|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սոցիալական ընդվզումը բացառված չէ15:45 Yerevan | 11:45 GMT | Saturday 19 April 2008Մարինե Խառատյան ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` տնտեսական տարվա թիվ մեկ բնութագիրը լինելու է բավական բարձր սղաճը, իսկ սղաճի համար վճարելու է հասարակությունը, նախեւառաջ` ամենաչունեւոր մասը: -Պարոն Ասատրյան, ինչպե՞ս եք գնահատում տնտեսության ներկա վիճակը: Կարելի՞ է ասել` ընտրական պրոցեսները, հետընտրական զարգացումները, մարտի 1-ի դեպքերը հանգեցրին տնտեսական ճգնաժամի դրսեւորումների: - Տնտեսական ճգնաժամերը հատուկ են լուրջ տնտեսություններին: Կներեք, սակայն մեր տնտեսությունը դեռ շատ հեռու է լուրջ կոչվելուց: Այլ բան է, որ տարեսկզբից տնտեսության մեջ որոշակի բացասական միտումներ են նկատվում, եւ այսօր էլ դրանք դեռ հաղթահարված չեն: Իհարկե եթե դատենք մակրոտնտեսական ցուցանիշներով, այս տարի եւս Հայաստանի տնտեսության գործունեության նախորդ տարիների ընդհանուր բնութագրերը հիմնականում մնում են անփոփոխ` բարձր տնտեսական աճ ի հաշիվ շինարարության, իսկ տնտեսության այլ ոլորտներում չնչին աճ` եթե ոչ անկում, ներկրման առաջանցիկ աճ արտահանման նկատմամբ եւ այլն: Թե ինչպիսի՞ն են այդ աճի որակական բնութագրերը, ովքե՞ր են օգտվում այդ աճի արդյունքներից` սա առանձին քննարկան թեմա է: Սակայն նախորդ տարիների համեմատ առկա է մի էական տարբերություն` այս տարին աչքի է ընկնում սղաճի բավական բարձր մակարդակով, որը թերեւս 95-ից ի վեր ամենաբարձրն է: Ի դեպ, դա արձանագրել է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում` տարեսկզբից մենք գործ ունենք նաեւ դրամի արժեզրկման երեւույթի հետ, ինչը դրամ/դոլար հարաբերակցության կայունության պայմաններում նկատելի է դրամ/եվրո փոխարժեքը դիտարկելիս: Իսկ դժգոհությունները, այն բողոքները, որ առկա են բնակչության լայն շրջանակների մոտ` կապված առանձին ապրանքատեսակների թանկացման հետ, լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Մենք գործ ունենք հացի, ձեթի, պարենային զամբյուղի առանցքային տարրերի իրական եւ էական թանկացման հետ հետընտրական շրջանում, որն իհարկե շատ ծանր է անդրադառնում բնակչության բավական մեծ սոցիալական խմբերի վիճակի վրա: - Տեղեկություններ կան, որ ընտրություններից հետո պետեկամուտների հավաքագրման մասով այնպիսի իրավիճակ է, որ Ս.Սարգսյանն այսօր իր շրջապատի օլիգարխներին է ստիպում գումարներ մուծել բյուջե, իսկ վերջիններս էլ արդեն այստեղ-այնտեղ հայտարարում են, որ թանկացնելու են իրենց տնօրինած ոլորտների ծառայություններն ու ապրանքները, քանի որ չափից ավելի գումար են ծախսել ընտրություններում: - Ես դժվարանում եմ գնահատել, թե արդյո՞ք Ս.Սարգսյանը նման քայլեր է ձեռնարկել, թե՞ իշխանամետ օլիգարխները փորձում են ետ բերել իրենց կողմից կատարված նախընտրական ծախսերը. այդ խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, որոնք այսօր Ազատության հրապարակում «կարգ ու կանոն» են փորձում հաստատել: Ընտրակաշառք բաժանելու երեւույթը բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ: Այս էլ որերորդ ընտրություններն է, երբ, այո, մասսայաբար, իշխանության հովանավորությամբ ընտրակաշառքներ են բաժանվում, բոլորս տեսնում ենք, թե ինչպես է դա կատարվում, իսկ ամենակարեւորը` ազգաբնակչությունն է տեսնում, ինչը անհնար է չարձանագրել: Տեսնում է` ընտրակաշառքները ինչպես են բաժանվում եւ տեսնում է, թե ընտրություններից անմիջապես հետո գների ինչ թռիչք է կատարվում: Իհարկե կա համաշխարհային շուկայի որոշակի ազդեցությունը, բայց եկեք մեր քաղաքացիներին համոզենք, որ սա ոչ թե ընտրակաշառքի եւ ընտրությունների հետեւանքով կորցրածը վերականգնելու օլիգարխների ձգտում է, այլ միջազգային գների թանկացման հետեւանք: Կարծում եմ` խնդիրն անլուծելի է, ոչ ոք չի հավատա: Հասարակության մեջ խոր անվստահություն կա իշխանությունների, պաշտոնեության նկատմամբ: Սա, իհարկե, իր քաղաքական նախադրյալներն ու նախապատմությունն ունի: Սակայն վերջին ընտրությունները, մարտի 1-ի սպանդը այդ անվստահությունն ավելի խորացրեցին: - Նորանշանակ վարչապետը նաեւ «անկեղծացավ» եւ հայտարարեց, որ գազի գինն է բարձրանում, սուբսիդիաները սպառվել են դեռ հունվարից, թեեւ այդ մասին ընտրությունների շեմին, փաստորեն, գերադասել են չխոսել: Գազի գնի բարձրացումը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա եւ ի՞նչ չափով կհարվածի սպառողի գրպանին: - Շատ ցանկալի կլինի, որ պաշտոնյաները անկեղծանալուց մի լավ, բարի լուր ասեն: Իհարկե գազի գների թանկացումը շատ ծանր երեւույթ է, որն անդրադառնալու է բոլորիս վրա եւ հետեւանքներ է առաջացնելու ի դեմս տարբեր ապրանքատեսակների գնի բարձրացման: Էդպիսին է մեր տնտեսական համակարգը: Տարեսկզբից ֆոնը անբարենպաստ էր, առանց այդ էլ տարվա տնտեսական զարգացումը ընթանում էր բարձր սղաճային հենքի վրա: Այս իրավիճակում գազի գինը միանգամից բարձրանալու է ավելի քան 42 տոկոսով, ինչին հաջորդելու են գազի գնի բարձրացումով պայմանավորված բազմաթիվ այլ ապրանքատեսակների` գյուղմթերքներից մինչ շինանյութ եւ այլնի գնի թանկացում: Իսկ վաղը-մյուս օրը դուք կտեսնեք թանկացած ապրանքներ, որոնք ուղղակի կապ չունեն գազի գնի հետ: Տեսանելի է, որ այս տնտեսական տարվա թիվ մեկ բնութագիրը լինելու է բավական բարձր սղաճը: Իսկ սղաճի համար ամբողջ հասարակությունն է վճարում, նախեւառաջ` ամենաչունեւոր հատվածը: Այլ է, երբ բուն խնդրին ես անդրադառնում: Գազի գնի սուբսիդավորումը մեր երկրի տնտեսական պատմության ամենաառեղծվածային վճիռներից է: Փորձենք մի գնահատական տալ` ի՞նչ արժեր գազը նախկինում եւ ի՞նչ արժի այսօր: 2002թ. մենք` Հայաստանի քաղաքացիներս, գազի համար վճարում էինք շուրջ 101 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2005թ.` 131 դոլարին համարժեք դրամ, իսկ 2008թ.` արդեն 190 դոլարին համարժեք դրամ: Այսինքն` գազ ներկրողի համար ձեւավորվել էր հսկայական ռեզերվ, շուրջ 90% մատակարարվող գազի գնի բարձրացման հետեւանքի չեզոքացման հնարավորություն: Թող այժմ համապատասխան մարմինները մեզ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս եւ Ազատության հրապարակում «կարգ ու կանոն» հաստատող ոստիկաններին բացատրեն, թե ի՞նչ սուբսիդիաներ են տրվել եւ ու՞մ, ովքե՞ր են շահել այդ սուբսիդավորումից եւ ի՞նչ չափով: - Այս պարագայում ի՞նչ դրսեւորումներ են հնարավոր: Հնարավո՞ր է այս իրավիճակը վերածվի ժողովրդական ընդվզման` արդեն սոցիալական հենքի վրա: - Եթե մեկ տարի առաջ հարցը ինձ տայիք, ես միանշանակ կպատասխանեի` ոչ, որովհետեւ հայ հասարակությունը, հայ մարդը առավելապես զուսպ դրսեւորումներով է բնութագրվում: Սակայն այսօր նաեւ որոշակի քաղաքական պատճառներ կան, որ այդ ընդվզումը լինի: Մեզանում տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ, որտեղ իշխանությունները գործադրեցին ոչ օրինական բոլոր միջոցները, իրենց թեկնածուին անցկացնելու համար: Իսկ այսօր քաղաքական հետապնդման են ենթարկվում այն անձինք, ովքեր փորձել են ընդդիմանալ դրան: Պատահաբար մի անկյունից գտնված փամփուշտի համար մարդիկ են ձերբակալվում եւ դատապարտվում ավելի երկար ժամկետների, քան ՏԵՑ-ի կռուգի ու Գյումրիի կենտրոնում փոխհրաձգության մասնակիցները: Ընդվզումը ձեւավորվեց այդ պատճառով: Այդ պատճառով էր, որ Ազատության հրապակում 100 հազարավոր մարդիկ էին հավաքվում: Ջարդով ու բռնի անօրինական մեթոդներով իշխանությունները փորձեցին խեղդել քաղաքական պոռթկումը: Մարդկանց 90 տոկոսն այնտեղ օրինականության, արդարության համար էին պայքարում: Այսինքն` մեր հասարակության զգալի հատվածի մեջ խիստ անբավարարվածության զգացում է առկա: Այժմ գումարվում են սոցիալական խնդիրները: Կարծում եմ, սրա հետեւանքները լինելու են լուրջ եւ չեմ էլ պատկերացնում, թե իշխանությունները ինչ պետք է ձեռնարկեն: Քաղաքական համակարգը, որը կառուցված է կեղծիքի, անօրինականության ու բռնությունների վրա, կարճ ժամանակահատվածում անհնար է փոխել: Այնպես որ` իշխանությունները բավականին ծանր կացության մեջ են հայտնվել: - Իսկ Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում: - Թիվ մեկ ելքը բոլոր ժամանակների բոլոր իշխանավորների համար հետեւյալն է. նախեւառաջ պետք է լինել ազնիվ, երբեք կեղծ վճիռներով իրականությունը չես փոխի: Գազի սուբսիդիան ձեւականություն էր, քաղաքական նպատակներով հերթական կեղծիքն էր ժողովրդի նկատմամբ` եթե ոչ ընտրակաշառքի իմիտացիա: Դրանից շահեցին անհատները` հիմանակում գազի բիզնեսով զբաղվողները, արդյունաբերության մեջ գազի խոշոր սպառողները, ցեմենտ արտադրողները: Ընդհանրապես սուբսիդավորում երեւույթն է արատավոր, դատեցեք դա գազի մատակարարումից զուրկ քաղաքացիների տեսանկյունից: Բայց եւ գազի մատակարարումց օգտվող ոչ մի քաղաքացի էապես չի շահել: Անցած տասը տարիների ընթացքում իշխանությունը իրեն հետեւողականորեն մեկուսացնում էր հասարակությունից: Իշխանությունը գնաց մի համակարգի ձեւավորմանը, որը բացառում էր որեւէ խնդրի քննարկում, բանավեճ, հաստատուն դարձավ թեզը, որ կա իշխանավոր, որը ճիշտ է, եւ հասարակություն, որը հիմնականում սխալվում է: Այս պարագայում ամենավտանգավորը, որ մեզանում տեղի ունեցավ` օրինականության կորուստն էր, դրա փոխարինումը նպատակահարմարությամբ: Մի առիթով նշել եմ եւ պետք է կրկնեմ` մենք այսօր ունենք իրական Հայաստան, որտեղ մենք` սովորական մարդիկ, քաղաքացիներս ենք ապրում` մեր հոգսերով ու մտորումներով եւ ունենք վիրտուալ Հայաստան, որտեղ ապրում, գոյատեւում են պաշտոնյաները, գովերգում առկա հաջողությունները, կարմիր ժապավեններ կտրում ու շքանշաններ բաժանում: Եվ յուրաքանչյուրս պետք է ընտրենք մեր ապրելիք Հայաստանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |