|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Աշխարհը եւ մենք20:23 Yerevan | 16:23 GMT | Tuesday 15 April 2008Գոհար Բարսամյան Հյուսիսատլանտյան դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովը, անկասկած, բացեց իր պատմության նոր էջը: 1990-ական թվականներին դաշինքում գործնականում արեւելյան ուղղությամբ ընդլայնման հարցի շուրջ տարաձայնություններ չեն եղել: Օրինակ` Գերմանիան այդ ժամանակներում կամենում էր, որ իր արեւելյան արտաքին սահմանը հեռու լիներ իր սեփական սահմաններից: Լեհաստանը եւ եվրոպական մյուս պետությունները անվտանգության եւ ՆԱՏՕ-ի անդամակցության խորհրդանշական կարիքն ունեին` անվտանգության երաշխիքների հետ կապված: Ռուսաստանը այդ ժամանակ թույլ էր եւ կարողունակ չէր ինչ-ինչ քայլեր ձեռնարկելու: Պատմությունը ցույց կտա, որ Բուխարեստի գագաթնաժողովը կարեւոր է` կապված Ուկրաինայի եւ Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հետ: Ոմանք այն կարծիքն ունեն, որ այս հարցում ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների միջեւ տարաձայնությունը հարաբերական, ավելի ստույգ` մարտավարական բնույթ ունի, քանի որ ՆԱՏՕ-ի համար առավել առաջնահերթ է Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային վահանի ստեղծումը: Ոմանք էլ այն կարծիքին են, թե աճում է Ռուսաստանի հանդեպ վախի զգացումը: Մինչդեռ դա ընդունելի դիրքորոշում չէ. վաղուց հաղթահարված է ռուսաֆոբիան թե Եվրոպայում, թե ԱՄՆ-ում` մրցակցության կոշտ` չգրված օրենքների պահպանմամբ: Մինչ օրս ՆԱՏՕ-ն ընդլայնվում է Կենտրոնական Ասիայում, Մերձբալթիկայում եւ Բալկաններում, իսկ այժմ իր հայացքն ուղղել է Ուկրաինային եւ Վրաստանին: Փորձագետները Ուկրաինայի համար խնդրահարույց են համարում Արեւելյան Ուկրաինան, որն ավելի միտված է դեպի Ռուսաստան` ի տարբերություն Արեւմտյան Ուկրաինայի, որն առանց վարանելու հակված է ՆԱՏՕ-ին: Իսկ Վրաստանի համար խնդրահարույց են Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, որոնց ինքնորոշման կողմնակից է Ռուսաստանը: Այսինքն` Վրաստանը Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների համապատկերում ունի դիսբալանսի խնդիր: Ամեն դեպքում` Ռուսաստանը վերադարձավ միջազգային ասպարեզ, բացի այդ` ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Աֆղանստանի, Իրանի եւ Կոսովոյի հիմնախնդիրների կարգավորման հարթակում ունեն Ռուսաստանի հետ համագործակցելու կարիքը: Դիվանագիտական հարթակում մեծ նշանակություն ունեն նաեւ անձնական հարաբերությունները: Օրինակ` որոշ դիվանագետներ վախենում են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Կոսովոյի հարցում զիջումներ կանի Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը սպառնացել է խոչընդոտել նրա թեկնածությունը երկրորդ ժամկետի առնչությամբ: Ռուսաստանը Պան Գի Մունից պահանջում է, որ նա` իբրեւ նվազագույն երկարացնի առաջարկված` 120-օրյա անցումային ժամանակաշրջանը, որն ավարտվում է հունիսի 16-ին, որից հետո, ըստ ժամանակացույցի, Կոսովոն անկախություն ձեռք կբերի: Ինչու՞ է Վլադիմիր Պուտինը Արեւմուտքից միայն սպառնալիքներ սպասում: Փորձագետ Սերգեյ Ռոմաշենկոյի դիտարկմամբ` Միխայիլ Գորբաչովը իր ժամանակին հավատաց Արեւմուտքին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնի իր գործունեությունը Արեւելքում: Հարց է ծագում. ինչու՞ Մոսկվան պետք է հավատա Արեւմուտքի նոր հավաստիացումներին. դա վերադարձ է դեպի անտագոնիզմ: Դեռեւս 1946 թվականի պատմաբան Ջորջ Քենանը նկատել է, որ «Կրեմլի նեւրոտիկ հայացքը համաշխարհային իրադարձություններին բացատրվում է ավանդական, անվստահության բնազդային զգացումով... Ռուսները միշտ էլ զգուշացել են արտասահմանյան ինտերվենցիայից»: Ի դեպ, ռուսները ինտերվենցիայի ենթարկվել են Լեհաստանի, Օսմանյան կայսրության, Շվեդիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կողմից: Միացյալ Նահանգները դարձել է գերռազմականացված գերտերություն: Ամերիկացիները չեն մոռանում Ստալինի հանցագործությունները, Պուտինի ավտորիտար վարչակարգը: Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանին մնում է պաշտպանությունից անցնելու հարձակման կարծրատիպի: Այս խորապատկերում Հայաստանի համար զգայական գոտի է ռուս-ամերիկյան հարաբերությունները, Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը, ըստ էության, ձախողվեց: Այս առումով դիսբալանսը չափազանց ողբերգական կարող է լինել Հայաստանի համար: ԱՄՆ-ն քաղում է հաղթական դիվանագիտության պտուղները նաեւ Կենտրոնական Ասիայում: Այսպես` Ղազախստանը խոստացել է մի շարք բարեփոխումներ իրականացնել` 2010 թվականին ԵԱՀԿ-ն նախագահելու դիմաց: Հարավային Կովկասում հեռու տեսլական չէ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հարավային Կովկասում, այսպիսով, անվտանգության այլ համակարգ է միջամուխ լինում: Սա կփոխի իրավիճակը ինչպես ողջ տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |