“Zhamanak” Armenian-American Political Daily

Անձայնների ձայնով

20:10 Yerevan | 16:10 GMT | Tuesday 15 April 2008

Մարինա Բաղդագյուլյան

«Ոչ բռնությանը», «Ոչ մարդու իրավունքների ոտնահարմանը», «Ոչ կենդանիների իրավունքների ոտնահարմանը», «Ոչ անազատությանը», «Ոչ կեղծիքներին», «Դարձիր անձայնների ձայնը», «Գերի մի եղիր ստամոքսիդ, ուտելուց առաջ մտածիր, թե ինչ, ում ես ուտում»...

Դո, ռե, մի, ֆա, սոլյ, լյա, սի-ով դժվար է սա արտահայտել, բայց չի նշանակում, թե հնարավոր չէ: 1969 թվին «Խաղաղությանը շանս տվեք» երգով Ջոն Լենոնը իր ցասումը հայտնեց Վիետնամի պատերազմին, եւ շատ ամերիկացի երիտասարդներ, ազդված այդ երաժշտությունից, հրաժարվեցին գնալ կռվելու, խեղելու, սպանելու...

Բնամարտ երիտասարդների, բնապահպան ակտիվիստների խմբի` ՆՓԱԿ-ում կազմակերպած մեծ ֆոտոցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը էկոլոգիական ռոք-համերգն էր:

Ռոքը դո, ռե, մի, ֆա, սոլյ, լյա, սի-ի տրամաբանական ու անտրամաբանական համադրումների ու հակադրումների երաժշտությունն է` հոգու վայրենի, խուլ ճիչ, ցավից բյուրեղացած բողոք, պայքար...

Կազմակերպիչներից մեկի` Արտյոմի համոզմամբ ցանկացած ազատ երաժշտություն, նույնիսկ Բախի ստեղծագործությունը, իր մեջ բողոք ունի: Իսկ Բելլա Ավետիսյանի կարծիքով` կարող էր երաժշտական ուրիշ ոճ լիներ, բայց ռոքը ավելի վառ, բացահայտ կարող է արտահայտել այն սուր խնդիրները, որ կան այսօր` բռնություն, անազատություն, ապօրինի եւ «օրինական» ծառահատում, օդի, ջրի աղտոտում եւ այլն:

Եվ այսպես.

2007-ին կայացավ Հայաստանի անտառների մահվան դատավճիռը. Հայաստանի կառավարությունը «ԷյՍիՓի» ընկերությանը թույլատրեց շահագործել Թեղուտի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը:

Հանքի շահագործման հետեւանքով հատվելու է 600 հա անտառ (200000 ծառ): Երբ անհետացման եզրին են հայտնվել հարյուրավոր ծառերի, բույսերի ու կենդանիների տեսակներ:

Ծանր մետաղների եւ թունավոր այլ նյութերի ներթափանցումը հողային, ջրային եւ օդային ավազան ահռելի վնաս կհասցնի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին:

Հանածո հարստությունների միաժամանակյա եւ խոշոր ծավալներով շահագործումը բազում անլուծելի խնդիրներ է առաջացնում: Ընդամենը մոտ 30 հազար քառ.կմ տարածք ունեցող Հայաստանը միաժամանակ չի կարող երաշխավորել համընդհանուր ու հապճեպ հանքահանություն եւ մարդու կյանքի համար տանելի պայմաններ: Սրա արդյունքում լինելու են գերշահույթ ունեցող անհատներ, ովքեր հանքանյութը սպառվելուց հետո կվերադառնան իրենց հայրենիքը, շահույթ ունեցող միջնորդ իշխանավորներ եւ ավերված, կայուն աղտոտված բնական համակարգեր «բաժին» ստացած հայ ժողովուրդ:

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կվերածվի Լուսնի պեյզաժի:

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005թ. հաշվետվության մեջ ԱՊՀ-ում աննորմալ ծնունդներով եւ նմանատիպ խնդիրներով Հայաստանը երկրորդ տեղում է Ղրղզստանից հետո:

...«Օքսենհաում» տոտալ գործիքային խմբի բաս-կիթառահար Վահագն Պապայանը պատմեց, որ կատարումը երեք դպրոցական ընկերների մասին է: Դպրոցն ավարտելուց հետո նրանցից մեկը դառնում է բանվոր, մյուսը` նկարիչ, երրորդը` հաջողակ բիզնեսմեն: «Սա շատ նման է վերջին օրերում ստեղծված իրավճակին, երբ հարազատ, մոտ ընկերներ հայտնվել են գաղափարական տարբեր ճամբարներում: Սա տխուր, բայց անխուսափելի իրողություն է»:

Իսկ մյուս կատարումից առաջ բացատրեց, որ սուտ է, թե Թեղուտի անտառներում անհետացող ծառերի, բույսերի, կենդանիների տեսակներ կան: Խնդիր կա, որ հետապնդվող ավազակապետական բանդան պատրաստվում է թաքնվել հենց Թեղուտի անտառներում, որպեսզի միավորվի այլ հանցախմբերի հետ եւ շարունակի իր «ազգակործան» գործունեությունը: Այնպես որ, Թեղուտի անտառների ծառահատումը նպաստելու է բարգավաճ Հայաստանի կերտմանը եւ առաջ գնալուն...

Արխիվ
Վերլուծական

Խաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը Հայաստանում

Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:

Քաղաքական

Երեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգի

Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:

Աշխարհ

Տիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջված

Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.