|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ոստիկանները կատարում են չգրված օրենքները»12:33 Yerevan | 8:33 GMT | Thursday 17 April 2008Գագիկ Աբգարյան Երեկ ասուլիս էր հրավիրել Լեւոն Գուլյանի փաստաբան Հրայր Ղուկասյանը: Ասուլիսին մասնակցում էին նաեւ Հելսինկյան կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Ասուլիսը հրավիրելու առիթ է ծառայել այն փաստը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Պետրոսյանը որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ Գուլյանի դին գտնվել է 2007թ.-ի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի բակում: Պաշտոնական վարկածի համաձայն` նա փորձել է փախուստի դիմել, ինչի հետեւանքով երկրորդ հարկի պատուհանից ցած է նետվել ու մահացել: Փաստի առիթով Երեւան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ինքնասպանության հասցնել: 2007թ.-ի դեկտեմբերի 12-ից գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Մոտ մեկ ամիս առաջ ընդունվում է գործի վարույթը կարճելու մասին վերոնշյալ որոշումը: Մարտի 20-ին Գուլյանի իրավահաջորդները այն բողոքարկել են ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սկսել նախաքննությունը: Անհիմն լինելու հիմքով մարտի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադեւոսյանի որոշմամբ բողոքը մերժվել է: Ապրիլի 8-ին տուժողի իրավահաջորդի փաստաբաններն այս որոշումը բողոքարկել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սկսելով ասուլիսը` Ա.Իշխանյանը հայտարարեց, որ ինքն այն գնահատում է «որպես ոստիկանական բաժանմունքում սպանություն` անկախ պատճառներից, որը ինչ-որ իմաստով հանելուկ է»: Նա ի սկզբանե էլ համոզված է եղել, որ նախաքննությունը եւ հետաքննությունը օբյեկտիվ չեն անցնի: «Ես, փորձից ելնելով, հարազատներին էլ էի ասում, որ այս հարցի նախաքննությունը ձգձգելու են, որ հասարակության հետաքրքրությունը սառի, որից հետո գործը կփակվի: Որովհետեւ ոստիկանությունը Հայաստանի իշխանության հիմնական հենարաններից մեկն է, եւ այստեղ քաղաքական խնդիրն այն է, որ նրանք պատիժ չստանան»: Ըստ իրավապաշտպանի` գործի կարճման օրն էլ պատահական չի ընտրված. «Գործը կարճվեց հասարակության համար շատ լարված իրավիճակում, ուստի այս լարված իրավիճակում գործի կարճումը ես համարում եմ ցինիզմ: Սրանով նրանք ոստիկանների ձեռքերն ազատեցին իրենց հետագա գործողություններում»: «Բողոքի համար մենք ունենք ավելի քան բավարար հիմքեր պնդելու, որ որոշումը եղել է անօրինական, չհիմնավորված ու չպատճառաբանված», - իր խոսքում ասաց Գուլյանի փաստաբան Հրայր Ղուկասյանը: Նրա պնդմամբ` նախաքննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով, «ոչ թափանցիկ ու ոչ արդար»: Նա մատնանշեց ոստիկանության գործողությունների անօրինականության շղթան: Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերից մինչեւ մայիսի 12-ը Գուլյանի իրավունքները սահմանափակվել են ոստիկանության աշխատողների կողմից. «Նրան բազմիցս տարել են ոստիկանություն` առանց որեւէ իրավական հիմքի: Ըստ գործի նյութերի` հարցաքննությունը տեւել է շատ կարճ, բայց նրան պահել են 16-17 ժամ: 11-ի լույս 12-ի գիշերը նա տանը չի անցկացրել, նրան պահել են ոստիկանությունում: Հետագայում, դարձյալ առանց հիմքի, նրան տարել են ոստիկանության վարչական շենք, որտեղից նա այլեւս դուրս չի եկել»: Փաստաբանն առնվազն տարօրինակ համարեց գործի նյութերի մեջ շրջանառվող այն ձեւակերպումը, ըստ որի Գուլյանը ոչ թե ձերբակալված կամ ազատազրկված, այլ` հրավիրված է եղել ոստիկանություն: «Ոչ մի իրավական ակտով նախ ձեւակերպված չի այդպիսի արտահայտություն, երկրորդ. հրավիրված անձը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ այնտեղից, ուր հրավիրվել է: Ամբողջ գիշեր կամ 18 ժամ ոստիկանությունում պահելը վկայում է, որ նա հրավիրված չի եղել», - ասաց նա: Բողոքում վեր հանված երկրորդ խնդիրը Լ.Գուլյանին ոստիկանություն տանելու հիմքերն են: Նախաքննության մարմնի ձեւակերպմամբ` տուժողին մայիսի 12-ին տարել են վարչական շենք` Գուլյանի ու նրա սեփականությունը հանդիսացող «Պանդոկ» ռեստորանի մատուցողուհի Մարինե Գրիգորյանի ցուցմունքներում առկա հակասությունները «վերացնելու» նպատակով: «Նման պնդումը որեւէ կապ չունի քրեական դատավարության օրենքի դրույթների հետ, որովհետեւ նախ գործը, որի կապակցությամբ նրան տարել են ոստիկանություն, գտնվել է Շենգավիթի դատախազությունում: Երկրորդ. հակասությունները պարզելու նպատակ կամ իրավասություն կարող է ունենալ միայն տվյալ գործը վարող անձը, այսինքն` Շենգավիթի դատախազության քննիչը: Երրորդ. ոստիկանությունը որեւէ լիազորություն չունի դատախազության վարույթում քննված գործով վկաների ցուցմունքներում հակասություններ շտկելու եւ ընդհանրապես այդ գործերին մոտենալու, հատկապես քննչական վարչությունը», - պնդում է փաստաբանը: Գուլյանի գործում չբացահայտված այս դրվագներն էլ հիմք են ծառայել գործը կարճելու մասին որոշումը դատարանում բողոքարկելու համար: Փաստաբան Ղուկասյանը անդրադարձավ նաեւ Գուլյանին ոստիկանություն տանելու իրավական հիմքի մասին անեկդոտի նմանվող մի ձեւակերպման, ըստ որի ոստիկանները գործել են «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: «Մենք սովոր ենք լսելու, որ ոստիկանները հաճախ չեն կատարում ընդունված օրենքները: Բայց որ կատարում են չգրված օրենքները` դրա մասին չէինք իմանում: Դեպքը տեղի է ունեցել 2007թ.-ի մայիսի 12-ին, իսկ վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտել է նույն թվի նոյեմբերի 19-ին»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |