 Yerevan | 7:01 GMT | Tuesday 22 April 2008Արամ Ամատունի Ապրիլի 19-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը, որ հրավիրել էր «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունը, ըստ էության կարեւոր մի հանգրվան էր այն հասարակական-քաղաքական խորքային գործընթացների շղթայում, որ առկա է Հայաստանում: Խնդիրը միայն այն չէ, որ հանրահավաքը առաջինն էր մարտյան ողբերգությունից հետո, ավելի քան մեկուկես ամիս անց, երբ արտակարգ դրության վերացումից հետո ամեն օր հանրության ամեն մի քաղաքացի ինքն իրեն եւ հարեւաններին կարոտով, տագնապով, անհամբերությամբ, վիրավորվածությամբ, մարտի 1-ին իր նմանի ու տեսակի կորստի ցավով հարց էր տալիս, թե երբ են դուրս գալու հրապարակ` այսօր, վաղը, մյուս օրը: Խնդիրը շատ ավելի մեծ է ու խորը, ինչը ակնհայտ դարձավ ապրիլի 19-ին, հանրահավաքի օրը, երբ զբոսայգու փոքրիկ հրապարակը լցվեց մեծ էներգիայով: Երեւի թե խորհրդանշական էր, որ արտակարգ դրությունից հետո համաժողովրդական Շարժման առաջին հանրահավաքը տեղի ունեցավ մանկական զբոսայգում: Մանկությունը սկզբի խորհրդանիշն է, իսկ համաժողովրդական Շարժումը գտնվում է հենց սկզբի փուլում: Սա ըստ էության մի նոր շարժում է, նոր որակ, նոր ուժ ստացած շարժում, որը մի քիչ այլ է, քան այն, որ մինչեւ մարտի 1-ն էր: Այդ շարժումները միմյանց շարունակությունն են, սակայն նաեւ տրամագծորեն տարբերվում են իրարից մի բավական էական իմաստով: Մինչեւ մարտի 1-ի համաժողովրդական Շարժումը, որ գլխավորեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեծ հաշվով 1988-ի շունչն իր վրա կրող ու ջերմությունն իր մեջ պահած շարժում էր, որը միգուցե ինչ-որ առումով, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, իր տրամաբանական ավարտին հասավ մարտի 1-ին` բախվելով այն բիրտ ուժին, որն ըստ էության խորհրդային ամբողջատիրական ավանդույթներին ու դաստիարակության, ամբողջատիրական մտածողության շնչի ու սառնության կրողն է: Այսինքն` մարտի 1-ը, հաստատապես, 1988 թվականի համազգային շարժման եւ ամբողջատիրական համակարգի կիսատ մնացած պայքարի գագաթնակետն էր, վճռական «մարտը»: Շարժումը հենց դրա համար էլ վերածնվեց, որովհետեւ վերածնվել էր այն համակարգը, որի դեմ էլ պայքարում էր համաժողովրդական Շարժումը 1988 թվականին: Մանկական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը արդեն 2008-ի շարժումն է, այդ շարժման սկիզբը: Դա արդեն շարժումն է այն երիտասարդների, որոնք մինչեւ մարտի 1-ը գալիս էին հրապարակ, բայց ավելի շատ սովորելու, ինչի կոչն անում էր նրանց առաջին նախագահը: Հիմա նրանք արդեն գալիս են հրապարակ` որպես «մասնագետներ», համաժողովրդական պայքարի մասնագետներ: Այսինքն` եթե մինչեւ մարտի 1-ը քաղաքացիական պայքարը կրում էր անցյալի շունչը, ապա ապրիլի 19-ից հետո սկիզբ է առնում մի շարժում, որն արդեն ապագայի շունչն է իր մեջ պարունակում, որտեղ արդեն պատանիներն ու երիտասարդները ոչ թե ուղեկցող են, այլ տանող: Սա երեւի թե ապրիլի 19-ի հանրահավաքի այն հանգուցային նշանակությունն է, որ ակնհայտ դարձավ այդ օրը` հրապարակ եկած բազմաթիվ երիտասարդների տեսքով, որոնք ակնհայտորեն իրենք էին արդեն տրամադրություն հաղորդողը: Այլ կերպ ասած` շարունակելով թվացյալ, առաջին հայացքից տարօրինակությունները, որոնք երեւի թե մի նյութի համար արդեն անցնում են թույլատրելիի սահմանը, այնուամենայնիվ ասեմ, որ տեղի ունեցավ էստաֆետի փոխանցումը, ինչը կարեւորագույն խնդիր է ոչ միայն մարզական վազքում, այլ նաեւ քաղաքացիական պայքարում, եւ մարտի 1-ն արագացրեց այդ գործընթացը: Սակայն դա իհարկե ոգեւորության պատճառ չէ, քանի որ հիմա շարժումը, որ ըստ էության գտնվում է նոր սկզբի փուլում, բավական խոցելի է հիասթափությունների, հուսահատությունների ու հուսախաբությունների համար, քանի որ առկա իրողությունները այդքան էլ համահունչ չեն հասարակության մաքսիմալիստական ակնկալիքներին: Հասարակությունը գնահատում է պահը, բայց չի նկատում պրոցեսը, եւ դա իհարկե օբյեկտիվ իրողություն է ցանկացած հասարակության համար: Այսինքն` այժմ կա պահի ու ժամանակի լրջագույն խնդիր. պրոցեսի մեջ պահը ոչինչ է, պահի մեջ չի նկատվում պրոցեսը: Սա ցանկացած սկզբին բնորոշ մի վիճակ է, որը պահանջում է բավական հմուտ եւ նրբանկատ կառավարում, ավելի շատ աշխատանք քաղաքացիների հետ: Այդ տեսանկյունից Շարժման երիտասարդացումը, բովանդակային եւ էներգետիկ իմաստով, բավական կարեւոր է, քանի որ սպասվում է ծանր ու տեւական աշխատանք, որը կրել կարող է միայն երիտասարդական խանդավառությունը: Այն, որ չի ընկրկում բերման ենթարկվելուց, այլ միայն ոգեւորվում է, այն, որ չի դադարում վանկարկելուց, այլ միայն լիցքավորվում է, այն, որ չի խուսափում հոգնեցնելուց, այլ միայն վարակում, այն, որ պահը զգում է, իսկ ապագան` տեսնում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |