“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ո՞ր շուն-շան որդին քեզ խփեց, էդ անաստվածը...»

20:37 Yerevan | 16:37 GMT | Tuesday 15 April 2008

Կարինե Հարությունյան

«Ո՞ր շուն-շան որդին քեզ խփեց, էդ անաստվածը...»
Մարտի 1-2: Ութ զոհ: Ու՞թ զոհ: Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ովքեր ռեժիմի՝ ժողովրդի նկատմամբ սարքած սպանդի ժամանակ ներկա են եղել եւ նույնիսկ իրենց մաշկի վրա են զգացել քոչարյանասերժական մահակի-էլեկտրաշոկի-ավտոմատի հարվածները:

Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ում հարազատները զոհվել կամ վիրավորվել են. զոհերի մի մասին նույն օրը գրանցեցին, իհարկե, որպես մարտիմեկյան զոհեր, մի՝ ավելի մեծ մասին էլ հանձնեցին հարազատներին, պարտադրելով ստորագրել հետին թվով կամ մի քանի օր առաջվա ամսաթվով ձեւակերպված փաստաթղթերի տակ, թե իբր այս մարդիկ մարտի 1-2-ի հետ կապ չունեն:

Մեկ ամսից ավելի է` կասկածները հանգիստ չեն տալիս նրանց, ում հարազատները վիրավոր են, հիվանդանոցներից փախած կամ էլ հիվանդանոցներում՝ անհույս վիճակում:

...Արարատի մարզի Տափերական (նախկին՝ Կիրովի սովխոզ) գյուղում կիրակի թաղում էր: Զինծառայող, 19 տարեկան Տիգրան Էդիկի Աբգարյանի՝ Մարտի 1-ի զոհերից մեկի: Տիգրանը այսքան ժամանակ հիվանդանոցում էր, կռիվ էր տալիս մահվան հետ: Բժիշկները հարազատներին հուսադրել էին, թե լավ է լինելու, հետո էլ, թե՝ եթե առաջին երկու շաբաթվա ընթացքում վիճակը չլավանա, ուրեմն հույսի մասին խոսք լինել չի կարող: Տիգրանի վիճակը գնալով վատանում էր:

Ինչպե՞ս եղավ, որ հենց հիմա Տիգրանի հոգին «նախընտրեց» երկինքը: Բժիշկները եւ նրանց հրահանգ տվողները այդ մասին լավ կիմանան: Հարազատներից միայն մորն են թողել այցելել Տիգրանին: Նույնիսկ թույլ չեն տվել նայել վերքերը: Սա, իհարկե, հասկանալի է դառնում, երբ նկատի ենք ունենում շրջանառվող լուրերը. «Շատերի կյանքն են այսպես արհեստականորեն ձգել, քանի որ հրաման է եղել պահել մինչեւ ապրիլի 9-ը՝ Սերժը երդում ուտի, հետո»:

Դիահերձման ժամանակ նույնպես մարդ չեն թողել հարազատներից: Մի քանի բժիշկ են եղել եւ քաղաքացիական հագուստով մարդիկ, ենթադրվում է՝ ԱԱԾ աշխատողներ: «ԿԳԲ-եշնիկները», ըստ երեւույթին, հսկել են, որ դիահերձող բժիշկները լավ կատարեն հրահանգը՝ նոր կտրվածքներով հնարավորինս խեղաթյուրել պատկերը, որպեսզի հարազատները չհասկանան, թե իրենց Տիգրանը իրականում ինչ վնասվածքներ է ունեցել:

Տիգրան Աբգարյանը զորակոչվել էր բանակ 2007-ի մայիսին: Նա ծառայում էր ոստիկանության զորքերի N զորամասում: Իրենց ընկերոջը հրաժեշտ տալու էին եկել զորամասի նրա ընկերները, որոնք իմ հարցերին խուսափողական պատասխան էին տալիս: Երեխեք դուք էլ էի՞ք մարտի 1-ին այնտեղ. «Հա»: Իսկ ո՞նց եղավ, որ Տիգրանը վիրավորվեց. «Չգիտենք, չենք տեսել»: Երկու-երեք մետրի վրա կանգնած էին զորամասի սպաներ եւ...զորամասի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստյանը: Վերջինիս հարցրեցի՝ որտե՞ղ է վիրավորվել Տիգրանը: Ասաց. «Ես չեմ պատրաստվում հարցազրույց տալ»: Ես հարցազրույց չեմ ակնկալում, այլ ընդամենը մի հարցի պատասխան. «Հիմա դրա ժամանակը չի»: Կողքից մի սպա՝ գնացեք, հա՞: «Լավ, ինչպե՞ս է Ձեր անունը»: Շրջվեց: Դե, քանի որ գնդապետ Արսեն Գալստյանը հարցազրույց տալու միտք չուներ, հարցուփորձ արեցի Տիգրանի ծնողներին ցավակցելու եկած համագյուղացիներին: «Կռվից հետո է սպանվել: Պատի տակ կանգնած է եղել: Լեոյի փողոցում: Կրակել են: Զինվորը՝ զինվորին: Այ քեզ բանակ»: «Ասում են՝ ցուցարարներն են արել: Ցուցարարների ձեռքին զենք չի եղել: Իրենց արածը ժողովրդի վրա են գցում: Ապրում ենք աբսուրդի երկրում»: «Էսպես շատերին են պահել, որ ամսի 9-ը անցնի, վախեցել են զոհերի թիվը շատ ասեն»: «Շարքում կանգնած հենց էս երեխային է կպել: Դա հետաքրքիր է: Ինչի՞ հենց նրան: Իրանց կամանդիրը կանգնեցրած է լինում, որ տանի չաստ, արդեն ամեն ինչ վերջացած է լինում: Գիշերն է եղել: Ժամը մեկին, չէ` երկուսին»: «Չէ, երեքի մոտերքն ա եղել: Խելոք իրա համար կանգնած ա եղել պատի տակ: Սրտներս ցավում ա էս մեր երեխեքի համար, տարան կոտորեցին: Սուտ են ասում, թե ութ հոգի ա զոհվել: Տեսա՞ք, մեկն էլ ավելացավ ու դեռ շատ կան ըսենց զինվորներ ու քաղաքացիներ, որ ծանր են ու պահել են: Հիմա հերթով տալիս են հարազատներին: Մեկն էլ կա, երկու ոտքերին են կրակել: Գանգրենա է սկսվել, ոտքերը կտրել են: Վիճակն էլ ծանր է»:

Ինչպես ասում են՝ անկրակ ծուխ չի լինում: Եվ այդպես էլ կա: Դեռ Տափերականում լսեցի, որ կողքի գյուղերից մեկում մի դիակ են բերելու՝ մարտի 1-ի զոհերից: Գյուղի անունը չկարողացա ճշտել եւ միայն ուշ երեկոյան տեղեկացա, որ Եղեգնավան գյուղի բնակիչ 29-ամյա Սամվել Հարությունյանի մասին է խոսքը: Վերջինս գլխի վնասվածք էր ստացել: Նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չեն կարողացել: Ասում են, որ միայն Արարատի մարզում մի քանի այդպիսի զոհեր կան՝ զինվորներ եւ քաղաքացիներ: Մարտի 1-2-ի վիրավորների եւ զոհվածների հարազատներին խնդրում ենք դիմել մեր թերթի խմբագրություն:

Հիմա: Ի՞նչ նպատակ էր հետապնդում գործող ռեժիմը այս վիրավորների փաստը թաքցնելով: Առաջին. թաքցնելու համար զոհերի եւ վիրավորների իրական թիվը: Երկրորդ. համաձայն համապատասխան օրենքի` զինծառայողներին իրավունք չունեն տանել նման գործողությունների: Հասարակական կարգը պահպանելու համար ոստիկանություն գոյություն ունի: Իսկ Տիգրան Աբգարյանը, ինչպես այն մատղաշ տղաները, որոնց ժողովուրդը տեսավ Մարտի1-ի առավոտյան եւ ապա՝ ողջ օրվա ընթացքում, զինծառայողներ էին: Երրորդ. որպեսզի ծածկադմփոցի միջոցով բացառեն անկախ փորձագետների մուտքը երկիր ու մասնակցությունը դատաբժշկական փորձաքննություններին: ...Ասում են, որ Մարտի 1-ի կեսօրին շատ ծնողներ են եկել Օպերայի շենքի մոտ՝ տեսակցելու իրենց երեխաներին: Տիգրան Աբգարյանը հանգստացրել է, թե՝ գնա, մամ ջան, ասում են տանելու են զորամաս: Զորամաս, իհարկե, չեն տարել ու չէին էլ տանելու: Դա ասվել է միայն ծնողներին հանգստացնելու, տղաներին հոգեբանական ճնշումներից հեռու պահելու նպատակով:

Ոստիկանության զորքերի N զորամասի զինծառայող, մարտիմեկյան զոհ Տիգրան Աբգարյանի ծնողներին ցավակցելու էին եկել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Խաչատրյանը:

Բայց որդի կորցրած մոր համար մխիթարություն չկա. «Բա հայը հայ զինվորին կխփի՞: Ո՞ր շուն-շան որդին քեզ խփեց, մի՞թե նա երեխա չուներ, էդ անաստվածը»:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.