|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Էսպե՞ս են հայրենիք սիրում, հա՞»13:56 Yerevan | 9:56 GMT | Wednesday 16 April 2008Մարինա Բաղդագյուլյան Փետրվարի 26-ի խուզարկության ժամանակ Հուսիկ Բաղդասարյանի տնից առգրավվել էր 16 փամփուշտ: Հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց այն հիմնավորմամբ, որ առգրավված փամփուշտներից երկուսը որսորդական զենքի համար պիտանի չեն: Մի խոսքով, 16 փամփուշտի համար ազատամարտիկին դատապարտեցին 3 տարի ազատազրկման: Այս ամենի մասին փոքրիկ Հարությունը իր զգացածի, տեսածի համաձայն սեփական կարծիքն ունի` «Դա Սերժ Սարգսյանի հրամանն էր»: Քանի որ ինքը, դատավարության ժամանակ առգրավված փամփուշտների նկարները տեսնելով, դուրս է եկել ու մորը ասել. «Մամ, ուրիշ փամփուշտներ են ցույց տալիս, դրանք մեր տան փամփուշտները չէին»... Հուսիկ Բաղդասարյանի դեպքում նաեւ այլ օրենքներ գործեցին` «հաշվի առնելով հասարակական վտանգավորությունը»: Երեւի մոռացել էին, որ Արցախյան ազատամարտի տարիներին «հասարակական վտանգավորություն» ներկայացնող Հուսիկ Բաղդասարյանն իր տանը, նկուղում էր պահում ինչ-ինչ հնարամիտ ճանապարհներով գնած կրականետները: Դրանք մեքենայից բեռնաթափում էին կինը եւ մայրը, խնամքով պահում, պահպանում: Շատերի հետ Ռ.Քոչարյանն էլ գալիս էր, կրականետով կրակել սովորում: «Հայրենիք սիրողը ոչ թե պաշտոնի, հարստության պիտի վազի, սրանց նման յոթը պորտով պալատներ կառուցի, այլ իմ տղի ու Վազգենի պես տղերք պիտի լինեն: Էս սրանց արածը եղավ հայրենիք սիրե՞լ, առաջ Հայաստա՞ն: Էսպե՞ս են հայրենիք սիրում, հա՞, բալա ջան...Հայրենիք սիրողը Վազգենն էր, բալա ջան...»... Մարգո մայրիկը էսօրվա պես հիշում է, թե ինչպես իր որդին` Հուսիկ Բաղդասարյանն ու Վազգեն Սարգսյանը եկան իրենց տուն, ինքը գրկեց, օրհնեց երկուսին ու ասաց, որ միշտ ընկերներ մնան, որ Վազգենն էլ իր որդին է, որովհետեւ ընկերները եղբայրներ են:
Հուսիկ Բաղդասարյանը Մասիսի ջոկատի հրամանատարն էր: Վազգեն Սարգսյանի` մահապարտների հավաքի հայտնի կոչից հետո Հ.Բաղդասարյանը առաջին արձագանքողներից էր: «Դու երեխա պիտի ունենաս, դու մի արի», - փորձել էր արգելել Վազգեն Սարգսյանը: Հուսիկ Բաղդասարյանին, իհարկե, հնարավոր չէր ետ պահել: Մարտերից մեկից հետո իմացան, որ Հուսիկի կինը տղա է ունեցել: «Տղայիդ իմ անունը դիր, ես, երեւի, երեխա չունենամ...», - խնդրեց Վազգենը: Հուսիկ Բաղդասարյանն, իհարկե, որդուն Վազգեն կոչեց: Հետո մկրտեցին Աննային ու Վազգենին: Կնքահայրը Վազգեն Սարգսյանն էր: Մկրտության արարողությունից հետո քեֆ էին անում: Վազգեն Սարգսյանը բաժակ բարձրացրեց. «Մաղթենք երեխաներին երջանկություն, երկար տարիների կյանք: Տա Աստված, որ հարսանիքին հանդիպենք, մեծ քեֆ անենք: Էլի բոլորս լինենք իրար կողքի, թամամ, ոչ մեկս չպակասի, ու Հայաստանը լինի մեծ, հզոր պետություն»: Բաժակաճառի ցանկություններից գրեթե ոչ մեկը չի կատարվել: Հայաստանը մեծ ու հզոր պետություն չէ, Անահիտի ու Վազգենի հարսանիքին չեն հանդիպի, իրար կողքի չեն լինի: Մնում է երեխաների երջանկությունն ու երկար տարիների կյանքը: Հիմա Աննան շատ է կարոտում հայրիկին: Մանավանդ, երբ վերջին յոթ տարին է, ինչ կարողացել է ճանաչել հորը, թիկունքում զգալ ուժեղ, անխոցելի պատվարը, քանի որ իր հերոս հայրիկը միշտ մարտերում էր: Մի անգամ էլ Հուսիկ Բաղդասարյանը կռվից տուն էր եկել, Աննան իր անծանոթ հրամանատար-հայրիկից վախեցավ լացեց: Հիմա Աննան իրեն կողոպտված է զգում: Բայցեւ հոր աղջիկն է` խիզախ, անկոտրում. «Ես իմ հոր տեղը թափուր չեմ թողնելու, ես զբաղեցնելու եմ նրա տեղը»: Իսկ կինը` Մարինեն, ասում է. «Զանգում են ու սրտաճմլիկ տոնով հարցնում` «Ո՞նց եք»: Ասում եմ` մենք լավ ենք: Ինչու՞ մենք պիտի վատ լինենք: Անարդար, ստոր վճիռ կայացնողները պիտի հաշտ չլինեն իրենց խղճի հետ: Դրանից էլ լուրջ առի՞թ վատ լինելու, ամաչելու համար: Իսկ մենք միայն հպարտ ենք մեր հերոս հայրիկի անցած ճանապարհով ու ներկայով»: Տիկին Մարինեն իր հերոս ամուսնու անցյալից ամեն մի դրվագը հիշելիս հուզմունքով Վազգեն Սարգսյանի անունն էր տալիս, քանի որ Հուսիկ Բաղդասարյանն ու Վազգեն Սարգսյանը գրեթե միշտ իրար հետ էին: «Մի անգամ Վազգենը եկավ, իր մեքենայով էր` դռները, լուսամուտները բաց, ինքն էլ երգում ու ղեկին դհոլ էր խփում: Բարձր էր տրամադրությունը: Ասացի` «Վազգեն ջան, բա չես վախենու՞մ, դռները, լուսամուտները էդպես բաց, դու էլ մենակ...»: Ասաց. «Էդ ի՞նչ ես խոսում, ումի՞ց պիտի վախենամ, իմ ժողովրդի՞ց...»»... Ես պետք է պատմեի, թե ի՞նչ է մտածում, զգում Հուսիկ Բաղդասարյանի ընտանիքը: Այնպես ստացվեց, որ ավելի շատ խոսեցի Վազգեն Սարգսյանի մասին: Ու մի բան էլ վերջնականորեն զգացի` որքան շատ եմ լսում Վազգեն Սարգսյանի մասին, որքան շատ եմ ճանաչում նրան, այնքան ավելի ու ավելի է խորանում վիհը, անդունդը, անջրպետը իմ ու նրանց` իշխանությունների միջեւ: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱնհանգիստ հասարակածՍերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին: ՔաղաքականԱյդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվելԱնբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |