“Zhamanak” Armenian-American Political Daily

Հանրապետության Հրապարակը`բռնապետության հրապարակ

20:04 Yerevan | 16:04 GMT | Tuesday 15 April 2008

Մարտին Ասլանյան,
Արամայիս Ասլանյան

ինժեներ նախագծողներ

Երբ հանեցին Lենինի արձանը, մեզ համար ճարտարապետական հրաշք բացահայտվեց: Պատվանդանը ստացավ նոր բովանդակություն` դարձավ Երեւանի ճակատին ամրացված քարակերտ մարգարիտը:

Երեւանի ճարտարապետական դեմքի ինքնատիպ արժեքներին (թեեւ դրանցից մի մասը դեռ մնում է, բայց արդեն ուրվականի կարգավիճակով)` Օպերային թատրոն, կառավարական տուն, ժամացույցի աշտարակով գինու գործարան..., ավելացավ եւս մեկը: Այս մեկն էլ արդեն դարձավ ուրվական, որովհետեւ բոլորն էլ, որպես համակարգի զոհեր, նվաստացված են անխղճորեն: Օպերային թատրոնի շենքը` գերեվարած սրճարաններով եւ Հյուսիսային պողոտայի «մոնստրերով», գինու գործարանը` «Մետրոպոլ» հյուրանոցով, Հանրապետության հրապարակը` չափը կորցրած, աչքը կուրացնող, ուռճացած գիշերային լուսավորվածությամբ, շուրջբոլորը վեր խոյացող, հրապարակը խեղդող ու վեհությունը նսեմացնող «բոնբոներկաներով»:

Լենինի արձանը տեղում եղած ժամանակ մենք ցավ էինք զգում, երբ Պարույր Հայրիկյանի «ազգասեր» տղաները եւ նմանները ապակե ներկ էին շպրտում պատվանդանին ու ավտոմատային կրակահերթով ճանկռոտում ողորկ գրանիտը: Նույնիսկ պայթեցնելու փորձ արվեց. խոյակներով չորս սյուներից մեկի կոր հիմնասալը վնասվեց: Այդ ամենը «նախկին հանցավոր ռեժիմի» նկատմամբ ընդդիմադիր կեցվածքի, այսօր իշխանությանը տիրացած ուժերի «ազգային գաղափարախոսության» գործնական դրսեւորումներից էին: Իսկ երբ սկսվեց պատվանդանի ապամոնտաժումը` արցունքը խեղդում էր մեզ: Սփոփիչ էր պատվանդանը այլ տեղում վերականգնելու որոշումը: Խոսվում էր Հաղթանակի այգու մասին: Այգին այժմ արդեն պուրակ էլ չէ: Ներկայիս իշխանությունները ակնհայտորեն անկախ պետականության ձեռքբերումներն են փչացնում, մաս-մաս իրար մեջ անում, ծախում: Նույն կերպ էլ պատվանդանի գրանիտե քարերն են իրար մեջ արել` զարդարել ինչ-որ մեծահարուստ իշխանամերձի կամ հենց իշխանավորի, նրա ազգականի դղյակի աստիճանները: Պատվանդանի վերականգնման համար ազատ տեղ, որեւէ «այգում», արդեն չես էլ գտնի:

...Անցավ մի քանի տարի, եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Նախճիրին հաջորդած տարվա ընթացքում իշխանությունները մոլեռանդորեն փնտրտուքի մեջ էին՝ հավերժացնելու վնասազերծված Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի հայրենիքին մատուցած ծառայությունները: Այնքան կպած էին հավերժացման գործին, որ չափը կորցրին: Պարզից էլ պարզ էր, որ «հավերժացումը» ոճրագործության հետքերը կոծկելու, հնարավորինս արագ մոռացության տալու գործընթաց էր: Եվ եթե պատվանդանը մնացած լիներ, ապա համոզված ենք, որ այն եւս չէին խնայի, այսինքն` նրա վրա կանգնեցրած կլինեին Կարեն Դեմիրճյանի կամ Վազգեն Սարգսյանի արձանները: Չի բացառվում, որ երկուսը միասին: Դա կլիներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի հիշատակները գռեհկորեն հավերժացնող, այսինքն` դաժանորեն նսեմացնող գլուխգործոցը: Հոկտեմբերի 27-ից հետո միայն հասկացանք, որ պատվանդանի հանումը հրապարակից ճիշտ հաշվարկված, բայց դաժան ու անխուսափելի հեռատես քայլ էր, որովհետեւ փրկվեցին սպանդի զոհերի հիշատակները: Փրկություն` գռեհկությունից, ապականումից, ամենաթողությունից:

Այսօր լավ է, որ պատվանդանի տեղից հսկա հեռուստաէկրանն է հանվել: Այս ամենը գեղցիական (ոչ ռամկական) տեսության, գավառամտության միակ նմուշները չեն Երեւանում: Պատվանդանի տեղում ինչ-որ բան տեղադրելու կամ չտեղադրելու խնդիրը ներկա իշխանությունների խելքի բանը չէ, որովհետեւ նրանք զուրկ են ճաշակից, չափի զգացումից, քաղաքական, գեղագիտական ազատ մտածողությունից, մի խոսքով` անկիրթ են: Թեեւ, կարծում ենք, այդ ուղղությամբ մտմտում են:

Այս ամենի մասին բարձրաձայնող մտավորականներ չեն էլ մնացել: Ծախվածության տոկոսը` մրցանակատենչությունը, կոչումատենչությունը, մեդալամոլությունը լեյկոզի նման հոշոտել է մտավորականության խիղճը, հոգին եւ մարմինը: Ամեն քայլափոխի առնչվում ես նրանց՝ որպես պատվեր կատարողների, դոգմատիկ, պարտադրող, որոշակի մարդկանց շահերը ներկայացնող, նպատակային ու ծրագրավորված, խորթ ու կեղծ մտածողության հետ: Անցած 10 տարիները քիչ չեն համոզվելու համար, որ խաթարվում են բարոյականության, քաղաքական ազատությունների, ազգային մշակույթի, անկախ պետականության հիմքերը, եւ որ ոչ պակաս կարեւոր է` այլ ժողովուրդների, պետությունների հետ հավասարակշռված, փոխշահավետ համակեցության ու համագործակցության սկզբունքները: Այս ամենը անկախ պետականության գաղափարի եւ նրա ծիլերի կորստյան վկաներն են: Մնացել է մեկը` ուժի իշխանությունը: Այս պայմաններում մշակութային հավերժական արժեք չի ստեղծվում: Դրսում` գուցե հնարավոր է: Ինչ էլ որ ստեղծվում է ներսում` զուրկ է ազատ մտքից, քանզի անձնավորված քաղաքական պատվեր է եւ ծառայում է ուժին, ուժով ուռճացած անձի իշխանությանը` բռնապետությանը: Ազատ միտքը, ինչպես հայաստանյան պատմամշակութային եւ ճարտարապետական արժեքները, նույնպես դարձել է ուրվական: Չարժե անտարբեր լինել Հանրապետության հրապարակը բռնապետության հրապարակ դարձնելու փորձերի նկատմամբ:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.