|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Փորձի եւ փորձանքի արանքում12:40 Yerevan | 8:40 GMT | Thursday 17 April 2008Արամ Ամատունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական քայլը առաջացրեց հայաստանյան իրավիճակի հետ որոշակի համեմատությունների գայթակղություն: Խոսքն այն մասին է, որ իր պաշտոնից հեռացող նախագահը դարձավ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, իսկ մայիսի 7-ից հետո էլ կստանձնի ՌԴ վարչապետի պաշտոնը: Իհարկե, Ռուսաստանի եւ Հայաստանի իրողությունների համեմատությունն այդքան էլ գայթակղության խնդիր չէ, քանի որ անցած տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել իրավիճակների համանմանության` միգուցե քայլերի հաջորդականության տարբերությամբ: Օրինակ, երբ ՌԴ նախագահ Պուտինը Ելցինին փոխարինելուց հետո եկավ եւ սկսեց իր տիրապետության տակ վերցնել հեռուստատեսային դաշտը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրանից հետո միայն անցավ նմանատիպ գործողությունների, թեեւ պետք է նկատել, որ հեռուստատեսային դաշտում տիրապետության առումով նա նույնիսկ գերազանցեց Պուտինին, որովհետեւ ռուսական հեռուստատեսությամբ երբեմն կարելի է տեսնել, թե ինչ խնդիրներ կան երկրում, իսկ հայկականի դեպքում միայն վարդագույն իրականություն է ու պայծառ ապագա, որը փորձում են մի խումբ մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել այլ կերպ, քան իշխանությունները: Ավելի ճիշտ մտածել այլ կերպ, քան կցանկանային իշխանությունները, քանի որ մտածել իշխանության նման` գործնականում անհնար է, այն պարզ պատճառով, որ իշխանությունները Հայաստանում չեն մտածում` ոչ կրակելուց առաջ եւ ոչ էլ դրանից հետո: Վերադառնալով Ռուսաստանի եւ Հայաստանի զարգացումների համանմանությանը` կարելի է արձանագրել, որ, օրինակ, քաղաքական գործընթացների առումով ինչ-որ պահի Հայաստանն էր նորաձեւություն թելադրողը, թեեւ շատերի կարծիքով` ընդամենը փորձաճագար է: Խոսքը խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում իշխանական երկու մեգակուսակցությունների առկայության մասին է: Հիշում ենք, թե ինչպես շռնդալից ստեղծվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը պետք է լիներ մաքրության ու պարկեշտության տիպար, լիներ չվարկաբեկված անձանց կուսակցություն: Հիշում ենք նաեւ, թե ինչպես այդ կուսակցությունը լուռ ու խոնարհ կուլ գնաց «Հանրապետականին»: Ռուսաստանում Պուտինը հասկացավ, որ իշխանությունը երկու ճամբարի բաժանելով տիրելու տակտիկան այդքան էլ նպաստավոր չէ եւ իր մոտ ստեղծած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությանը հանեց «Եդինայա Ռոսիայի» ճանապարհից եւ ընդամենը չնեղացնելու համար մի քանի մանդատ տվեց Պետական դումայում: Երբ համեմատում ենք այդ իրողությունները, կարծես թե արդեն հասնում ենք մի հանգրվանի, երբ ավելորդ է դառնում հայաստանյան իրականության համատեքստում համեմատել Պուտինի «Եդինայա Ռոսիայի» նախագահ դառնալն ու վարչապետության սպասելը եւ Քոչարյանի այդպես էլ անկուսակցական մնալն ու ըստ էության թոշակին սպասելը: Խնդիրն այն է, որ Պուտինն, ըստ էության ձախողելով Ռ.Քոչարյանի ճակատագիրը, ապահովեց սեփական ճակատագրի անխափան ընթացքը` դասեր քաղելով Քոչարյանի սխալների վրա: Այսինքն` նա Ռ.Քոչարյանին, իր «Բարգավաճ Հայաստանով» ուղղակիորեն գրոհի հանելով ՀՀԿ-ի դեմ, ըստ էության ստիպեց, որ այդպիսով նա կորցնի վստահությունը հանրապետականների մոտ: Այն բանից հետո, երբ Քոչարյանը ԲՀԿ-ով փորձում էր հանրապետականների վրայով անցնել վարչապետության, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում չէր հանդուրժի նրա վարչապետությունը` ոչ ԲՀԿ-ով, ոչ էլ ինչպես ասում են` ԲՀԿ-ի վրա: Առավել եւս անհնարին էր դառնում արդեն որեւէ կերպ նախագահության երրորդ ժամկետի մասին խոսելը: Փոխարենը Վլադմիր Վլադիմիրովիչը հասկացավ, որ երրորդ ժամկետի կամ վարչապետության հարցը լուծվելու է ոչ թե ի հեճուկս համակարգի, դրա հետ գնալով առճակատման, այլ լեզու գտնելով, ինչին էլ մենք երեւի թե ականատես ենք լինում: Այդպիսով, սակայն, ակնհայտ է դառնում, որ Պուտինն ինչ-որ առումով որոշակի պարտավորություն է ստանձնում Ռ.Քոչարյանի ճակատագրի համար: Չէ՞ որ եթե նրան չմղեր փորձության, Ռ.Քոչարյանն էլ միգուցե հիմա լուծած լիներ վարչապետ լինելու հարցը եւ նաեւ ոչ թե Ս.Սարգսյանը, այլ ինքը գլխավորեր «Հանրապետական» կուսակցությունը: Ինչպես է քավելու իր մեղքը Քոչարյանի առաջ Պուտինը` երեւի թե ցույց կտա ժամանակը, բայց գուցե թե Ռ.Քոչարյանին արդեն արժե զգուշանալ: Ո՞վ իմանա, թե էլ ինչ փորձարարություն կարող է անցնել Վլադիմիր Վլադիմիրովիչի մտքով, ու հանկարծ նա Ռ.Քոչարյանի նոր աշխատանքի հարցը լուծի հենց այդ մտադրությամբ: Այսինքն` նրան ինչ-որ տեղ նշանակելով Պուտինն էլի ինչ-որ բան փորձի: Չէ՞ որ Ռուսաստանն, ի վերջո, անկանխատեսելի երկիր է, եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը պետք է նախապես ունենա իրադարձությունների զարգացման եւ սեփական ճակատագրի ապահովության մի քանի սցենարներ: Ամբողջ ցավը, սակայն, այն է, որ այն փորձարարությունը, որ ի դեմս Ռ.Քոչարյանի իրականացնում է Վլադիմիր Պուտինը` կատարվում է Հայաստանի վրա, այսինքն` Հայաստանն է դառնում պոլիգոն: Այ եթե փորձարկումներն արվեին այնպես, որ հայ հասարակությունը դրանցից լիներ անմասն եւ Պուտինը «չվերցներ» «արմատը հողում» եւ մեզ մնար ընդամենը «ցողունն ու տերեւը», ապա իսկապես կարելի էր շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրովիչին եւ նույնիսկ աջակցել նրա այդ փորձարարական գործունեությանը: Իսկ այսպես, Պուտինն իր ճակատագիրն էր դասավորում ըստ էության հայաստանցիների ճակատագրի հաշվին: Այնպես որ, ՌԴ նոր նախագահը կամ արդեն նոր վարչապետը, պետք է քավի ոչ միայն Ռ.Քոչարյանի առաջ ունեցած մեղքը, դա նրանց անձնական գործն է, այլ նաեւ հայ ժողովրդի, քանի որ այստեղ արդեն խնդիրը անձնական չէ, այլ պատմական կամ ինչպես մարքսիստ Հակոբյանը կասեր` պատմաբարոյագիտական: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |