“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ժողովուրդը այսպիսի իշխանություններին վստահելու հիմքեր չունի»

12:38 Yerevan | 8:38 GMT | Thursday 17 April 2008

Էմմա Գաբրիելյան

Օրերս նախաքննության մարմինը միջնորդություն ներկայացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու նպատակով: Այս առիթով զրուցեցինք «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ հիմնավորմամբ են փորձում երկարացնել Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը:

- Ապրիլի 14-ը այն օրն էր, որից հետո լրանում էր ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: Մեզ համար անակնկալ կերպով հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Մնացական Մարուխյանը Արամ Կարապետյանի պաշտպանին հայտնեց, որ իրենք միջնորդությամբ մտել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի երկարացվի Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը: Մեզ համար սա անակնկալ էր, որովհետեւ 47 օր է պարոն Կարապետյանը գտնվում էր անազատության մեջ, քննիչները «հիմնավորել էին», թե նա պետք է գտնվի անզատության մեջ, որպեսզի իր ազատության մեջ գտնվելը չխոչընդոտի նախաքննության անարդյունավետությանը, բայց անցած 40 օրերին եւ դրանից հետո պարոն Կարապետյանը որեւէ նախաքննական գործողության չի մասնակցել, այսինքն` այդ 40 օրերը նա անիմաստ գտնվել է անազատության մեջ, այն դեպքում, երբ կա անմեղության կանխավարկած, նա ընդամենը մեղադրվում է «սուտ մատնության»` Մեղրիի միջանցքը հանձնելու հետ կապված հրապարակված նյութի առիթով: Հիշեցնեմ, որ Ա.Կարապետյանը մեղադրվում է իբր ծանր հանցագործության մեջ է մեղադրել Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին, մինչդեռ իրականությունը սա է. պարոն Կարապետյանը իր պաշտոնական գրություններով` ուղղված ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին հարցադրումներ է արել, թե արդյոք ճի՞շտ է, որ նման նախագիծ է եղել, դրա քննարկումը եղել է 1999թ. Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում եւ կարո՞ղ է այդ քննարկումը կապված լինել հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ: Այս հարցադրումներով է պարոն Կարապետյանը հանդես եկել եւ նրա հռետորական հարցադրումները ցանկանում են խեղաթյուրել: Սա ընդամենը քաղաքական պատվեր է, սա ընդամենը այս իշխանությունների մոտ առկա սարսափի եւ վախի ազդեցության տակ Ա.Կարապետյանին հասարակությունից մեկուսացված պահելն է: Ես ցավում եմ այս իշխանությունների համար, որովհետեւ նրանք, չտիրապետելով քաղաքագիտական տարրական գիտելիքներին, մոռանում են, որ ժողովրդի ցասումը որեւէ անձի հետ կապված չէ, ժողովուրդը այս տասը տարիներին իր բռնաբարված ազատությանը տեր կանգնելու պատրաստակամություն է դրսեւորել, ժողովուրդը իր արժանապատվությունը վերաձեռքբերելու խնդիր է լուծում, եւ ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդը այդ տեսակն է, եւ որ ես այս ժողովրդի զավակն եմ:

- Իշխանական ճամբարում տիրող իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում:

- Ապրիլի 9-ից հետո` վարչապետի նշանակումը եւ կառավարության ձեւավորման գործընթացները որեւէ հույս չեն արթնացնում, որովհետեւ դարձյալ նույն տաշտակն է, խաղատախտակն է, որում ինչ-որ գործիչներ են եւ փորձ են անում ինչ-որ հավասարակշռություն ստեղծել: Այս ամենը ապացուցում է, որ իշխանությունները լուրջ ռեսուրսներ չունեն երկիրը իրենց խոստացած ճանապարհով տանելու համար:

- Ոստիկանության աշխատակիցները շարունակում են խոչընդոտել հասարակության մուտքը Ազատության հրապարակ, սա ինչի՞ մասին է վկայում:

- Դա իշխանությունների վախի դրսեւորում է, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է. մեր ժողովուրդը այսպիսի իշխանություններին վստահելու հիմքեր չունի` այս իշխանությունները բացի ուժային մեթոդներից` որեւէ այլ կերպ չեն կարող վերաբերվել ժողովրդին:

- Մեր հասարակությանն այսօր մեկ գլխավոր հարց է հուզում` որքա՞ն կարող են այս իշխանությունները այս մեթոդներով իշխանություն պահել:

- Իշխանությունները գոյատեւելու սահմանափակ ռեսուրսներ ունեն, դա իհարկե կախված է, թե ինչքանով կկարողանանք մենք միջազգային հանրությանը մատուցել Հայաստանում տեղի ունեցող իրողությունները` հասնելու այն բանին, որ բոլոր օրինական ճանապարհները գործի դնելով ժողովրդական ալիքը բարձրության վրա պահենք. դա եւ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ»-ի մասին օրենքի մեջ կրկին փոփոխություններ կատարելն է` հօգուտ մարդու իրավունքների եւ ազատությունների, եւ նաեւ այդ ճնշման միջոցով այս իշխանություններին ստիպելը արմատական քայլեր կատարելու: Երկու տարբերակ կա` այս ինքնահռչակ նախագահի հրաժարականն է ժողովրդական ճնշման տակ, երկրորդ ճանապարհը կարող է լինել, օրինակ, ԱԺ-ի արտահերթ ընտրությունները, եթե իշխանությունները նման մոտեցում դրսեւորեն` պետք է պատրաստ լինել նաեւ դրան: 2008թ. Հայաստանում արմատական փոփոխություններ տեղի կունենան` ժողովուրդը սպասելու այդքան ռեսուրս չունի, հակառակ դեպքում ողջ հայությանը պետք է մտահոգի արտագաղթի հերթական ալիքի բարձրացումը, քանի որ բարձր քաղաքական գիտակցությամբ հասարակություն ձեւավորվեց այս նախընտրական շրջանում եւ ամբողջական տեսք ստացավ փետրվարի 19-ի քվեարկությունից հետո` նման ինտելեկտուալ հասարակության հետ հաշվի չնստողները դատապարտված են կործանման:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.