|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հեքիաթ Դավիթի մասին20:20 Yerevan | 16:20 GMT | Tuesday 15 April 2008Մարինա Բաղդագյուլյան Լոնդոնի փողոցներում մի փոքրիկ տղա էր երգում, պարում, որ տարիներ հետո մեծ բեմերում պարող իր չքնաղ աղջկան մի գիշեր նամակ պիտի գրեր ու պատմեր իր հեքիաթը: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, ապա... ողորմություն հայցում... Ահա նա` Չապլինի հեքիաթը, ով գիտեր, թե ինչ բան է սովը, ինչ է անօթեւան լինելը: Դեռ ավելին` նա ճաշակել էր ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս, եւ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները... Աշխարհի շատ քաղաքների փողոցներում են երգել փոքրիկ տղաները. «Ռայլի, Ռայլի, սիրելին է բոլորի, Ռայլի, Ռայլի, նման տղա չես գտնի...»... Կամ` «Էստի~ համեցեք, էստի~ համեցեք...»... Փողոցում երգող փոքրիկ տղաները կամ Չապլին են դառնում կամ` Գիքոր: Փողոցի պատերին նկարող տղաները կամ Այվազովսկի են դառնում կամ` ոչ ոք, նայած, թե ով է քաղաքապետը: Փողոցներում մի տղա է շրջում եւ առաջարկում իր նկարած կենդանիները, ծաղիկները, եկեղեցիները. «Նկար կգնե՞ք»... Դավիթն է` Երեւանից: Գուցե նա գիտի, թե ինչ բան է սովը, բայց չգիտի` ի՞նչ է անօթեւան լինելը, քանի որ տուն ունի, հայրիկ, մայրիկ, քույրիկ: Ամենաշատ սիրում է դեղինը եւ կարմիրը, որովհետեւ վառ գույներ են, համ էլ լավ են երեւում: Իր տեսած ու ապրած կյանքում իր ընկալած գույներն ավելի շատ մուգ են եղել, ու չտառապածի, բայց արդեն որոշ ճշմարտություններ հասկացածի տոնով ասաց, որ մուգ գույները պիտի լինեն, որ դրանց մեջ կամ կողքին բաց գույները լավ երեւան: Իսկ կյանքում սիրում է խաղաղությունը եւ երջանկությունը: Իսկ երջանկությունը նրա պատկերացմամբ այն վիճակն է, երբ մարդիկ իրար հետ խաղաղ են: Բայց ինքը այնքան էլ երջանիկ չէ, որովհետեւ մարդիկ խաղաղ չեն, որովհետեւ մարդիկ կան, որ շատ եսասեր են, ուրիշների մասին չեն մտածում: «Մեծերը պիտի հասկանան, որ իրենց ու իրենց ընտանիքների մասին մտածելուց բացի` մտածեն նաեւ երկրի ու մյուս հայրենակիցների մասին: Շատերին թվում է, թե իրենք են երկրի տերերը եւ ինչ ուզեն, կարող են անել: Նույնիսկ անտեղի տեղը խոսեն քեզ վրա... Չնայած ես նրանցից չեմ վիրավորվում, որովհետեւ երեւի չեն հասկանում...»: Իր ապրած տասնհինգ տարիների ընթացքում համոզվել է, որ այս կյանքում չարը շատ է, բայց բարին էլ կա: Միայն, ափսոս, չարերը մեծ հնարավորություն ունեցող մարդիկ են: Չնայած չարից չի վախենում, որովհետեւ գիտի` բարին միշտ կա, չարից պետք չէ վախենալ, ուղղակի պայքարել է պետք: Ինքը չարի դեմ պայքարում է շատ պարզ ձեւով` ուղղակի փորձում է լավը լինել, աշխատում է սխալներ եւ հիմարություններ չանել, լավ սովորել, կյանքը իմաստավորել. ահա այսպիսի իմաստուն ձեւով է պայքարում Դավիթը չարի դեմ: Դավիթը իր կարծիքն ու գնահատականն ունի քաղաքական իրավիճակի մասին. «Այս սարսափելի ծեծուջարդը, սպանությունները մի մարդու պատճառով են, որ մեկ անգամ նախագահ դառնալով սխալ միջամտություններ արեց եւ երկիրը ծանր դրության մեջ դրեց: Մյուս սխալը այդ մարդու` երկրորդ անգամ նախագահ դառնալն էր»: «Իսկ կյանքը... կյանքը, - ասում է, - Չես կարող սիրել կամ չսիրել, որովհետեւ մի պահ կարող ես քեզ ամենաերջանիկը զգալ, մյուս պահին թվա, թե քո վիճակը շատ ծանր է»: Իսկ երբ իրեն թվում է, թե իր վիճակը շատ ծանր է, աղոթում է եւ Աստծուն խնդրում, որ իր մեղքերը ների, որ իրեն օգնի: «Նա ինձ լսում է: Եթե ինձ չլսեր, ես չէի կարողանա նկարել: Եթե ինձ չլսեր, հենց հիմա ես ու դու իրար հետ չէինք խոսի...»... Ուզում էի լուսանկարել, չհամաձայնեց` «Չէ, պետք չի: Մայրիկիս ու հայրիկիս ծանոթները ճիշտ չեն հասկանա: Իզուր մայրիկիս ու հայրիկիս համբավը գետնովը կտամ»: Ու պատմեց, թե ինչպես մի լրագրող լուսանկարել էր իրեն, ավել-պակաս բաներ գրել: Հետո ինչ-որ մարդիկ եկել էին իրենց տուն, թե իրենց տղան ու՞մ համար է աշխատում, ու՞մ են տալիս փողերը: Ճիշտ է, մայրիկին օգնում է. երբ պետք է լույսի, ջրի փողը տան, «կասը» բացում է, մամային փող տալիս: «Բայց ես ինձ համար եմ աշխատում: Հիմա դժվար է, բայց հետո լավ կլինի: Հիմա ես գործից շատ բան եմ հասկանում», - շատ լուրջ ասաց Դավիթը: Դավիթը այնքան բան է հասկացել «գործից», որ նրա նկարները հավանել եւ գնել են մի նկարիչ եւ մի մուլտիպլիկատոր: «Ինձ ասացին` ապրես, լավ ես նկարում», - շատ հպարտ ասաց տղան ու ավելացրեց, որ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներն ու դասախոսներն էլ հրավիրել են Ակադեմիա` իրենց աշխատանքներին հետեւելու, ապագայում` սովորելու: Երբ իրականանա Դավիթի երազանքը, եւ նա մեծ նկարիչ կամ ռեժիսոր դառնա, մի գիշեր գուցե նամակ գրի որդուն կամ աղջկան, կպատմի իր հեքիաթը: Հեքիաթ` Երեւանի փողոցներում նկար վաճառող տղայի մասին, ով այնպես չէր ուզում հայրիկի ու մայրիկի պատիվը գետնով տալ, բայց հո գիտեր, որ իր սիրելի հայրիկն ու մայրիկը թույլ չեն տալիս, որ ինքը նկարչության դպրոցում սովորի, որպեսզի շարունակի նկար վաճառել փողոցներում եւ հոգալ տան ծախսերը` ճաշակելով ստորացնող մորմոքը այն փոքրիկ թափառական նկարչի, որի կրծքի տակ փոթորկում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, եւ այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |