|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ բանաձեւը14:01 Yerevan | 10:01 GMT | Friday 18 April 2008Էմմա Գաբրիելյան Երեկ` ձայների 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ հարաբերակցությամբ ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ընդունվեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների իրավիճակի վերաբերյալ բանաձեւը, որը նաեւ նախատեսում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկության իրավունքի դադարեցման հնարավորությունը: Ինչպես հայտնի է, այս զեկույցում ընդգծված է, որ եթե Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ լուրջ երկխոսություն չսկսվի բարեփոխումների շուրջ, ապա Հայաստանի, որպես ԵԽ անդամի վստահելիությունը կդրվի կասկածի տակ եւ ԽՎ-ն կքննարկի վեհաժողովում հայաստանյան պատվիրակության քվեարկության իրավունքի դադարեցման հարցը` հունիսյան նստաշրջանում: Զեկույցի ուշագրավ պահանջներից է` մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետաքննություն իրականացնելը, «Ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունը, քաղաքական դրդապատճառներով եւ արհեստական կերպով ներկայացված հոդվածներով ձերբակալվածների ազատ արձակումը: Զեկույցը ներկայացնելիս` դրա համահեղինակ Ջոն Փրեսքոթը նշել է, որ Հայաստանը երբեք չի կատարել այն պարտավորությունները, որոնք ամրագրված են եղել ԵԽԽՎ բանաձեւերում: Նա ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի արդյունքում 10 մարդ է զոհվել, 100-ից ավելի մարդ է ձերբակալվել, Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի գտնվում էր տնային կալանքի տակ, հետո երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, սահմանափակվել է խոսքի ազատությունը, թեեւ խոստովանել է, որ. «Ցանկացած արտակարգ դրություն մարդու իրավունքների ոտնահարում է»: Նրա հավաստմամբ` պետք է պարզել, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին Երեւանում, անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն, ճշգրիտ գնահատականներ տալ, ազատ արձակել նրանց, ովքեր բռնարարքներ չեն գործել: Նա զգուշացրել է, որ եթե Հայաստանի կողմից դրական ռեակցիա չլինի, ապա հունիսին ստիպված կլինեն անդրադառնալ Հայաստանի պատվիրակության` ձայնի իրավունքից զրկելու հարցին: Զեկույցի համահեղինակ Ջորջ Կոլոմբիեն եւս շեշտել է, որ պետք է անցկացվի անկախ, թափանցիկ հետաքննություն, մարդիկ, ովքեր արհեստական հիմնավորումներով ձերբակալվել են, պետք է ազատ արձակվեն, Հանրահավաքների մասին օրենքը պետք է փոփոխվի: Ըստ նրա` մինչեւ դրանք չարվեն, չլինի երկխոսություն քաղաքական ուժերի միջեւ, Հայաստանի նկատմամբ վստահությունը ԵԽ-ում կասկածի տակ է: Այսպիսով, մոտ 30 էջանոց զեկույցը անդրադառնում է Հայաստանի ընտրական գործընթացներին, քաղաքական համակարգին, ԶԼՄ-ների բազմակարծությանը, խոսքի ազատությանը, հայտարարված 20-օրյա արտակարգ դրությանը եւ զանգվածային ձերբակալություններին, «Հանրահավաքների, երթերի, ցույցերի մասին» օրենքում արված փոփոխություններին: Զեկույցի նախաբանում ասվում է, որ գուցեեւ փետրվարի 19-ի ընտրություններին հետեւած մարտի 1-ի դեպքերը անսպասելի էին, սակայն Մոնիտորինգի կոմիտեն կարծում է, որ այդ ճգնաժամի պատճառները խորապես կապված են երկրի առանցքային կառույցների ոչ նորմալ գործունեության հետ, ներառյալ խորհրդարանի եւ դատարանների, որոնք չկարողացան գործել ժողովրդավարական չափանիշներին եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համաձայն: Զեկույցի հեղինակները առաջարկում են անցկացնել անկախ հետաքննություն` անհապաղ իրականացնել անկախ, թափանացիկ եւ վստահելի հետաքննություն մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի առիթով, ինչպես նաեւ այն պատճառների, որոնք հանգեցրին այդ ամենին` ներառյալ ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ ուժի կիրառումը: Զեկույցում ամրագրված է, որ մարդիկ, ովքեր ձերբակալվել են վերջին իրադարձությունների հետ կապված, եւ որոնց ենթադրաբար ներկայացված են մեղադրանքներ կեղծ ու քաղաքական դրդապատճառներով, պետք է ազատ արձակվեն: Զեկույցի հեղինակները պահանջում են վերանայել «Երթերի, ցույցերի եւ հավաքների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները: Ըստ հեղինակների` քանի դեռ այս պահանջները կատարված չեն եւ չի սկսվել երկխոսություն քաղաքական ուժերի միջեւ, ապա կասկածի տակ կդրվի Հայաստանի` ԵԽ անդամ լինելը: Կոմիտեի կարծիքով, այդ դեպքում ԵԽԽՎ-ն ամառային նստաշրջանում արդեն պիտի քննարկի Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը: Զեկույցում մասնավորապես նշված է` «Չնայած 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունները հիմնականում «համարվել են ԵԽԽՎ չափանիշներին համապատասխան», ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովը, որը դիտարկել է հայաստանյան ընտրությունները, գրանցել է բռնության մի շարք դեպքեր եւ բացթողումներ, որոնցից ամենակարեւորն են. բոլոր թեկնածուների համար նախընտրական արշավի անհավասար պայմանները, ընտրությունների թափանցիկության բացակայությունը: Հանձնաժողովը նկատել է նաեւ մի շարք ընտրակեղծիքների դեպքեր: ԵԽԽՎ-ն մտահոգված է, որ դիտարկված բացթողումները եւ բռնության դեպքերը ոչնչով չեն նպաստել վերականգնելու առկա հասարակական անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Բացի այդ, ընդգծված է, որ Հայաստանի հասարակությունը կասկածի տակ է առնում ընտրությունների արդյունքի լեգիտիմությունը, եւ որ հենց հասարակական վստահության բացակայությունն էլ հանգեցրել է խաղաղ ցույցերի, որոնք սկսեցին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո: ԵԽԽՎ-ն ցավում է ոստիկանների եւ ցուցարարների բախումների եւ բռնության ուժգնացման համար մարտի 1-ին, դրա արդյունքում զոհերի եւ հարյուրավոր վիրավորների փաստերի առնչությամբ` նշելով, որ մարտիմեկյան ողբերգական դեպքերի ստույգ պատճառները, ինչպես նաեւ իշխանությունների` դրան լուծում տալու ջանքերը, ներառյալ Երեւանում հայտարարված արտակարգ իրավիճակը մարտի 1-20-ը, ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրումը խիստ տարակարծություն առաջացնող հարցեր են, որոնք պահանջում են անկախ հետաքննություն: ԵԽԽՎ-ն իր զեկույցում դատապարտում է բազմաթիվ անձանց շարունակվող ձերբակալությունները` ընդդիմության 100-ից ավելի աջակիցների եւ երեք խորհրդարանականների, քանի որ ձերբակալությունները հիմք են տալիս մտածել, որ այդ ամենը կատարվել է քաղաքական դրդապատճառներով: Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները դե ֆակտո խստագույն միջոցներ են կիրառում ընդդիմության դեմ: Առաջնորդվելով «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով` ներկայիս քաղաքական համակարգը արգելել է Հայաստանի ընդդիմությանը որեւէ մասնակցություն ունենալ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացներին եւ երկրի կառավարմանը: Թերի ընտրական գործընթացների արդյունքում երկրի քաղաքական սպեկտորի մի մասը ներկայացված չէ ԱԺ-ում: Հասարակության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ պայմանավորված է նաեւ նրանով, որ ընտրական ղեկավարությունը անաչառ չէ, եւ բազմաթիվ բողոքներ կապված ընտրությունների թափանցիկության, քվեաթերթիկների հաշվարկի հետ մնացել են անպատասխան: Իշխանությունների վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ, ինչպես նաեւ անկախ եւ բազմակարծիք հանրային հեռուստաընկերության բացակայությունը էլ ավելի է խորացնում հասարակության անվստահությունը քաղաքական համակարգի հանդեպ: Արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր առաջ` մարտի 17-ին ՀՀ կառավարության առաջարկով ԱԺ-ն հրավիրեց արտահերթ նիստ, որտեղ առանց առարկությունների ընդունեց մի շարք փոփոխություններ «Ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքում, որով զգալիորեն սահմանափակվում է հասարակության` հանրահավաքների իրավունքը, ինչպես նաեւ արգելվում են քաղաքական ցույցերը: Զեկույցում ամրագրվում է, որ այս փոփոխությունները հակասում են եվրոպական չափանիշներին, որոնց մասին նշվում է մարդկանց իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, եւ կասկածի տակ են առնում Հայաստանի պարտավորությունները որպես ԵԽ անդամ երկիր: Վենետիկյան հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում փոփոխություններն անընդունելի են համարել: Պետք է երաշխավորել ՀՌԱՀ-ի եւ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը: Բացի այդ, նշված կառույցների անդամները պետք է իրականում ներկայացնեն հայ ժողովրդի շահերը: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ-ի փորձագետների խորհուրդները եւ առաջարկները պետք է հաշվի առնվեն ՀՀ իշխանությունների կողմից: ԵԽԽՎ-ն դարձյալ շեշտում է, որ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունը ամեն օր: Հարկային մարմինների կողմից` ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր մամուլի ստուգումները պետք է դադարեցվեն: Անհիմն ձերբակալությունները, ինչպես նաեւ բացասական վերաբերմունքը ձերբակալվածների հանդեպ, հատկապես ոստիկանության բաժիններում, պետք է դադարեցվեն: Եվ օրենքում, եւ գործնականում պետք է մտցվեն երաշխիքներ, որոնցով հասարակությունը կարող է վերահսկել ոստիկանությանը: ՀՌԱՀ-ի կազմը, ինչպես նաեւ նրա քաղաքականապես կախյալ լինելը խոչընդոտում են բազմակարծությանը: Հետընտրական շրջանում ԶԼՄ-ները լուսաբանում են իշխանավորների կարծիքները` միաժամանակ անտեսելով ժողովրդի մտահոգությունները նախագահական ընտրությունների անցկացման առնչությամբ: Հատկապես մտահոգիչ են հարկային մարմինների ստուգումները ընդդիմադիր ԶԼՄ-ներում` ընդգծված է զեկույցում, եւ որպես օրինակ բերվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հետ կապված իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այն բանից հետո, երբ հ/ը-ն աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին 2007թ. սեպտեմբերին: Բացի այդ, զեկույցում նշվել է, որ հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել 4 ընդդիմադիր օրաթերթերում` «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ»: ՑՈՒՅՑ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ Եվրոպայի խորհրդի շենքի մոտ երեկ մի խումբ հայեր ծածանում էին եռագույնը: Փարիզից տասնյակից ավել մարդիկ գնացքով եկել էին Ստրասբուրգ` բողոքելու Հայաստանի իշխանությունների քայլերից եւ պահանջելու ԵԽ-ից ազդելու նրանց վրա: Նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ էին: Ի դեպ, նրանք չցանկացան ներկայանալ` ասելով, թե իրենց ընտանիքները Հայաստանում են եւ նրանց կարող են ճնշել: Ցուցարարները վստահեցնում էին, որ իրենք Հայաստանում մասնակցել էին ընտրություններին եւ ականատես են եղել բազմաթիվ խախտումների: Ցույցը կազմակերպել էր Հայաստանի ժողովրդավարության աջակցման կոմիտեն, որը վերջերս է ստեղծվել Փարիզում: Կոմիտեն պատրաստել էր նամակ, որը հանձնվեց ԵԽԽՎ պատգամավորներին: Ինչպես տեղեկացրեց ցուցարարներից Մանվելը` իրենք պահանջում են «երկխոսություն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ, քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի դեպքերի հետաքննություն անաչառ մարմինների կողմից, ցույցերի անցկացման հնարավորություն»: Այս պահանջները ներառված են նաեւ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին այսօր ընդունված բանաձեւում: «Մենք ուզում ենք Հայաստանը լինի նորմալ երկիր, որտեղ գործում են նորմալ կառավարման մեխանիզմներ, դեմոկրատական ընտրություններով ձեւավորվող իշխանություններ, ինչը այժմ չկա», - ասացին ցուցարարները: Ի դեպ, ցույցը արտոնված էր, եւ կարգը պահպանվում էր ոստիկանների կողմից, որոնք կանգնած էին փողոցի մյուս կողմում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |