|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սիլ գրուպը» հավատում է արդարության հաղթանակին20:24 Yerevan | 16:24 GMT | Tuesday 15 April 2008Մարինե Խառատյան ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ գրուպի» դեմ հարկային, դատական եւ հնարավոր բոլոր ձեւերով հետապնդումները շարունակվում են. կալանավորված են կոնցեռնի տնօրեններ եւ աշխատակիցներ: Հիշեցնենք, որ Սուքիասյանի դեմ հետապնդումները սկսվեցին այն օրից, երբ պատգամավորը կանգնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ու միացավ համաժողովրդական Շարժմանը: Քաղաքական հայացքների համար պատգամավորը հետապնդվում է Տեր-Պետրոսյանի համակիրների դեմ հարուցված չարաբաստիկ 300 հոդվածի շրջանակում: Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ գրուպը», որը նաեւ Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է, երեկ հանդես է եկել հայտարարությամբ: «Միայն ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուին աջակցելու համար Խաչատուր Սուքիասյանի դեմ քրեական գործ հարուցվեց եւ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ Ազգային ժողովի հնազանդ եւ կամազուրկ պատգամավորների համաձայնությամբ նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Սակայն մենք համոզված ենք, որ օրինականությունն ու արդարությունը, միեւնույնն է, վերականգվելու են Հայաստանում, եւ ազատական, ժողովրդավարական գաղափարները, որոնց կրողն է եւ որոնց համար պայքարում է Խաչատուր Սուքիասյանը, անպայման հաղթելու են», - ասված է հայտարարության մեջ: «Այսօր դժվար է ասել, թե ում թելադրանքով է, որ մի շարք պետական հաստատություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ հրաժարվում են (նույնիսկ նյութական եւ աշխատանքային կորուստներ կրելով) «Սիլ-կոնցեռնի» մատուցած ծառայություններից, որ քաղաքապետարանը ինչ-ինչ պատճառաբանությամբ արգելում է շինարարական աշխատանքները: Դժվար է տրամաբանել, թե ինչ վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը Սուքիասյանների ընտանիքի անդամները, եթե գաղտնալսվում են նրանց հեռախոսազրույցները եւ գաղտնահսկվում է նրանց տեղաշարժը»: Այնուհետեւ թվարկվում են կոնցեռնի դեմ կիրառված տարատեսակ հետապնդումները: «Հետապնդումները սկսվեցին 2007թ. սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյանը «համարձակվեց» ընդունել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերը` մասնակցելու Հայաստանի Անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Սեպտեմբերի 24-ին «Երեւանի ալրաղաց» ԲԲԸ գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի) գրքերում գրանցման ճշտության ստուգման պատրվակով մի խումբ հարկային տեսուչներ` ոստիկանների ապօրինի ուղեկցությամբ ներխուժեցին ձեռնարկություն: Ստուգումների արդյունքում որեւէ խախտում չարձանագրվեց: Ստորագրվեց համապատասխան ակտ: Սակայն քաղաքական պատվերով առաջնորդվող հարկային տեսչությունը չէր ցանկանում գնալ օրինական ճանապարհով: Տեսուչները հայտարարեցին, որ կասեցնում են ստուգումները, ինչը օրենքից դուրս, կամայական որոշում էր, քանի որ ստուգումները ավարտված էին եւ ակտավորված: Օրեր անց նորից ոստիկանների ուղեկցությամբ (ինչը յուրահատուկ «ավանդույթ» դարձավ «Սիլ-կոնցեռնի» ձեռնարկությունները ստուգելիս) հարկային մարմինների տեսուչները ներխուժեցին ձեռնարկություն եւ, ոտնահարելով օրինականության բոլոր նորմերը, կազմեցին նոր կեղծ ու ապօրինի ակտ: Առ այսօր երկրի բոլոր պատկան մարմինները չեն արձագանքում ընկերության գանգատներին եւ հայցադիմումներին, իսկ ալրաղացի աշխատանքները երկար ժամանակ ձախողված էին: Հոկտեմբերի 18-ին հարկային տեսուչները` ոստիկանության 25 աշխատակիցների ուղեկցությամբ, խախտելով ստուգումների մասին օրենքների պահանջները, ներխուժեցին «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ` հարկային պարտավորությունների կատարման ճշտությունը ստուգելու պատրվակով: Հոգեբանական եւ ֆիզիկական ճնշմամբ շինծու խոստովանություններ կորզեցին մի քանի աշխատակիցներից, ձերբակալեցին ընկերության տնօրեն Գ.Սաֆարյանին (որն առ այսօր կալանքի տակ է)` հարկային պարտավորություններից խուսափելու անհիմն մեղադրանքով: Ապա ապօրինի կալանք դրեցին Սուքիասյան ընտանիքին պատկանող այն անշարժ գույքերի վրա, որոնք վարձակալությամբ օգտագործում էր «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ-ն: Այդպիսով, կոպտորեն խախտվեցին օրենքի (ՀՀ Սահմանադրության 8 եւ 31 հոդվածներ, Քաղաքացիական օրենսգրքի 163 եւ 60-րդ հոդվածներ) նորմերը, ինչը մեր ուսումնասիրություններով նախադեպը չունի մեր երկրի նորագույն պատմության մեջ: Այդօրինակ եւ շարունակվող հարկային մարմինների եւ ոստիկանության գործողությունների արդյունքում ահաբեկվեցին ընկերության բազմաթիվ աշխատակիցներ, կազմալուծվեց ընկերության բնականոն աշխատանքը, զգալիորեն նվազեցին նրա եկամուտները եւ, հետեւաբար, հարկային մուծումները պետբյուջե: 2007թ. հոկտեմբերի 10-ից հետո հարկային տեսչության աշխատակիցները` տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ ներխուժեցին «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ` խախտելով հերթական ստուգման ժամկետները: Նշենք, որ նախկինում բազմաթիվ ստուգումների արդյունքում այստեղ մշտապես արձանագրվում էր հարկային պարտավորությունների անթերի կատարում: Ստուգման նախնական ակտով ընկերությանը փորձում էին պարտադրել որպես տույժ եւ տուգանք այնպիսի մի խոշոր գումար, որի մարումը հնարավոր չէր գործարանի անգամ աճուրդային վաճառքի հասույթով: Հետագայում հասկանալով, որ նման մեղադրանքները անհիմն են եւ կարող են հասարակական մեծ արձագանք գտնել` ոստիկանության աշխատակիցները սկսեցին հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ գործադրել գործարանի աշխատակիցների վրա` փորձելով նրանցից կորզել սեփականատերերին եւ ղեկավարներին վարկաբեկող տվյալներ: Այնուհետեւ ձերբակալվեց գործարանի տնօրեն Ս.Հովհաննիսյանը (նա առ այսօր մեկուսարանում է եւ ապրիլի 1-ի դրությամբ հացադուլ է հայտարարել): Ավելին` Ռուսաստանի պատկան մարմիններին նույնիսկ հաղորդում էր հղվել ՀՀ ոստիկանության կողմից, որ «Բջնի» հանքային ջրի շշալցումը կատարվում է գետակից, սովորական աղբյուրի ծորակից, բայց ոչ «Բջնի» հանքից: Հայաստանի որոշ պետական պաշտոնյաներ նույնպես փորձել են Ռուսաստանի իրենց գործընկերների միջոցով վարկաբեկել «Բջնի» հանքային ջրի բարի համբավը արտերկրում: ՀՀ մաքսային պետական կոմիտեն տարիներ շարունակ որեւէ հիմք չի ունեցել եւ հետեւաբար պայմանագրային արժեքի դիմաց շուկայական գին չի սահմանել «ADIDAS» ապրանքատեսակի նկատմամբ, որը ներկրում է «Սպորտ-թայմ» ՍՊԸ-ն: Սակայն 2007թ. հոկտեմբերի 16-ին Հայաստան ներկրված 96 069 300 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքի գնի նկատմամբ ՀՀ Մաքսային օրենսգրքի 91 հոդվածի խախտմամբ կիրառվեց շուկայական գին: Ընկերության գանգատները որեւէ արդյունքի չբերեցին, այն ստիպված կատարեց վճարումները, սակայն նույնիսկ վճարումներից հետո մաքսային մարմինները նորից բարձրացրեցին մաքսազերծվող ապրանքի գինը, ինչի արդյունքում ընկերությունը ստիպված էր վճարել հավելյալ 11 մլն դրամ մաքսավճար: Ավելին` ընկերությանը մատակարարված հաջորդ բեռնաքանակների նկատմամբ կիրառվեց նույն ապօրինությունը: Պարզ է, որ այդ ամենը արվում է ընկերության մրցունակությունը թուլացնելու եւ համապատասխան շուկայից դուրս մղելու ոչ ազնիվ նպատակով: 2007թ. նոյեմբերին մաքսային մարմինները կասեցրին 13 տարի շարունակ հաջողությամբ մաքսային պահեստի գործառույթներ իրականացնող «Տրանս-սերվիս» ՍՊԸ-ի լիցենզիան` ձեւական պատճառաբանությամբ: 2008թ. սկզբին մաքսային մարմինների ուշադրությունը սեւեռվեց «Պարես-Արմենիա» ՍՊԸ-ի վրա, որը «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրանքը Հայաստան միակ ներկրողն է: Վերջին շրջանում երեք խմբաքանակով ընդհանուր առմամբ մեկ միլիարդ երեք հարյուր հիսուն միլիոն դրամի արժողությամբ ներկրված ծխախոտի մաքսամաքրման վճարները ընկերությունը թեեւ ժամանակին վճարել է, սակայն ապրանքը մաքսային պահեստներից բաց չեն թողնում առանց որեւէ պատճառաբանության: «Պարես-Արմենիա» ՍՊԸ-ն նաեւ խոշոր գումարներ է վճարել ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար, սակայն այդ դրոշմանիշերը եւս ընկերությանը չեն տրամադրում: Արդյունքում` հսկայական վնասներ է կրում ընկերությունը, բնականաբար պակասել են բյուջետային վճարումները, դեֆիցիտի պայմաններում կտրուկ աճել է տվյալ սիգարետների շուկայական գինը: Ստուգումներ են անցկացվել նաեւ «Նարեկ» ՍՊ ընկերությունում, Սուքիասյան ընտանիքի անդամներին պատկանող այլ ձեռնարկություններում, որոնց նպատակը միակն էր` շեղել բնականոն ընթացքից այդ ձեռնարկությունների գործունեությունը: Ոստիկանությունը արդեն տեւական ժամանակ է, ինչ ապօրինաբար առգրավել է «Սիլ-կոնցեռնին» պատկանող երեք թանկարժեք մեքենաներ, ինչպես նաեւ մեկ «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, զինամթերք պահելու անհիմն մեղադրանքով նախնական կալանքի է ենթարկել համակարգի աշխատակիցներ Մ.Բաղդասարյանին եւ Ա.Ասատրյանին»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |