|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվրոպայի ճակատագիրն է մեր ձեռքում, ոչ թե մերը` նրանց20:32 Yerevan | 16:32 GMT | Tuesday 15 April 2008Արամ Ամատունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցի լսումն ու քննարկումն, անկասկած, կարեւոր իրադարձություն է: Այսինքն` այն կարեւոր է այնքանով, որքանով որ կարեւոր է ԵԽԽՎ-ն ընդհանրապես: Կարեւորությունն, ինչ խոսք, հարաբերական հասկացություն է: Օրինակ` արեւը: Լվացքը չորացնելու համար այն շատ կարեւոր է, բայց ահա բույսերը ջրելու տեսանկյունից արեւը կարծես թե ավելի շատ խանգարում է, քան օգնում: Կլինեն, անկասկած, հարցեր, որոնցում ԵԽԽՎ-ն կարեւոր դերակատարում ունի եւ ազդեցիկ կառույց է, բայց կլինեն, անկասկած, նաեւ հարցեր, որոնց պարագայում ԵԽԽՎ-ն ոչ միայն չի օգնում, այլ նույնիսկ խանգարում է: Խնդիրը պարզապես երեւի այն է, թե Հայաստանը հիմա ինչ անհրաժեշտության առաջ է կանգնած` լվացք չորացնելու, թե բույսը ջրելու: Իսկ Եվրոպայի խորհրդի ԽՎ-ն կարծես թե իսկապես նման է արեւին: Այն տաքացնում է ցուրտ հոգիները, նույնիսկ շատ, կարող է բարձրացնել մարդկանց տրամադրությունը, եթե ասենք չի ընդունում կեղծված ընտրությունների արդյունքները կամ ընդունում է դրանք` մի դեպքում բարձրացնելով ընդդիմության, իսկ մյուս դեպքում իշխանությունների տրամադրությունները: Դրանից բացի, ապրիլի 12-ի դեպքերի կապակցությամբ ԵԽԽՎ-ն ցույց տվեց նաեւ, թե ինչպես է կարողանում չորացնել սպիտակեղենը, այն, որ մերոնք` Շավարշ Քոչարյանն ու Արտաշես Գեղամյանը, տարել էին Ստրասբուրգ: Միգուցե տանողներից էր, որ ԵԽԽՎ-ն չորացրեց այդպես` լեգիտիմացնելով իշխանությունների պատժիչ գործողությունները, որոնց հետեւանքով, ի տարբերություն 2008-ի, բարեբախտաբար մենք ոչ մի զոհ չունեցանք: Միգուցե Շավարշ Քոչարյանն ու Գեղամյանը ճանապարհին այնպես էին քամել այդ սպիտակեղենը, որ ԵԽԽՎ համար մեծ ջանք էլ չեր պահանջվում այն շատ արագ չորացնելու ու մի կողմ դնելու համար: Բայց թերեւս հենց այն, որ ԵԽԽՎ-ն իր վրա վերցնելով «արեւային» գործառույթները, այդպես չորացրեց 2004 թվականին իր մոտ տարած սպիտակեղենը, իշխանությունները նույն «լվացքը», եւ ավելի ջերմեռանդորեն, կրկնեցին 2008 թվականին` արդեն զոհերով: Հիմա հարց է առաջանում, թե արդյոք այս անգամ, բացի իշխանությունների արած «լվացքը» չորացնելուց` էլ ի՞նչ կարող է անել ԵԽԽՎ-ն, որը կնպաստի Հայաստանում օրինականության եւ սահմանադրական կարգի վերականգնմանը: Կարո՞ղ է, արդյոք, եվրոպական արեւը ջրել մեր բույսը, որի սերմը դրվեց հայկական հողում, նաեւ մարտի 1-ի այն անմեղ նահատակների մարմնով, որոնք ելել էին ազատության ու օրինականության համար պայքարի: «Ոռոգման» առումով ԵԽԽՎ քննարկումներից մեր հույսերը երեւի թե ավելորդ են: Դա ոչ միայն նախկին քննարկումներն են ցույց տվել, այլ նաեւ եվրոպացիների կեցվածքը մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի իշխանությունների գործողությունների հանդեպ: Եվրոպայի խորհուրդը, դրա խորհրդարանական վեհաժողովը այդպես էլ չհասկացան, որ Հայաստանը, բացի իրենց աշխարհաքաղաքական շահը ներառող տարածք լինելուց, նաեւ հենց իրենց տարածքն է, երկիր է, ուր բնակվում են քաղաքացիներ, եւ իրենց շահը չի կարող լիարժեքորեն իրացվել, եթե չի իրացվում այդ երկրում բնակվող քաղաքացիների շահը: Ակնկալել, որ այս քննարկումների ընթացքում եվրոպացիները կհասկանան դա, երեւի թե միամտություն է: Հետեւաբար ինքնին միամիտ է կարծել, որ Հայաստանում ինչ-որ բան կարող է փոխվել դեպի օրինականությունն ու դեպի Սահմանադրությունը, երբ Եվրոպայում քննարկում են Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հարցը: Ավելին` այն հույսերը, որ մեր հասարակության տարբեր շերտեր ու խմբեր, ընդ որում` շատ հաճախ բավական ազդեցիկ ու պոտենցիալ ունեցող խմբեր, կապում են եվրոպացիների հետ ընդհանրապես, եւ ԵԽԽՎ-ի հետ մասնավորապես, իրականում էլ ավելի են մեծացնում հայաստանյան իրադարձությունների վրա եվրոպական կառույցների գործողությունների բացասական ազդեցությունը: Այն իռացիոնալ հույսերը, որոնք ամեն անգամ լինում են ու չեն արդարանում` հասարակական հոգեբանության մեջ ստեղծում են որոշակի ակնկալիքներ Եվրոպայից, սակայն երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, հանրությանը պատում են հուսահատությունն ու հիասթափությունը: Իսկ հիասթափությունը տոտալ զգացում է, այն չի վերաբերում կոնկրետ առարկայի կամ կոնկրետ երեւույթի: Հիասթափված մարդը անտարբեր է դառնում ամեն ինչի հանդեպ: Այսինքն` նմանօրինակ յուրաքանչյուր զարգացման դեպքում Հայաստանի հասարակությունը ստանում է հիասթափության հերթական դոզան: Ստացվում է, որ Եվրոպայի կառույցներն իրենց բացառապես կոնյունկտուրային ու քաղաքական որոշումներով ոչ միայն Հայաստանի իշխանությունների անօրինականություններն են խրախուսում ուղղակի կամ անուղղակի, այլ նաեւ իրենց հանդեպ սերմանված ակնկալիքները չարդարացնելու միջոցով որոշակիորեն անտարբեր են դարձնում հայաստանյան հասարակությանը, այդպիսով սառեցնելով քաղաքացիական ակտիվության ներուժը: Այսինքն` եվրոպական կառույցների հանդեպ հավատի ներշնչումը, իրականում, եվրոպացիների գործողությունների ու կեցվածքի հետեւանքով այդ հավատի իռացիոնալության ի հայտ գալուց հետո, ոչ միայն դառնում է այդ կառույցների հանդեպ վստահության պակասի, ինչը, անկասկած, մեր խնդիրը չէ, այլ եվրոպացիների, այլ սեփական ներուժի հանդեպ հայաստանյան հասարակության ոչ ադեկվատ վերաբերմունքի ձեւավորման պատճառ: Այլ կերպ ասած` մեր հասարակությանն այժմ բացարձակապես չպետք է հետաքրքրի, թե ինչ է կատարվում եւ կատարվելու Ստրասբուրգում: Այդ նրանց, Ստրասբուրգին, Փարիզին, Մոսկվային, Լոնդոնին եւ Վաշինգտոնին ու մնացյալ բոլոր քաղաքներին պետք է հետաքրքրի, թե ինչ է կատարվում Հայաստանի հասարակության, քաղաքացիների հոգում ու մտքում, որոնք հոգնել են եվրոպական արժեքների ու մարդու իրավունքների մասին միայն լսելուց, եւ որոշել են այլեւս սեփական ձեռքով դրանք վերականգնել Հայաստանում, առանց կողմնակի օգնության: Եվրոպային պետք է հետաքրքրի, թե ինչ է կատարվում այստեղ, մեր քաղաքացիների հոգում, սրտում ու մտքում, որովհետեւ այն քաղաքականությունը, որ իր իսկ հռչակած արժեքների հանդեպ իր սահմաններից դուրս վարում է Եվրոպան, վաղը բումերանգի նման հետ է վերադառնալու եւ հարվածելու է սահմաններից ներս կառուցված արժեհամակարգին էլ, ինչն արդեն սկսել է տեղի ունենալ: Իսկ այդ դեպքում կորուսյալ Եվրոպան հենց Հայաստանի քաղաքացիների մոտ են փնտրելու ու գտնելու: Այն քաղաքացիների, որոնց ծեծում են ու ձերբակալում Եվրոպայի լուռ հայացքի ներքո, բայց որոնք շարունակում են այդ արժեքները արմատավորել ամենուր, քանի որ այդ մարդկանց արածը քաղաքականություն չէ, այլ քաղաքացիություն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |