|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իշխանությունները փաստեցին ԼՂ խնդրի շուրջ անելանելի իրավիճակը20:35 Yerevan | 16:35 GMT | Tuesday 15 April 2008Էմմա Գաբրիելյան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել է, որ առաջիկայում կարող է կայանալ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահները ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ասել են, որ կարող են առաջիկայում նման հանդիպում անցկացնել», - ասել է Մ.Բրայզան` առանց այդ հանդիպման վերաբերյալ մանրամասներ հաղորդելու: Նա նաեւ նշել է, թե անհրաժեշտ է Ս.Սարգսյանին մի փոքր ժամանակ տալ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցելու համար: Ամերիկացի համանախագահը չի բացառել ԼՂ-ի մասնակցությունը բանակցային գործընթացին, սակայն կարծիք է հայտնել, որ կա բանակցությունների գործող ձեւաչափ, եւ հիմա անհրաժեշտ է պահպանել տվյալ ձեւաչափը: «Ես զգում եմ, որ Ադրբեջանի կողմից կա բանակցությունները շարունակելու ցանկություն, սակայն նրանք ունեն այդ փաստաթղթում փոփոխություններ անելու այնքան իրավունք, որքան նաեւ Հայաստանը: Ես որպես միջնորդ պետք է համագործակցեմ երկու կողմերի հետ, որպեսզի օգնեմ ընդհանուր լեզու գտնել», - ընդգծել էր Բրայզան: Գնահատելով ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը՝ ամերիկացի դիվանագետը նկատել է, որ միջնորդները շատ արդյունավետ են աշխատում, եւ այսօր դա ամենաընդունելի ձեւաչափն է: ԵԱՀԿ գործող նախագահ, վերջերս Ֆինլանդիայի արտգործնախարար նշանակված Ալեքսանդր Ստաբը նույնպես անդրադարձել է բանակցային համակարգերի թեմային. ելույթ ունենալով կազմակերպության Մշտական խորհրդի նիստում` նա պաշտպանել է սառեցված հակամարտությունների կարգավորման գոյություն ունեցող բանակցային մեխանիզմները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵԱՀԿ ՄԽ-ին ու նրա համանախագահներին: ԵԱՀԿ նոր ղեկավարը անհրաժեշտ է համարել ուշադրությունը կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնցում կարելի է իրական փոփոխությունների հասնել, այդ թվում՝ սառեցված հակամարտությունների լուծման վրա. «Մենք պետք է լրջորեն վերաբերվենք, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների լուծմանը: Իմ նպատակն այն է, որ ակտիվացնենք այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպատակամղված ջանքերը», - ասել է Ալեքսանդր Ստաբը: Պաշտոնական Երեւանը բանակցային գործընթացի ուղղությամբ, թերեւս, պաշտոնական Բաքվի քայլերին ի պատասխան նախաձեռնություններով է սկսել հանդես գալ. անցյալ շաբաթ հայտնի դրաձավ, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԼՂ խնդրի առնչությամբ հայտարարություն է նախապատրաստվում: Ապրիլի 10-ին խորհրդարանն անցավ արտահերթ կարգով ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագծի քննարկմանը, ապրիլի 8-ին այդ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախաձեռնությամբ: Չնայած այն բանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանն առայժմ գերադասում է տեսնել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, խոսվում է, որ ԱԺ-ն իր կողմից ընդունվելիք հայտարարության մեջ ամենայն հավանականությամբ հստակորեն չի ամրագրելու այդ ցանկությունը, քանի որ ըստ հայտարարության հեղինակ ԱԺ նախագահի` «Հայաստանը պետք է պատրաստ լինի միջազգային այլ ատյաններում եւս խնդրի քննարկմանը»: Խորհրդարանականները կարծում են, որ ԱԺ հայտարարության մեջ պետք է լինեն նաեւ որոշ կտրուկ եւ կոշտ գնահատականներ. մասնավորապես կարծիք կա, որ Հայաստանի ռազմավարությունը առաջիկայում պետք է փոխվի` Տ.Թորոսյանը նշել է, թե Հայաստանը պետք է իր խնդիրները առաջադրի նույն ՄԽ համանախագահներին, սակայն ոչ այն ձեւով, ինչպես դա անում է Ադրբեջանը` առանց որեւէ շանտաժի. «Կա փաստաթուղթ, որով սահմանված է համանախագահների մանդատը, եւ որեւէ մեկը որեւէ իրավունք չունի դրանից դուրս գալու: Ինքս դժգոհ եմ իրենց պահվածքից, հատկապես համանախագահներից մեկի պահվածքից, մյուս երկուսը շատ ավելի զուսպ են իրենց պահում: Կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թե ում մասին է խոսքը: Ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում նաեւ պարոն Բրայզայի անունը նշել եմ ուղիղ», - ասել էր Տ.Թորոսյանը` իր զայրույթը բացատրելով այն հանգամանքով, որ հենց համանախագահների անհեռատես հայտարարությունների պատճառով է վերջին շրջանում սրվել իրավիճակը, քանի որ այդ հայտարարությունները կեղծ պատրանքներ են ստեղծում ու թյուրիմացության մեջ են գցում Ադրբեջանի բնակչությանը` այդպիսով նպաստելով հայատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների խորացմանը: ԱԺ նախագահը ավելի է մանրամասնել. «Իրենց վերջին հայտարարություններում համանախագահները կարծես թե մոռացել են, որ երկու սկզբունք էր դրված այն փաստաթղթի հիմքում, որը նախապատրաստվում է, եւ անընդհատ խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Բայց ակնհայտ է, որ ՄԽ համանախագահների մանդատը պահանջում է անաչառ եւ անկողմնակալ դիրքորոշում», - նկատել էր Տ.Թորոսյանը: Իսկ ԱԺ-ի կողմից հայտարարություն ընդունելու անհրաժեշտությունն, ըստ Տ.Թորոսյանի, առաջացել է, քանի որ վերջին շրջանում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի զարգացումները լավատեսություն չեն ներշնչում: Այդ իսկ պատճառով հայտարարության միջոցով ԱԺ-ն «հանրապետության նախագահին եւ կառավարությանն առաջարկում է ակտիվացնել եւ ընդլայնել ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերն ու հնարավորությունները, ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանին հնարավորություն կտան ապահովել ԼՂՀ լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը»: Որ պաշտոնական Երեւանն արդեն արձանագրում է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի «զարգացումները լավատեսություն չեն ներշնչում»` իհարկե անվիճելի փաստ է, սակայն անհասկանալի է, թե ինչու է դրանում մեղադրում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին... Ռ.Քոչարյանի տասնամյա իշխանավարումը բերելու էր նման իրավիճակի` այս մասին տարիներ շարունակ ասվել է, պարզապես այն ժամանակ իշխանությունները նման նախազգուշացումները համարում էին դավաճանություն: Այժմ արդեն պաշտոնական Երեւանը սկսել է գիտակցել, որ «մենք ոչ թե պետք է ուղղակի սպասենք Ադրբեջանի քայլերին եւ դրանից ելնելով ինչ-ինչ պատասխաններ տանք, ինքներս պետք է լինենք նախաձեռնող տարբեր ուղղություններով»: ԱԺ-ում եւս Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման շուրջ խոսակցություններ են ակտիվացել: Խորհրդարանականներից ստացած առաջարկների առումով Տ.Թորոսյանը նշել է, որ իր համար ընդունելի է հայտարարության մեջ ամրագրել մի քանի նոր մոտեցումներ, մասնավորապես` հայտարարության մեջ կավելացվի հետեւյալ միտքը, որ «պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի միջազգայնորեն ճանաչված ԼՂՀ-ն որպես հակամարտության կողմ անպայման ներգրավվի բանակցությունների մեջ»: Թեեւ խորհրդարանական քննարկումներին ԼՂ ԱԺ-ից որեւէ մեկը չի մասնակցել, բայց հավաստիացնում են, թե ԼՂ-ում տեղյակ են հայտարարության ընդունման մտադրությանը, իսկ քննարկումների մանրամասներին եւ նախապատրաստվող հայտարարությանը ԼՂ-ում կծանոթանան մի քանի օրից, երբ ԼՂ կմեկնի միջխորհրդարանական հանձնաժողովը` քննարկելու հայտարարության հարցը: ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂ խնդրի առնչությամբ պատրաստվող հայտարարության վերաբերյալ խոսեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, թե Հայկական կողմի դիրքորոշումներում փոփոխություններ չկան, պարզապես ԱԺ-ի հայտարարությունն «ուղղված է լինելու երկրի նախագահին եւ կառավարությանը` առաջարկելով պայմանագրային այնպիսի հարաբերությունների հաստատում ԼՂՀ-ի հետ, որը կվերահաստատի եւ միջազգային հանրության ու հենց Ադրբեջանի համար կհստակեցնի, որ ԼՂ անվտանգության հարցը գերխնդիր է: Փաստաթուղթը Հայաստանի սկզբունքները չի փոխում, պարզապես դիմագրավում է այն մարտահրավերները, որոնք կախված են Հայաստանի գլխին»: Գ.Սահակյանի պատկերացմամբ էլ` «իրադրության փոփոխությունը» հետեւանք էր նաեւ միջազգային «տարբեր ուժերի ճնշող գործունեության, որով ցանկանում էին թուլացնել Հայաստանը»: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ օրերս հայտարարությամբ հանդես եկան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունները, որոնք փաստեցին, որ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները «վտանգում են ԼՂ-ի ապագան ու խաղաղության հեռանկարները տարածաշրջանում, ապացուցում քոչարյանա-սարգսյանական վարչախմբի վարած արտաքին քաղաքական կուրսի սնանկությունը»: Հայտարարության համաձայն` վերջին 10 տարվա ընթացքում «Հայաստանի վարչախմբի ապաշնորհ քաղաքականության կործանարար արդյունքների գագաթնակետն էր ՄԱԿ-ի ԳԱ մարտի 14-ի բանաձեւը, որով «վերահաստատվեց» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվեց «բոլոր հայկական ուժերի անհապաղ, լիակատար եւ անվերապահ դուրսբերում Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից»: ՄԱԿ-ի ԳԱ այս բանաձեւը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջազգային դիրքերը վնասող աննախադեպ փաստաթուղթ է` ասված էր հայտարարության մեջ, որով փորձ է արվում կանխորոշել ԼՂ-ի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս եւ միակողմանի զիջումներ է պահանջվում հայկական կողմից. «1994թ. ռազմական եւ դիվանագիտական հաղթանակների շնորհիվ հաջողվել էր հասնել նրան, որ ԼՂ-ն ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի կողմից ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, ինչով սկիզբ դրվեց ԼՂՀ ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Սակայն 1999-ին ստորագրելով ԵԱՀԿ Ստամբուլի «Խարտիան», Հայաստանի իշխանությունները նախ ըստ էության ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նաեւ վարչախմբի հանցավոր նախաձեռնությամբ ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչի հետեւանքով ԼՂ պայքարը ինքնորոշման համար վերածվեց տարածքային վեճի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», - նշված էր հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները համարում են, որ այդ բանաձեւի ընդունմամբ ՄԱԿ-ում կանաչ լույս է վառվել միջազգային տարբեր ատյաններում ադրբեջանանպաստ փաստաթղթերի ընդունման համար, ինչին ի զորու չի լինելու դիմագրավել հեղինակությունը կորցրած ՀՀ դիվանագիտությունը: «ԼՂ-ի փրկության գործում մենք ունենք մեկ միջոց ու ճանապարհ. Հայաստանը դարձնել բարձր լեգիտիմ իշխանությամբ օժտված ժողովրդավարական երկիր», - ընդգծել էին Լ.Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունները: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |