“Zhamanak” Armenian-American Political Daily

«Հայ տղամարդկանցից մինչեւ հիմա թուրքերն էին վախենում»

22:33 Yerevan | 18:33 GMT | Tuesday 15 April 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ մի խումբ կանայք «Ողբա Հայաստան, քաջերդ զնդաններում են», «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներն ու արդեն իսկ ծանոթ տղամարդկանց դիմանկարները ձեռքներին հավաքվել էին Դավիթ Անհաղթի փողոցում` Եվրոպայի խորհրդի գրասենյակի առաջ:

Հավաքվածները Հայաստանի քաղբանտարկյալների կանայք ու քաղբանտարկյալի կարգավիճակին «արժանացած» այդ մարդկանց «հարգն ու պատիվն իմացող» սովորական կանայք էին կամ, ինչպես նկատեց նրանցից մեկը` «հայուհիներ, որոնց սիրտը մղկտում է այն հայորդիների համար, ովքեր լույս սփռելու փոխարեն այսօր զրկված են արեւի լույսից»: Հավաքված կանանց հին ու նոր պահանջը նորից նույնն էր` իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելով ԵԽ հայաստանյան ներկայացուցիչներին վերստին հիշեցնել` պետք է ազատ արձակվեն իրենց քաղաքական հայացքների համար զնդաններում պահվող մարդիկ: Սակայն ստացվեց ինչպես միշտ` ձայն բարբառո հանապատի. ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներից ոչ մեկն այդպես էլ «պատիվ» չարեց ընդունել ու լսել հավաքված կանանց: Ի դեպ, պիկետին մասնակցող բոլոր քաղբանտարկյալների կանանց ձեռքերին ձեռնաշղթաներ կային, բարեբախտաբար պլաստմասսե` ի նշան անազատության մեջ գտնվող իրենց ամուսինների հետ համերաշխության: Քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, մանրամասնեց պիկետի նպատակը. «Քանի որ Հայաստանը ԵԽ անդամ է, եւ որի հարցը մոտակա ժամանակներս քննարկվելու է Եվրախորհրդարանում, Հայաստանն այդ կառույցի օգնությամբ կամ ճնշման տակ ուզի-չուզի` պիտի դառնա ժողովրդավար երկիր: Ուզեցինք զրուցել այդ կառույցի ներկայացուցիչների հետ ու ասել, հիշեցնել մեր երկրի վիճակի ու մեր ամուսինների մասին ու հասնել նախ մեր ամուսինների, հետո նոր երկրի ազատությանը», - ասաց տկն Բրաունը: Քաղբանտարկյալ Հովհաննես Ղազարյանի կինը` Ծովինար Սամսոնյանը, չկարողանալով թաքցնել հուզմունքը` ասաց. «Եթե մենք այսօր մեր ամուսինների կողքին չենք, չի նշանակում, որ ազատության մեջ ենք, մենք կրկնակի անազատ ենք: ...Մեր ժողովուրդը, որը դարերով եկել ու հանգրվանել է 21-րդ դարում, իրավունք ունի ու պարտավոր է ազատ ու արժանապատիվ ապրել կամ` չապրել ընդհանրապես: Իսկ այսօրվա իշխանությունների պարագայում իրականանալին երկրորդ տարբերակն է, որքան էլ որ ցավալի հնչի»: «Այդ մարդիկ ոչինչ չեն արել, բայց հայտնվել են ոչ իրենց տեղում` ռեշոտկաների արանքում: Մեկն էլ Արշակ Բանուչյանն է: Ես խորին ցավ եմ զգում, որ մենք ապրում ենք այս երկրում, որի ղեկավարները մի առիթով գոռում էին, թե` էս երկրում տղամարդ չկա, մենակ իրենք են տղամարդը...Իսկական տղամարդիկ այսօր բանտերում են, եւ մենք` կանայք, տղամարդու պես այսօր պայքարում ենք նրանց ու մեր երեխաների ազատության համար»` վրդովված տոնով ասաց պիկետի մասնակիցներից Աիդա Մխիթարյանը: «Ոգու փորձություն» հ/կ-ի Աջափնյակի մասնաճյուղի աշխատակից Ելիզավետա Թարվերդյանը հետաքրքիր բացահայտում արեց` ասելով. «Այսօր այստեղ հավաքված կանայք Փառանձեմ թագուհու հետնորդներն են, նրա գեները կրողները, նրանք կանայք են, որոնց ամուսինների շնորհքն է, որ այսօր Ղարաբաղ ունենք, իսկ մեզ այդ շնորհին արժանացրած հերոսներին չի կարելի բանտերում պահել: Մի բան եմ ուզում ասել այդ ...նույնիսկ պարոն չեմ ուզում ասել` Քոչարյանին ու Սարգսյանին` հայ կինն ինչպես դարերով եղել է թագուհի, այնպես էլ կա ու կլինի: Նա պատրաստ է պայքարել իր երկրի ու իր ամուսնու ազատության համար: Մենք ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք ազատ արձակել մեր` իսկապես տղամարդ կոչվելու արժանի եղբայրներին»: «Մեր հայ տղամարդկանցից մինչեւ հիմա թուրքերն էին վախենում, իսկ սրանք` իշխանություն կոչվածնե՞րն ինչու են վախենում` սրանց այդ վախը գուցե նրանից է, որ հա՞յ չեն», - տարակույս հայտնեց պիկետի մեկ այլ մասնակից` տիկին Աստղիկը: Ռուզաննա Կարապետյանի ասելիքն այս էր. «Այսօր ազգիս սերուցքը, ազգիս վեհ ու վսեմ մարտիկները, որոնք ի զորու են մեր երկիրը դուրս բերել քաղաքական-հոգեբանական ճգնաժամից, ճաղերի ետեւում «պարապուրդի են» մատնված: Դիմում եմ Քոչարյանին ու Սերժին` դուք չեք կարող մեր երկիրը պահել ձեր արյունոտ ճիրաններում, մեր պայքարն անմեռ է, չենք երկնչելու: ԵԽ-ին էլ ենք դիմում, թող որոշեն` հայերս այսուհետ ապրելու ենք նորմալ երկրու՞մ, թե՞ քաղաքակիրթ Եվրոպայի աչքերի առաջ շարունակելու են մեզ կեղեքել ու ստորացնել` ինչպես ֆեոդալական կարգերի ժամանակ էր: Թող ականջ ունեցող բոլոր-բոլորը լսեն ու իմանան` մեր պայքարն անկասելի է, հաղթանակն` անխուսափելի»: Դուստրիկ Սիմոնյանն էլ, որը Շարժման ակտիվիստներից է, ասաց. «Միայն այն, որ Սերժն իր ամեն մի մազին մի ոստիկան է պահակ կանգնեցնում, նշանակում է` ինքն ի վիճակի չի երկիր ղեկավարել: Որ ուզենա էլ, չի կարող, որովհետեւ ընտրված չի, որովհետեւ բռնապետիկ է, որովհետեւ հայ ժողովրդի իսկական մենթալիտետին ծանոթ չի: Մի առաջարկ ունեմ` թող ինքն ու Քոչարյանը գնան մի այլ երկիր, իրենց շրջապատին հավաքեն իրենց կողքերը, էն փողերը, որոնք դիզել են` ծախսեն ու ապրեն: Լավ էլ կապրեն, էլի: Բայց նախքան այդ ստիպված կլինեն միջազգային ատյանների ճնշման տակ տեղի տալ ու բաց թողնել քաղբանտարկյալներին»:

Հ.Գ. Երեկ մեկնարկած «Ի պաշտպանություն քաղբանտարկյալների» պիկետը շարունակական է լինելու: Այսօր այն շարունակվելու է Ֆրանսիայի դեսպանատան մոտ (ժամը 13: 00-14: 00-ն), ապրիլի 16-ին` Գերմանիայի դեսպանատան մոտ (ժամը 13: 00-14: 00-ն), ապրիլի 17-ին` նորից ԵԽ գրասենյակի մոտ (ժամը 11: 00-14: 00-ն), նույն օրը ժամը 15: 00-16: 00-ն` ԱՄՆ դեսպանատան մոտ:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.