“Zhamanak” Armenian-American Political Daily

Ավազակապետական բարքեր

15:41 Yerevan | 11:41 GMT | Saturday 19 April 2008

Հաղորդագրություն Արդեն երկար ժամանակ է, որ ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում մաքսամաքրել եւ ներմուծել երկիր:

Ապրանքը դեռեւս գտնվում է մաքսային տերմինալում, որի պատճառով ընկերությունը կրում է խոշոր վնասներ` շուկայում իր դիրքերը զիջելով եւ անկայուն վիճակ ստեղծելով, ինչպես նաեւ տրանսպորտային ընկերությանը պարապուրդի տուգանքներ վճարելով ու հարվածելով սպառողների շահերին:

Ս/թ փետրվարի 26-ից սկսած ընկերությունը դիմել է ՀՀ մաքսային պետական կոմիտեին ակցիզային դրոշմանիշեր ստանալու համար, որպեսզի կազմակերպվի ծխախոտի հետագա արտադրությունը, սակայն ընկերությանը պատասխանել են, որ այս երկու խնդրի կապակցությամբ «վերեւից» հրահանգավորված է չմաքսազերծել ապրանքը եւ չտրամադրել ակցիզային դրոշմանիշեր:

Մաքսայինի չինովնիկների պաշտոնական «մերժումը» մեծ զարմանք առաջացրեց ընկերության ներկայացուցիչների մոտ: Մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ ՄԾ գնդապետ Կ.Մաթեւոսյանն ըստ էության հայտնել է, որ Ընկերության կողմից ներմուծվող սիգարետների տուփերի վրա կատարված նշագրումները հակասում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի պահանջներին, ինչի կապակցությամբ կոմիտեն իբր դիմել է շահագրգիռ գերատեսչություններին եզրակացություններ ստանալու համար: Խնդիրն այն է, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը գովազդի կանոնների խախտման պատրվակով ներմուծման սահմանափակումներ չի նախատեսում, իսկ ՀՀ կառավարության 01.10.2001թ. թիվ 917 որոշման համաձայն` գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահվել են` Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետներին:

Ինչպես տեսնում ենք` մաքսային կոմիտեն ընդհանրապես իրավասություն չունի գովազդի կանոնների պահպանման մասով վերահսկողություն իրականացնել:

Բացի այդ, ընկերության կողմից ներմուծվող «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակների վերաբերյալ առկա է Ստանդարտների ազգային ինստիտուտի դրական եզրակացությունը:

Այսպիսով, մաքսային մարմինների անօրեն գործողությունների հետեւանքով վնասվում է մի ձեռնարկություն, որի վճարած հարկերը կազմում են 7.6 մլրդ դրամ, եւ որը ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Հեռուստատեսությամբ ՀՀ նորընտիր նախագահը երեկ հանձնարարեց մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներին հավասար դաշտ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար, սակայն տվյալ դեպքում նրա հանձնարարականը չի կատարվում: Իսկ դա նշանակում է, որ մաքսայինի աշխատակիցները կամ չեն կատարում նախագահի հանձնարարականը, կամ էլ ունեն ուրիշ հրահանգ` խոչընդոտելու «Պարես-Արմենիա» ՍՊԸ-ի աշխատանքները, որի 50 տոկոսի սեփականատերերն են Սուքիասյան եղբայրները:

Իսկ ու՞ր են շուկայական հարաբերությունների սկզբունքները, ու՞ր է այն բարեփոխումների շարքը, որով պետք է հանրությունը առաջնորդվի, եւ որոնց մասին ամեն օր լսում ենք հեռուսատեսությամբ: Ո՞վ պետք է պատժի երկրին վնաս հասցնող այն չինովնիկներին, որոնք խոչընդոտելով «Պարես-Արմենիայի» աշխատանքը` հարված են հասցնում ՀՀ բյուջեին, կազմաքանդում են մի կայացած կառույց, որը ՀՀ-ում ունի ամենալուրջ դիստրիբուցիոն համակարգը: Վերջապես, ո՞վ պետք է արմատախիլ անի նման մերժելի երեւույթները:

«Պարես-Արմենիա» ընկերությունը պաշտպանելու է իր բոլոր օրինական իրավունքները ու շահերը տեղական եւ միջազգային ատյաններում` պայքարելով հանուն շուկայական առողջ տնտեսության եւ հավասար դաշտի ստեղծման:

Լավատեսական ակնկալիքով հրավիրում ենք ՀՀ նորանշանակ վարչապետի ուշադրությունը այս աղաղակող փաստերի վրա եւ խնդրում նրա գործուն միջամտությունը ընկերությանը տրամադրելու ակցիզային դրոշմանիշերը եւ բաց թողնելու ներկրած ապրանքի խմբաքանակը:

Տնօրեն Հ.Դեմիրչյան

Հ.Գ. Երկու օրից հետո նորից խուճապ կստեղծվի շուկայում` կախված ապրանքի դեֆիցիտի եւ դրանից բխող գների աճի հետ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.