|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հետադարձ հայացք20:22 Yerevan | 16:22 GMT | Tuesday 15 April 2008 Քսաներորդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ողբերգական եղավ. մեծ հերոսամարտերում փառահեղ հաղթանակներ տարած ժողովուրդը դիվանագիտական հարթակում մեծ պարտություններ կրեց: Հարց է ծագում` ինչու՞... Գլոբալ քաղաքականության հարթակում փոքրաթիվ այս ժողովրդի ճակատագիրը դարձավ գերտերությունների տուր եւ առի մանրադրամ... Սովորաբար միջազգային պայմանագրերը պետությունների միջեւ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեւոր- մշակութային, գաղափարախոսական ծրագրված հարաբերակցությունների դրսեւորում են: Առաջին համաշխարհային պատերազմից հետո կնքված Բրեստ- Լիտովսկի, Բաթումի, Սեւրի, Կարսի, Լոզանի պայմանագրերը այս իրողությունների դրսեւորումն են: Ի՞նչ կատարվեց մեր ժողովրդի հետ, մութ դիվանագիտական խոհանոցում ինչո՞վ է բացատրվում մեր ձախողվածությունը: Մի կողմից` հայ ժողովրդի ներուժի առավելագույն հավաքականություն, մյուս կողմից` ժողովուրդ` կանգնած Աստծու եւ իր ճակատագրի առջեւ մեն-մենակ: Դարասկզբի «Նամակ ռուսաց թագավորի» համախտանիշը, դեպքերի զարգացման անկանխատեսելի ընթացքը հանգեցրին Մեծ եղեռնին, ինչը, ուզենք, թե չուզենք, հայ ժողովուրդը դեռ երկար կպահպանի իր գենետիկ հիշողության մեջ: Առաջին համաշխարհային պատերազմում միմյանց դեմ պայքարեցին իրար փոխբացառող ուժերը` «Ատլանտը» (Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը) եւ «Քառյակ դաշինքը» (Գերմանիան, Ավստրո- Հունգարիան, Բուլղարիան): Պատերազմի սկզբին մասնակցեց 8 պետություն` 732 միլիոն բնակչությամբ, վերջին` 33, 5 միլիարդ բնակչությամբ: Հայկական լեռնաշխարհը Կովկասում Թուրքիայի համար խոչընդոտ էր Թուրանի ճանապարհին, հայերը` արգելք համարվող տարր: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Թուրքիան փորձում էր չեզոքություն պահպանել, բայց դա հղի էր իր համար վտանգավոր հետեւանքներով, քանի որ այս երկիրը կանգնած էր մասնատման վտանգի առաջ. Պոլիսը Ռուսաստանին էին խոստացել: Թուրքիայում Էնվեր փաշան այս առումով անընդունելի է համարում այն ժամանակվա վարչապետ Սաիդ Հալիմ փաշայի չեզոք դիրքորոշումը: Առհասարակ` Թուրքիայի համար Առաջին համաշխարհային պատերազմը բավական լուրջ խորապատկեր ուներ. դաշնակից Գերմանիան իր ձեռքից խլել էր Ավստրիան, Բոսնիան, Հերցոգովինան, մյուս դաշնակից Իտալիան բռնազավթեց աֆրիկյան Տրիպոլին, Պենկազին եւ միջերկրական կղզիները: Բացի այդ` Գերմանիան մասնակցում էր հայկական բարենորոգումների ծրագրին: Միաժամանակ հարկ է նշել, որ Գերմանիայի համար շահեկան էր Թուրքիայի զարգացումը եւ հակառակը` նրա մասնատումը ձեռնտու չէր: Եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիային հաջողվեր չեզոքություն պահպանել, ապա հայերի ցեղասպանության համար ռազմա-քաղաքական պայմաններ չէին ստեղծվի: Անգլիայի համար ավելի վտանգավոր էր Գերմանիան, քան Ռուսաստանը, քանի որ Գերմանիան Բասրայի ծոցից ներս տնտեսական նպատակներ էր հետապնդում: Այսպիսով` դարասկզբին Թուրքիայի դաշնակցությունը Գերմանիայի հետ ռազմաքաղաքական պայմաններ ստեղծեց հայ ժողովրդի ցեղասպանությունը իրականացնելու համար: Հայ կամավորականները ռուսական բանակի կազմում կռվեցին, եւ 1914 թվականի դեկտեմբերի 9-ից մինչեւ 1915 թվականի հունվարի 5-ը ընկած մոտավորապես միամսյակում ռուսական բանակը Սարիղամիշի շրջանում գլխովին ջախջախեց թուրքական 110 000-ոց բանակը: Կենդանի մնաց սոսկ 12 000 մարդ: Այդուհետ սկսվում է հայ կամավորականների հաղթարշավը: Սարիղամիշի հաղթանակը հեշտացնում է Անգլիայի վիճակը Սուեզում եւ Իրաքում: Սակայն 1915 թվականի ընթացքում Եվրոպական ճակատում Անտանտի ուժերը որոշ նահանջներ ունեցան: Պատերազմի փոքրասիական ճակատում ռուսական բանակը 1915 թվականի օգոստոսի սկզբին Ալաշկերտի դաշտում ծանր պարտության մատնեց թուրքական բանակին, որը ունեցավ 7000 զինվորի կորուստ: Ալաշկերտի մարտերին մասնակցեց հայ կամավորականների ջոկատը` Վարդան Խանասորցու (Մեհրաբյան) գլխավորությամբ: Ալաշկերտի հաղթանակը ձախողեց Պարսկաստան մտնելու գերմանա-թուրքական հրամանատարության մշակած ծրագիրը: 1916 թվականին Անտանտը ակնհայտ առավելություն ստացավ «Քառյակ դաշինքի» նկատմամբ: Վերդենի մոտ կասեցվեց Գերմանիայի հարձակումը, որտեղ վերջինս կորցրեց 600 հազար զինվոր եւ սպա: Եվրոպական ճակատում լուրջ պարտություն կրեց ավստրո-հունգարական բանակը` կորցնելով 400 հազար զինվոր եւ սպա: Արեւելյան ճակատում ռուսները 1916 թվականի փետրվարի 3-ին գրավեցին Էրզրումը, որտեղ ոչնչացվեց թուրքական բանակի 2/3-ը, այսինքն` 66 հազար մարդ: Էրզրումի գրավմանը եւս մասնակցեցին հայ կամավորականները: Էրզրումի գրավումը ոգեւորություն առաջացրեց Անգլիայում եւ Ֆրանսիայում: Այս երկրները մտածեցին, որ ժամանակն է Ռուսաստանին ներկայացնել Սայքս-Պիկոյի ծրագիրը, համաձայն որի` ասիական Թուրքիայի մեծ մասը բաժանվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի միջեւ, իսկ Արեւմտյան Հայաստանը, Հեքիարի մարզը եւ Սեւ ծովի հարավային մի հատվածն անցնում էր Ռուսաստանին: Այս ծրագիրը 1916 թվականի փետրվարի 25-ին Պետրոգրադում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովին ներկայացրին Անգլիայի եւ Ֆրանսիայի դեսպանները: Այսպիսով` Ռուսական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի ասիական մասի բաժանման մասնակիցներից մեկն էր լինելու: Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում Ռուսաստանը հաջող պատերազմել է 2 ճակատներում, սակայն բոլշեւիկյան հեղաշրջումը սատանայաբար շրջում է պատմության անիվը, Լենինը գրչի մեկ հարվածով ի չիք է դարձնում վելիկոռուսների շահերը. պարտվող Գերմանիայի եւ Թուրքիայի հետ պայմանագիր է կնքում եւ պարտվող կողմին զիջում է Ռուսական կայսրության մոտավորապես 1 միլիոն ք/կմ տարածք: Թուրքիան փրկվում է կործանումից: Հարկ է ընդգծել մի կարեւոր իրողություն եւս, Եվրոպան ցայսօր չի ներում Ռուսաստանին` իրականացրած արյունալի հեղափոխությունների համար, երբ միլիոնավոր մարդկային ճակատագրեր խեղվեցին: Այս համապատկերում ռուսահայերի նկատմամբ դրական վերաբերմունք չկար Եվրոպայում. նրանք համարվում էին նվիրյալ` առաջապահ հեղափոխականներ...: Գործոններ, որոնք ծանր են անդրադառնալու հայ ժողովրդի պատմական ճակատագրի վրա: 1918 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում` Կոմպիենի անտառում գտնվող Ռետոնդ կայարանի մոտ, վագոն-սրահում կնքվեց պատերազմի կարեւորագույն զինադադարը Գերմանիայի եւ Անտանտի միջեւ. Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան Անտանտի կողմից ընդունեց ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը: Առաջին համաշխարհայինը 15 միլիոն մարդու կյանք խլեց, նույնքանն էլ հաշմանդամ դարձավ: Ժողովուրդների վնասները կազմում են միլիարդավոր դոլարներ: Հայաստանը «Անտանտի» կազմում էր: Պատերազմում կրած Հայաստանի վնասը, նվազագույն հաշվարկներով, կազմել է 19 միլիարդ 130 միլիոն 982 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը համարժեք է ԱՄՆ 3 միլիարդ 693 միլիոն 239 հազար 766 դոլարի (ոսկով): Տեղահանվեց 2 միլիոն 650 հազար հայ, սպանվեց 1, 5 միլիոնը: Անդրադառնանք մեր համազգային խնդիրների լուծման արդի միջազգային վիճակին: ՄԱԿ-ն ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հյուսիսատլանտյան դաշինքը եւս ճանաչեց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Վերջին հաշվով` ինչ մակարդակներով էլ ընթանան Ղարաբաղի շուրջ բանակցությունները, միջազգային իրավունքի տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնային է լինելու: Այս դեպքում հարց է ծագում. ինչու՞ 90-ականներին միջազգային հանրության վերաբերմունքը հայամետ էր, հայանպաստ: Մնում է ենթադրել, որ դա կապված էր Հայաստանում մեկնարկած ժողովրդավարական շարժման հետ, երբ դրվում էին ժողովրդաիշխանության հիմքերը: Ժամանակի ընթացքում նոր հաստատվող ժողովրդավարությունը Հայաստանում փոխակերպվեց ավտորիտարիզմի, այդուհետ` տոտալիտարիզմի: Մենք այդ առումով գերազանցեցինք Ադրբեջանին: Աշխարհի վերաբերմունքը նորից փոխվեց մեր հանդեպ: Ասել է թե` համազգային մեր խնդիրները նորից վտանգված են... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |