“Zhamanak” Armenian-American Political Daily

«Յոթը պորտով պիտի պատասխան տան»

14:05 Yerevan | 10:05 GMT | Wednesday 16 April 2008

Հեղինե Մանուկյան

Նախորդ օրը մեկնարկած` ի պաշտպանություն քաղբանտարկյալների պիկետն, ըստ նախատեսվածի, երեկ շարունակվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այն պետք է սկսվեր ժամը 13: 00-ին, սակայն դեռ մեկ ժամ առաջ դեսպանատան շրջակայքում` շոգի պատճառով ծառերի հովին էին խմբվել այդպիսի միջոցառումների մշտական ու ոչ ցանկալի հյուր-մասնակիցները` ոստիկանները:

Իսկ երբ սկսվեց պիկետը, մինչ այդ դինջացած ոստիկանները միանգամից կայտառացան...անցան գործի ու ամբողջ ընթացքում հեռախոսով «շեֆերին» տառացիորեն փոխանցում էին պիկետի մթնոլորտը` քանի հոգի են հավաքվել, ով ինչ է անում, ով որ բառը ոնց ասաց, ով որ լրատվամիջոցին ինչ ասաց, ով է ամենաակտիվը եւ այլն: Պարոնայք ոստիկանները, հավանաբար, վերհիշելով մարտի 1-ին այդ վայրում տեղի ունեցած իրադարձությունները, աչքները չորս էին արել` հանկարծ մի բան դուրս չգա՞, հանկարծ «կնանիք» մի բան չմոգոնե՞ն, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այդ տեղանքով երթեւեկող ավտոմեքենաների ուղեւորները կլանված ու առանձնակի հետաքրքրությամբ հետեւում էին միջոցառմանը, նույնիսկ հավանության նշաններ անում: Ի դեպ, դեսպանատան մոտով անցող-դարձող կանանցից երկուսը «ինքնաբուխ» միացան պիկետին:

Ոստիկաններից մեկին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նմանատիպ միջոցառումներին: Կարճ կապեց` «չեզոք, ոչ էս կողմ, ոչ էն կողմ»: Իսկ երբ հարցրինք, թե իրենք համակարծի՞ք են հավաքված կանանց հետ, ովքեր իրենց ամուսիններին համարում են քաղբանտարկյալներ, որ այդ մարդիկ անազատության մեջ են իրենց քաղաքական հայացքների համար: Մինչ ոստիկանը կպատասխաներ, զրույցին խառնվեց ու շեֆին «դոշով պահելու» փորձ արեց մեկ այլ, ըստ ամենայնի, նորեկ ոստիկան` ասելով. «Դուք չգիտե՞ք, որ ոստիկանները քաղաքական հարցերին չեն խառնվում, ոչ էլ էդ թեմայով հարցազրույցներ տալիս»:

Ոստիկանի «գլավարը», բնականաբար, սաստեց դեմ ընկած կոլեգային` ասելով «Մ~ի րոպե հլը, մի րոպե...էդ իրանց կարծիքն ա»` «իրանց» ասելով նկատի ունենալով հավաքված կանանց: Ինչեւէ, հավաքված կանանց պահանջը նորից նույնն էր` ազատ արձակել իրենց գաղափարների համար ճաղերի ետեւում հայտնված իրենց եղբայրներին ու ամուսիններին: Մասիս Այվազյանի կինը` Անուշ Պետրոսյանը, վստահեցրեց, որ իր ամուսինը, ում տեսակցել է անցած ուրբաթ, շատ բարձր տրամադրություն ունի, առողջական վիճակը բավարար է եւ ամենակարեւորը` «ոգին տեղը»: «Թող չթվա, որ մեր միակ նպատակը սոսկ մեր ամուսիններին ազատության մեջ տեսնելն է: Մենք պայքարում ենք երկրի ազատության, մեր երեխաների ապագայի համար, քանի որ չենք ուզում ստի վրա կառուցված երկրում ապրել»: Հավաքված կանանց մեջ էր Կարինե Սիրադեղյան անուն-ազգանվամբ մի կին: Ասաց, որ ինքը պարզապես հայ կին է, որը պայքարում է իր «կանացի ազատության» համար: Տիկնոջ պատկերացրած կանացի ազատությունը սա է. «Որ ինձ ոստիկանը փողոցում չքաշքշի ու ասի` պըտի գաս բաժին, որ ազատ քայլեմ Հյուսիսային պողոտայով, որը մի ժամանակ այնքա~ն ռեկլամում ու հպարտանում էին: Յոթ տարի ապրել եմ օտար երկրում, մի հատ միլիցա ինձ մոտ չի եկել, իսկ երբ իմացել են` կովկասցի եմ, ասել են` ձեր միլիցիան ձեզ հարգում է: Իսկ այսօր մեր միլիցիան մեզ հետ կարող է ամենաանվայել ձեւով վարվել: Եթե սրանից հետ էլ Եվրոպան պիտի կանգնի սրանց կողքին, ուրեմն մենք ոչ Եվրոպա կընդունենք, ոչ էլ երբեւէ արդարությանը կհավատանք»:

Թամարա Մանուկյանն այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Ֆրանսիայի դեսպանատնից, եթե այդ երկրի նախագահ Սարկոզին առաջինն էր, որը շնորհավորեց Ս.Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ, պատասխանեց. «Ֆրանսիան միայն Սարկոզին չէ, եւ հետո ամեն երկրում կա մարդկանց մի խումբ, որոնց միջոցով է Սարկոզին տեղեկանում տվյալ երկրում առկա իրավիճակին: Միգուցե այդ մարդիկ դիտավորյա՞լ չեն ներկայացրել մեր երկրի իրական վիճակը, ու Սարկոզին էլ միամտաբար կարծել է, թե այստեղ նորմալ ընտրություններ են տեղի ունեցել ու շնորհավորել է: Չի բացառվում, որ հետագայում` իմանալով մարտի 1-ի դեպքերի մասին, Սարկոզին փոշմանել է իր շնորհավորանքի համար ու ինչ-որ կերպ կարգի կհրավիրի մերոնց»:

Դուստրիկ Սիմոնյանը ակամա վերհիշելով ժամանակ առաջ այդ վայրում տեղի ունեցած իրադարձությունները` ասաց. «Հայկական մի ասացվածք կա` յոթը պորտով պետք է պատասխան տան մարտի 1-ի բոլոր զոհերի համար: Ի՞նչ է նշանակում թունավոր զենք կիրառել խաղաղ ցուցարարի դեմ, չէ՞ որ այդ ժողովրդի շնորհիվ եք դուք ապրում, չէ՞ որ դուք այդ ժողովրդով եք իշխանություն: Բավական է սուտ խոսեն, թե ցուցարարների ձեռքին զենք կար... Չի եղել, բավական է ստեն, որովհետեւ սուտը 40 օր է տեւում, եւ հին ասացվածքի նման` մախաթը պարկում չեն կարողանալու թաքցնել: Հարց եմ տալիս` հայ կինն ինչու՞ պետք է գնա քաղմաս, եթե նա հանցանք չի գործել, գող ու ավազակ չի: Եվ այս ամենն ինչի՞ համար են անում, մի աթոռի՞: Չի հաջողվելու, ինքն այդ աթոռին երկար չի նստելու», - վստահեցրեց տիկին Դուստրիկը:

Ի դեպ, տիկնոջ բորբոքված տոնը գրավեց ամբողջ մարմնով ու էությամբ ականջ դարձած ոստիկանների ուշադրությունը, նրանցից ոմանց դեմքը մոտավորապես այսպիսի արտահայտություն ձեռք բերեց. «Հետաքրքիր է, ո~վ է այս մահապարտ կինը»: Ինչեւէ, Ֆրանսիայի դեսպանատնից էլ, ինչպես նախորդ օրը ԵԽ գրասենյակից, ոչ ոք այդպես էլ չիջավ, չընդունեց ու չլսեց հավաքված կանանց:

Հ.Գ. Եթե փոքր-ինչ վերաիմաստավորենք հայկական ասացվածքն ու մախաթը պարկում թաքցնելու փոխարեն այն աթոռի մեջ խրենք, հաստատ այդ աթոռի վրա նույնիսկ ամենափառասեր մարդը չի ցանկանա բազմել: Գուցե տիկնոջ կանխատեսումը հենց այդ մախաթ պարունակող աթոռի մասի՞ն է հուշում:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.