“Zhamanak” Armenian-American Political Daily

Հանուն Հայաստանի ժողովրդավարական ապագայի

13:51 Yerevan | 9:51 GMT | Friday 18 April 2008

Նախագահական ընտրությունները վիճարկող խաղաղ ցուցարարների վրա վանդալիստական հարձակումը, այնուհետեւ սադրիչներով ներգրաված զանգվածային անկարգությունները` ընդհուպ մինչեւ սպանություններն ու հատուկ դրություն մցնելը, բոլորը միտված էին Ռ.Քոչարյանի կողմից մեկ խնդրի լուծմանը` «երկիրը նախկին վիճակով» նորահռչակ նախագահ Ս.Սարգսյանին փոխանցելը:

Սակայն վարչախմբի բոլոր այդ միջոցառումները անզոր են լռեցնելու իր ազատության համար պայքարող ժողովրդին: Ոչ մարտիմեկյան բարբարոսական սպանդը, ոչ Շարժման 100-ից ավելի ակտիվիստների կալանավորումը, ոչ էլ 1000-ից ավելի քաղաքացիների նկատմամբ ոստիկանական հետապնդումն ու մարդագողությունը չեն հանգեցնում բաղձալի արդյունքին:

Իրականությունն այն է, որ ոչ ոք չի կարող երկիրը նախկին վիճակին բերել: Եվ հենց սա է Տերպետրոսյանական գաղափարներով համակված հարյուր հազարավոր քաղաքացիների մեծագույն ձեռքբերումը եւ ռեժիմի մեծագույն կորուստը:

Ստեղծված իրավիճակում նորանոր մարդիկ են համալրում պայքարողների շարքերը: Ոչ մի բանից չվախեցող ժողովուրդը շարունակում է գալ հրապարակ՝ Հյուսիսային պողոտա, երկրի տարբեր բնակավայրերում մարդիկ հավաքների, հացադուլների միջոցով իրենց պայքարի ձայնն են բարձրացնում: Ակնհայտ է, որ հատուկ դրությունը, զանգվածային ձերբակալությունները, ազատ մամուլի 20-օրյա լռեցումն ու Ազատության ձայնի խլացումը չկարողացան կոտրել Շարժման ողնաշարը: Չկարողացան, համոզված եմ, նաեւ այն պատճառով, որ Շարժման առաջնորդը ոչ մի վայրկյան չլքեց «ֆրոնտը»: Մինչեւ վերջին պահն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կամքով չհեռացավ հրապարակից` դրանով իսկ ավելորդ անգամ մեզ ապացուցելով, որ նա ոչ միայն նախագահի մեր թեկնածուն է, այլ նաեւ մեր մարտական ընկերն ու առաջնորդը:

Եթե համեմատենք այսօրվա իրավիճակը 2004-ի ապրիլի 12-ի հետ, ապա առավել ակնառու է դառնում քաղաքացիական հասարակության նոր որակը, որը կարելի է բնորոշել մի քանի բաղադրիչներով.

ա) Ակտիվ զանգվածի ընդգրկվածությամբ. 100-ից ավելի ակտիվիստներ են կալանավորված, 1000-ից ավելի քաղաքացիներ են ենթարկվել ոստիկանական հետապնդման ու հարցաքննվել, բավականին երկար ժամանակ՝ մարտի 21-ից մինչեւ Ագոյի խմբի Երեւան ժամանելը, ամեն օր տասնյակ մարդիկ էին բերման ենթարկվում: Իսկ դրանից հետո էլ շարունակվում են քաղաքական հետապնդումները եւ մարդկանց նկատմամբ գործեր սարքելը:

բ) Վճռականությամբ եւ անզիջողունակությամբ. 100-ից ավելի կալանավորվածները չեն համաձայնում գնալ որեւէ գործարքի՝ հանուն իրենց ազատության: Մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումների պայմաններում էլ չի դադարում քաղաքացիական եռուզեռը Ազատության հրապարակի շուրջ:

գ) Աճող ընդլայնվածությամբ. որքան ավելի շատ են ձերբակալում եւ բերման ենթարկում, անքան ավելի է շատանում մարդկանց հոսքը շրջափակված Ազատության հրապարակի շրջակա տարածք:

դ) Շարժման ազատարար ոգու անընդհատությամբ. մարտի 1-ին հաջորդած հատուկ դրության ժամանակ չընկրկեց ազատ մամուլը եւ չենթարկվեց վարչախմբի թելադրանքներին, իսկ ժողովուրդը չահաբեկվեց եւ մինչեւ այսօր էլ չի դադարում հավաքվել Օպերայի շրջակայքում:

Այս ամենը հավաստում է, որ մենք չենք նահանջելու: Անձամբ ես, եթե անգամ ոչ ոք իմ կողքին չմնա, չեմ նահանջելու: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ: Լեւոն Տեր-Պետրոսյան` գումարած 100, գումարած 1000, գումարած հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, համոզված եմ, պայքարելու են հանուն Հայաստանի ժողովրդավարական ապագայի:

Վարդգես Գասպարյան

«Այլընտրանք» հ/կ, Նուբարաշեն ՔԿՀ, թիվ 20 խուց

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.