Վիճելի նախագահական ընտրություններ Երեւանում
19:47 Yerevan | 15:47 GMT | Tuesday 15 April 2008
Ժան Գեյրաս
Լը Մոնդի թղթակից, Մերձավոր Արեւելքի գծով
առաջատար փոր
Հայաստանում վտանգավոր
անկայունություն է
Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցույցերին հաջորդած եւ մարտի 1-ին Երեւանը սգի մատնած արյունալի բռնությունները մեծ լարվածություն են առաջացրել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում: ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, նախատեսում է «կասեցնել» իր տնտեսական օգնությունը: Մինչդեռ պարոն Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է նոր նախագահ Սերժ Սարգսյանին` մարտի 24-ին նրան ընդունելով Մոսկվայում երկու երկրների միջեւ հարաբերությունները քննարկելու նպատակով:
Ըստ Հայաստանի իշխանությունների` մարտի 1-ի գիշերը Երեւանում զոհվել է յոթ քաղաքացի եւ մեկ ոստիկան, վիրավորվել հարյուր երեսուներեք մարդ, որոնց գրեթե կեսը` ոստիկաններ: Ցուցարարները բողոքում էին նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքների դեմ: Սակայն արտակարգ դրության հաստատումից ի վեր ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող խիստ գրաքննության պայմաններում դժվար է ստուգել այս թվերի հավաստիությունը (1): Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ ոստիկանության կողմից կիրառվել են միջազգային իրավունքով արգելված մարտական զենքեր: Ավելի քան հարյուր ընդդիմադիրներ են ձերբակալվել, որոնք կարող են դատվել «իշխանությունը բռնազավթելու եւ զանգվածային անկարգությունների հրահրման» մեղադրանքներով:
Այսպիսով, բռնաճնշումներից ջարդված եւ քսանօրյա կոշտ արտակարգ դրության ընթացքում պարտադրված լռության մատնված երկրում է Ս.Սարգսյանն ապրիլի 9-ին ստանձնելու պետության ղեկավարի պարտականությունը: Հազիվ ընտրված (52, 9% ձայներով)` նա արդեն վստահության մեծ պակաս ունի, այն աստիճան, որ փետրվարի 19-ի նրա ընտրությունը շատ նման է պյուռոսյան հաղթանակի: «Առավոտ» հեղինակավոր թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ պետության նոր ղեկավարն, ի վերջո, դարձել է իր բարեկամ եւ, այնուամենայնիվ, ախոյան նախորդի երկդիմության զոհը: Ըստ նրա` «ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը կազմակերպվել է [պրն Ռոբերտ] Քոչարյանի կողմից, որը լրջորեն վնաս է հասցնելու Սարգսյանի լեգիտիմությանը»: Սակայն այս երկու անձինք իրար հետ սերտ կապված են:
Պրն Սարգսյանը ծագումով Լեռնային Ղարաբաղից է` մեծամասնությամբ հայերով բնակեցված Ադրբեջանի ինքնավար շրջանից, որն իր «անկախությունը» զենքով նվաճել է 1990-ականների սկզբին` այն ամրապնդելով ադրբեջանական տարածքների մի մասի գրավմամբ:
1990թ. վերադառնալով «մայր հայրենիք»` Սարգսյանն ստանձնել է առանցքային` ներքին գործերի, ազգային անվտանգության, իսկ 2000թ. պաշտպանության նախարարությունների ղեկավարությունը` նախքան 2007թ. կառավարության ղեկավարի պաշտոնին նշանակվելը: Այս բարձր պաշտոնների համար նա մեծ մասամբ պարտական է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նույնպես Լեռնային Ղարաբաղից է, եւ որի տեսակետները նա կիսում է:
Երկու անձինք 1998թ. այն առանցքային դեմքերն էին, որոնք իրականացրին Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումն իշխանությունից, այն մարդու, որն էլ հենց նպաստել էր նրանց ներգրավմանը Երեւանի ղեկավար շրջանակներում: Իրոք, Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ այն բանից հետո, երբ նա առաջարկել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման փոխզիջումնային տարբերակ, որն ըստ նրա ընդդիմադիրների` չափազանց նպաստավոր էր թշնամի Ադրբեջանի համար (2):
Հետագայում, ըստ շրջանառվող կասկածների, այս երկու անձինք հանցակից էին 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդին: Այդ օրն ինքնաձիգներով զինված հինգ հոգի մուտք գործեցին Ազգային ժողով` սպանելով ութ հոգու, այդ թվում` երկրի այդ ժամանակվա ամենաազդեցիկ երկու գործիչներին` վարչապետ Վազգեն Սարգսյանին, որը ղարաբաղյան պատերազմում ներդրման համար ազգային հերոս էր համարվում, եւ Կարեն Դեմիրճյանին` խորհրդարանի խարիզմատիկ եւ մեծ ժողովրդականություն վայելող ղեկավարին (3):
Աներկբայորեն` այս սպանություններից ամենամեծ օգուտը քաղեցին նախագահ Քոչարյանը, որին վարչապետ Վազգեն Սարգսյանն անգլիական թագուհու կարգավիճակ էր հատկացրել, ինչպես նաեւ` նրա ընկեր Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակ ազգային անվտանգության նախարարն էր: Տրամաբանության համաձայն` նա պետք է պատժվեր պաշտոնեական անփութության եւ անձեռնահասության համար: Ընդհակառակը. նա նույնիսկ պաշտոնի բարձրացման արժանացավ` նշանակվելով պաշտպանության նախարար:
Պալատական հեղաշրջում
Հոկտեմբերի 27-ի նախճիրը մի խումբ ծայրահեղական ազգայնականների ձեռքի գործը չէր, ինչպես փորձում էին ներկայացնել, այլ պալատական հեղաշրջման հետեւանք, որն ամրապնդեց մինչ այդ երկրորդական պարտականություններ կատարող նախագահի դիրքերը: Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը (4), որ փորձեց հետաքննության ընթացքում պարզել, թե ովքեր են կանգնած եղել հինգ մարդասպանների թիկունքում, շատ արագ հեռացվեց գործի վարույթից: Իսկ պրն Արամ Սարգսյանը, որ ի հիշատակ եղբոր` Վազգենի, նշանակվել էր վարչապետ, առանց ձեւականությունների պաշտոնանկ արվեց: Այլեւս ոչինչ չէր խանգարում հավակնոտ Ս.Սարգսյանի աջակցությունը վայելող Քոչարյանի վարչախմբի ամրապնդմանը:
Երկու դաշնակիցների միջեւ առաջին տարաձայնությունների նշաններն ի հայտ եկան մոտ երկու տարի առաջ, երբ առաջ եկավ Քոչարյանի հաջորդի հարցը: Սահմանադրության համաձայն` վերջինս երրորդ անգամ վերընտրվելու իրավունք չուներ: Այնուամենայնիվ, նա ցանկանում էր իշխանության ղեկին տեսնել իրեն նվիրված մեկին, որի կողքին ինքը դառնար գերհզոր վարչապետ: Մի խոսքով, նույնպիսի լուծում, ինչպիսին Ռուսաստանում գտավ Վ.Պուտինը:
Այս ծրագիրն այնքան էլ դուր չէր գալիս պրն Սարգսյանին, որը վաղուց ի վեր երազում էր փոխարինել իր համախոհին հանրապետության նախագահի պաշտոնում: Իրենց նպատակներին հասնելու համար ախոյաններից յուրաքանչյուրը որոշեց 2007թ. մայիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնություն ապահովել: Պաշտպանության նախարար Սարգսյանը, որ 2007-ի մայիսին վարչապետ նշանակվեց, իրենով արեց «Հանրապետական» կուսակցությունը. մտնելով որպես պարզ անդամ` նա շուտով դարձավ կուսակցության նախագահը` այն վերածելով ահարկու ընտրական գործիքի: Նախագահ Քոչարյանն իր հերթին հենվում էր «Բարգավաճ Հայաստանի» վրա, որ 2006թ. իր հանձնարարությամբ ստեղծել էր իր բարեկամ Գագիկ Ծառուկյանը` չափազանց հարուստ եւ գրոտեսկային մի օլիգարխ` «Դոդի Գագո» մականունով (հեղինակը Ֆրանսերեն բացատրում է` ինչ է նշանակում մականունը.- թրգմ.): Որոշ գնահատականներով` 500 միլիոն դոլար հսկա կարողության եւ քառասունի չափ բարգավաճ առեւտրային ձեռնարկությունների տեր պրն Ծառուկյանը վստահ էր իր նորաթուխ կուսակցության հաղթանակին` մտածելով, թե ամեն ինչ կարելի է գնել:
Չնայած օլիգարխի բաժանած շռայլ միջոցներին` 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում «Հանրապետական» կուսակցությունն իր նոր նախագահի եւ վարչական ռեսուրսի լայն օգտագործման շնորհիվ շռնդալից հաղթանակ տոնեց` իրենից շատ հետ թողնելով «Բարգավաճ Հայաստանը»: Փաստորեն, այդ ընտրությունները դարձան 2008-ի փետրվարի նախագահական ընտրությունների նախնական փուլը` պետության ղեկավարին գոնե արտաքուստ չթողնելով այլ ելք, քան համակերպվել ընտրությունների արդյունքներին: Այդ պահից նախագահամերձ եւ կառավարության շրջապատի գործիչներն իրար հերթ չտալով հավաստիացնում էին, թե պրն Սարգսյանը գործող նախագահի «նախընտրելի թեկնածուն» է:
«Հանրապետական» կուսակցության շռնդալից հաղթանակը, որն այդպիսով ստացավ խորհրդարանի 131 տեղերի կեսից ավելին, չի կարելի բացատրել միայն ընտրակեղծիքներով, որոնք Հայաստանի ընտրությունների անբաժանելի մասն են կազմում, այլ նաեւ իրենց ղեկավարների հավակնությունների հետեւանքով կաթվածահար եղած քաղաքական ընդդիմության ձախողմամբ, ղեկավարներ, որոնցից ոմանք ուղղորդվում են վարչապետի ծառայությունների կողմից: Այսպիսով, ոչինչ կարծես այլեւս չէր կարող խոչընդոտել դեպի պետական բուրգի գագաթը շարժվող պրն Սարգսյանի` խնամքով ծրագրված ընթացքը:
Այն անակնկալ հայտարարությունը, որով 2007-ի սեպտեմբերին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ազդարարեց իր թեկնածության մասին, հանկարծակիի բերեց երկրի ղեկավարներին, որոնք գործնականում մոռացել էին նրա գոյությունը: Գրեթե տասնամյա հարկադիր մեկուսացման ընթացքում նա ձեռնպահ էր մնացել ցանկացած քաղաքական գործունեությունից` ամբողջովին նվիրվելով իր գիտական ուսումնասիրություններին:
Իր մերձավորների ու աշխատակիցների կողմից բազմիցս ներկայացված խնդրանքներին նա պատասխանում էր, որ որոշում կկայացնի հարկ եղած պահին` իրավիճակն իր բոլոր կողմերով մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո: Իսկապես, մի քանի շաբաթների ընթացքում երկրի բոլոր շրջաններ այցելելուց հետո նա փաստեց, որ կարողացել է հասկանալ վարչախմբի ծայրաստիճան հակաժողովրդական լինելը եւ զգացել իր քաղաքական վերադարձի նկատմամբ ժողովրդական աջակցությունը: Նա որոշեց մտնել քաղաքական ճակատամարտի մեջ նրանց դեմ, որոնց այսուհետ որակելու էր «իշխանության եկած հանցախումբ» եւ «ավազակապետություն» բառերով:
Քանի որ իշխանության լիակատար հսկողության տակ գտնվող բոլոր ԶԼՄ-ների դռները փակ էին նրա առջեւ, ստիպված էր վարչախմբին քննադատելու եւ իր գաղափարները ներկայացնելու նպատակով ավելի ու ավելի հաճախակի հանրահավաքներ կազմակերպել: Ըստ նրա` իշխանության ղեկի մոտ գտնվողների ամենամեծ հանցագործությունն այն է, որ տասը տարի շարունակ ոչինչ չեն արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, առանց որի Հայաստանն ի վիճակի չէ բնականոն զարգանալ: Հիշեցնելով փոխզիջումների միջոցով հարցի լուծման իր նախկինում արտահայտած գաղափարները, որոնք իր պաշտոնազրկման պատճառ դարձան, նա ցույց է տալիս, որ նման լուծումն այլեւս ավելի է դժվարանում, նույնիսկ անհնարին դառնում, քանի որ «իր նավթային պաշարների շնորհիվ բուռն թափով զարգացող Ադրբեջանը ներկայումս ավելի ու ավելի քիչ է հակված փոխզիջումների»:
Կառավարամետ մամուլի կողմից թուրքամետ որակված եւ «Լեւոն էֆենդի» հորջորջված առաջնորդն իր դիրքորոշումներն է արտահայտել թերեւս ամենազգայուն հարցի` 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, - ասում է նա, - ես կարծում եմ, որ այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը դարձնելը տեղին չէ»: Եվ ավելացնում. «Վաղ թե ուշ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա հնարավոր կլինի միայն բնականոն եւ բարիդրացիական հարաբերությունների պայմաններում»: Ավելի հեռուն գնալով` նա հայտարարեց, որ հայերը պետք է ազատվեն իրենց մշտական զոհի բարդույթից, հակառակ պարագայում Հայաստանը չի կարող ժամանակակից ազգ դառնալ:
Հազարավոր DVD սկավառակների եւ բազմաթիվ տեսաֆիլմերի շնորհիվ ամբողջ երկրում տարածվող նրա հանրային ելույթները Քոչարյան-Սարգսյան երկյակի դեմ ուղղված իսկական պատերազմի հայտարարություն էին: Անդրադառնալով 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդին` նա նշեց, որ «Հայաստանի կոռումպացված ու հանցագործ վարչախմբի մոնոլիտ բուրգը չէր կարող գոյություն ունենալ, եթե չլիներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ողբերգական սպանությունը», եւ ավելացրեց, որ նոր նախագահի առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի այդ ողբերգության պատվիրատուներին բացահայտելը:
Հարստությունների «անխնա թալան»
Պարոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնում է այն, ինչի մասին ժողովուրդը խոսում է շշուկով, դատապարտում է «հասարակությունն իր բոլոր մակարդակներում քայքայող կոռուպցիան», ինչպես նաեւ երկրի հարստությունների «անխնա թալանն» իշխանության ղեկի մոտ կանգնածների եւ օլիգարխների կողմից, որոնք իրենց մեջ են բաժանել տնտեսության ամենաշահութաբեր ոլորտները: Մի քանի ամսվա ընթացքում, ապավինելով լոկ իր խոսքին, նախկին նախագահը կարողացավ ստեղծել հսկա ընդդիմադիր շարժում, մասնավորապես` երիտասարդության շրջանում: Այդ են վկայում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ խաղաղ բողոքի զանգվածային ցույցերի տասնմեկ օրերը, որոնք նախորդեցին մարտի 1-ի արյունալի դեպքերին:
Մեծ ազդեցություն ունեցող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ակամայից արժանին էր մատուցում պրն Տեր-Պետրոսյանի խարիզմային, երբ վերջինիս մեղադրում էր զանգվածներին «հիպնոսացնելու» մեջ` բառի ուղղակի իմաստով, չխորշելով նույնիսկ նրան կախարդության մեջ մեղադրելուց...
Ժողովրդական բողոքի աճման դեմ-հանդիման հայտնված իշխանությունների համար հրամայական էր դառնում ընտրությունների առաջին փուլով իրենց հաղթանակն արձանագրելը` երկրորդ փուլում անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար (5): Ուստի եւ գործի դրվեց կեղծիքների ու սպառնալիքների ողջ զինանոցը: Սպասումներին հակառակ` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդները չկարողացան կամ չցանկացան հաստատել խախտումների համատարած բնույթը` նշելով, որ դիտարկված «մի քանի խախտումները» ոչ մի դեպքում չէին կարող ազդել արդյունքների վրա: Այս երկիմաստ ձեւակերպումը ԵԱՀԿ-ն անդուլ կերպով կրկնում է վերջին տասը տարիներին կայացած ամեն ընտրությունից հետո: Զարմանալի է, բայց կազմակերպությունը պնդում է, որ չպետք է անել որեւէ բան, որը կարող է հիասթափեցնել Հայաստանին ընտրական ժողովրդավարության ասպարեզում արձանագրած չնչին առաջընթացի ճանապարհին: Իր ոչ լեգիտիմ նախագահով Հայաստանը կարող է թեւակոխել ցնցումների եւ անկայունության մի շրջան: «Վախը հաղթահարած քաղաքացիական հասարակությունը», որը ստեղծել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլեւս հեշտությամբ թեւաթափ չի լինի: Մնում է տեսնել, թե արդյոք պրն Սարգսյանն այնքան ճկունություն ու իմաստնություն կունենա, որպեսզի կարողանա արդյունավետ երկխոսություն հաստատել օրեցօր հզորացող ընդդիմության հետ:
Ծանոթագրություններ
1. Արտակարգ դրությունը վերացվել է մարտի 20-ին, սակայն այն փոխարինվել է մի օրենքով, որը գործնականում արգելում է քաղաքական հավաքները եւ ցույցերը:
2. Տես` «Զուր «հարված» Հայաստանում», Լը Մոնդ դիպլոմատիկ, դեկտեմբեր 1998:
3. Տես` «Անհնարին բարտեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», Լը Մոնդ դիպլոմատիկ, մարտ 2001:
4. 2001 թվականին պաշտոնի իջեցմամբ գլխավոր դատախազի տեղակալ նշանակված պրն Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնանկ արվեց փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար եւ կարճ ժամանակ անց ձերբակալվեց «անօրինական զենք-զինամթերք» կրելու մեղադրանքով: Կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` արտաքին գործերի մեկ փոխնախարար եւ չորս բարձրաստիճան դիվանագետներ ազատվեցին աշխատանքից` Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու համար:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 52, 9% ձայներով Սերժ Սարգսյանին հաղթող հռչակեց` երկրորդ տեղում հայտնված Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվին գրանցելով 21, 5% ձայն:
Լը Մոնդ Դիպլոմատիկ, ապրիլ, 2008