“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարտի 1-ի 10-րդ զոհն ու երեք վիրավորները

20:40 Yerevan | 16:40 GMT | Tuesday 15 April 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ մարտի 1-ի արյունալի դեպքերին զոհ գնացած 10-րդ քաղաքացու` Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի հուղարկավորությունն էր:

Մեզ հետ զրույցում Սամվելի հայրը` Ռուբեն Հարությունյանն ասաց, որ իր որդին մահացել է գլխին բութ գործիքով ստացած հարվածից: «Երկու օր մեզ հայտնի չէր, թե որտեղ է մեր որդին: Ենթադրում էինք, որ Սամվելը քաղաքապետարանի մոտով պիտի գար ավտոկայան, այնտեղից` տուն: Վերջապես մարտի 4-ին, հարցուփորձով, քանի որ Սամվելի մոտ ոչ մի փաստաթուղթ չկար, որդուս գտանք «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Այն հարցին, թե ի՞նչ վնասվածք էր ստացել Սամվելը, նրա հայրը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ այն, ինչ բժիշկներն են ասել` Սամվելը գլխին բութ գործիքի` մետաղյա կեռ գլխով ձողի հարված էր ստացել: Երբ տեսա նրան, չճանաչեցի, քանի որ դեմքն ու ձեռքերը ամբողջովին այտուցված էին, միայն մարմնի դաջվածքից իմացա, որ մահճակալին անգիտակից վիճակում պառկածը որդիս է: 41 օր բժիշկները պայքարեցին Սամվելի կյանքը փրկելու համար, 4 անգամ վիրահատեցին նրա գլուխը, սակայն որդուս փրկել չհաջողվեց: Նրան վիրահատած բժշիկն ասաց, որ Սամվելի վիճակի վատ լինելը կապված է գլխուղեղի վնասվածքի հետ ու մարմնի վրա ոչ մի այլ քերծվածք չկա»: Զոհվածի հայրը նշեց նաեւ, որ Սամվելը անգիտակից վիճակում է եղել մինչեւ մարտի 20-ը, իսկ 3-րդ եւ 4-րդ վիրահատությունից հետո սկսել է քիչ թե շատ շփվել շրջապատի հետ, իսկ մահվանից մեկ օր առաջ նույնիսկ կարողացել է մի ձեռքով փաթաթվել մորն ու համբուրել»: Սակայն մարտի 11-ին, ժամը 17.50-ի մոտակայքում բժիշկը զանգել ու հաղորդել է, որ ուզում է խոսել իր հետ: «Ասացին, որ վիճակը կտրուկ վատացել է: Մինչեւ ես հասա հիվանդանոց, ինձ ասացին, որ արդեն մահացել է», - ասաց Սամվելի հայրը: Ի դեպ, Սամվել Հարությունյանը ամուսնացած էր եւ ունի 6 ամսական մի աղջիկ: «Անցյալ տարի այս օրերին ուրախանում էինք, որ ամուսնացրել ենք մեր որդուն, իսկ մեկ տարի անց այս օրը` սգում ենք նրա մահը», - ասաց Սամվելի հայրը:

Նշենք, որ առողջապահության նախարարության մամուլի ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռուսլանա Գեւորգյանը «Ա1+»-ին փոխանցել է, որ մարտի 1-ի դեպքերից հետո դեռ 3 հոգի շարունակում են հիվանդանոցում գտնվել: Նրանցից մեկը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, եւ վիճակը շատ ծանր է: Մյուսը, որը ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել ու ոտքը գիպսի մեջ է, վաղը դուրս է գրվելու հիվանդանոցից: «Գր.Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող մյուս տուժածի վիճակը կայուն է, սակայն առայժմ դուրս չի գրվելու հիվանդանոցից ու շարունակելու է բուժումը:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.