“Zhamanak” Armenian-American Political Daily

Բուխարեստյան գաղտնազերծում

19:46 Yerevan | 15:46 GMT | Tuesday 15 April 2008

Արման Բաբաջանյան

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ընդունված հռչակագիրը տարատեսակ ծայրահեղ գնահատականների առիթ են տալիս: Ոմանք կարծում են, որ Ռումինիայի մայրաքաղաքում միանշանակ հաղթանակ է ամրագրել Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ստիպված է եղել ընկրկել, ուրիշները` հակառակն են պնդում: Փորձագետներից ոմանց համար Բուխարեստը ԱՄՆ-Եվրոպա առկա գծի, ստատուս քվոյի ճեղքման (Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության մերժում) հերթական վկայությունն է: Մյուսները` հակառակը, ուրախանում են դրսեւորված միակամությամբ (Արեւելյան Եվրոպայում հակաօդային համակարգերի տեղակայման ամերիկյան նախաձեռնությանն աջակցությունը):

Ի՞նչ տեղի ունեցավ իրականում Բուխարեստում: Կարեւոր մտքերը, որոնք բացատրում են տեղի ունեցածի խորությունը, իրականում հնչեցին ոչ թե գագաթնաժողովի ժամանակ, այլ նախօրեին: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարեց, որ Փարիզը Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը դեմ է, որովհետեւ գտնում է, որ դա «ճիշտ պատասխան չէ Եվրոպայում ուժերի», ինչպես նաեւ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռությանը եւ այդ հարցում Փարիզը ուզում է «երկխոսել Ռուսաստանի հետ»:

Վերադարձ դասականությանը

Այս արտահայտության մեջ առկա են երկու սկզբունքային պահեր: Նախ` առաջին անգամ առանց երկիմաստության նշվում է Մոսկվայի դիրքերի, նրա կարծիքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին, որպես պատճառ կարեւորելով փոխհամաձայնեցված որոշման ընդունումը: Համաշխարհային քաղաքականության վերջին տասնհինգամյակում այդպիսի որոշում դժվար է հիշել: Բոլորը արդեն սովորել էին հաշվի չնստել Ռուսաստանի հետ: Երկրորդ` ամենակարեւորն ու էականը, որ հնչեց եվրոպական առաջնորդներից մեկի կողմից, դա «ուժերի հավասարակշռության» խնդիրն է: Այդպիսի եզրաբանությունը հատուկ չէ ժամանակակից Եվրոպային: Հին աշխարհամասը մինչեւ վերջերս չէր զլանում կրկնել, որ չի գործում «իրական քաղաքականության» կատեգորիաներով եւ «զրոյական արդյունքի ելքով պայմանավորված խաղերով»: Պաշտոնապես կարծվում է, թե «ուժերի հավասարակշռության» (միջազգային հարաբերությունների ռեալիստական դպրոցի անկյունաքարային հասկացությունն է) ձգտումը տեղին չէ, քանի որ աշխարհը կառուցվում է այլ սկզբունքների վրա` փոխկապակցված, երբ առաջընթացի նախապայմանի համար ծառայում են անընդհատ հանդիպակաց փոխզիջումները: Ուրեմն ի՞նչ հավասարակշռության մասին է խոսում Ֆրանսիայի վարչապետը: Եթե խոսքը Ռուսաստանի հետ հավասարակշռության մասին է, դա պետք է վախեցնի Մոսկվային: Չնայած վերջինիս դիրքերի ուժեղացմանը, նրա ռազմական, քաղաքական եւ տնտեսական հզորությունները համեմատելի չեն ՆԱՏՕ-ի ցուցիչներին, եւ սառը պատերազմի մակարդակի մրցակցությունը Ռուսաստանին ամբողջությամբ կդատապարտի պարտության եւ սնանկության: Ֆիյոնը ամենայն հավանականությամբ նկատի է առել մեկ այլ հանգամանք: Վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած փոփոխությունները խախտել են ավանդական «աշխատանքի բաժանման» սկզբունքը Հյուսիսատլանտյան դաշինքում: Քանի դեռ ԱՄՆ-ն պաշտպանում էր Արեւմտյան Եվրոպային իրական սպառնալիքից, ոչ մի մրցակցություն եվրատլանտյան համակարգում չէր կարող լինել: Սպառնալիքի վերացումն առաջ բերեց շահերի բախման բնական վտանգ եւ օվկիանոսի երկու ափերի միջեւ մոտեցումների փոփոխություններ: Հենց այդ պահին ԱՄՆ-ն, որ իր վրա էր վերցրել աշխարհը կառավարելու միանձնյա դերակատարությունը, գտավ, որ ժամանակն է, որ Եվրոպան վերադարձնի պարտքը այն ինտեգրացիոն հրաշալի պայմանների համար, որ մոտ 40 տարի շարունակ Նոր աշխարհամասը ստեղծել է Հին աշխարհամասի համար: Վաշինգտոնն իր այս պահանջին համարժեք պատասխան չստացավ: Արդյունքում` ՆԱՏՕ-ի ներսում հավասարակշռությունը խախտվեց: Հյուսիսատլանտյան դաշինքը կորցրեց իր ստրատեգիական ու առանցքային առաքելությունը հատկապես 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո: Այդժամ Վաշինգտոնը սանձազերծեց միջազգային ահաբեկչության դեմ պայքար` միանձնյա դերակատարությամբ` առանց ՆԱՏՕ-ի վրա հենվելու, որոշելով սակայն առանձին դաշնակիցների ներգրավել սեփական հայեցողությամբ եւ անհրաժեշտությամբ: Փաստացիորեն փոխվել է դաշինքի ընկալումը: ԱՄՆ-ն եկել է այն եզրահանգման, որ նրան պետք չէ ՆԱՏՕ-ի ռազմական բաղադրիչը, այդ թվում եւ այն բնական պատճառով, որ եվրոպական առաջատար շատ երկրներ անպատրաստ են կոնկրետ ռազմական գործողությունների: Այս պայմաններում բարձրացավ հետաքրքրությունը քաղաքական բաղադրիչի նկատմամբ, քանի որ նրա հիմքը միջատլանտյան զորակցության գաղափարն է, այլ խոսքերով (Եվրոպայում սպառնալիքների բացակայության դեպքում) իրենց գլոբալ նախաձեռնություններում ԱՄՆ-ի աջակցությունը: Սակայն այստեղ ՆԱՏՕ-ն չարդարացրեց ԱՄՆ-ի սպասելիքները: 2003թ. որոշ խոշոր տերություններ հրաժարվեցին աջակցել իրաքյան պատերազմին:

ՆԱՏՕ-ի նորակոչիկներն ու

վետերանները

Դաշինքի ընդլայնումը դեպի արեւելք փաստացիորեն դարձավ ԱՄՆ-ի դիրքերի ամրության գործոն: Նորելուկ ՆԱՏՕ-ականների ռազմական արժեքը մեծ չէ, սական քաղաքական ազդեցությունը բավական ազդու է: Պատմական հասկանալի պատճառներով ՆԱՏՕ-ի անդամ նոր երկրները եւ առավելապես հավանական թեկնածուներն իրենց անվտանգության հարցերը վստահում են բացառապես ԱՄՆ-ին: ՆԱՏՕ-ի ընդլայնումը (ինչպես նաեւ Եվրամիության) բացահայտեց, որ նորակոչիկները դաշինքի օրակարգի ձեւավորման մեջ խաղում են, իսկ ապագայում կարող են ունենալ շատ ավելի կարեւոր դերակատարում, քան վետերանները: Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի «հնաբնակները» ձեռնարկեցին հակահարձակում` հուսալով չեզոքացնել այն միտումները, որոնք ձեւավորվել են դաշինքի ներսում, մարգինալացումից խուսափելու համար:

Նիկոլա Սարկոզին արտաքին քաղաքական իր հիմնական խնդիրը տեսնում է Եվրոպայում Ֆրանսիայի առաջատար դիրքի վերականգնումը, որի իրագործման համար որպես գործիք որոշել է օգտագործել ՆԱՏՕ-ն: Ֆրանսիայի նախագահը Բուխարեստում հայտարարեց, որ իր երկիրը կվերադառնա Հյուսիսատլանտյան ռազմական կառույցի հովանու տակ, որը Ֆրանսիան լքել էր Շարլ դը Գոլի հրամանով 1966թ.: Այս քայլը հավանության է արժանացել Վաշինգտոնի կողմից, սակայն գործնականում դժվար թե այն համապատասխանի իր աշխարհաքաղաքական շահերին: Փարիզը ակնկալում է լրջորեն ամրապնդել ինչպես իր, այնպես էլ եվրոպական դիրքերը կարեւորագույն որոշումներ կայացնելիս: Այլ խոսքով` վերականգնել այն հավասարակշռությունը, որի մասին հիշատակել է Ֆիյոնը: Հենց այդ փորձերի զոհերը եղան Թբիլիսին եւ Կիեւը:

Հենց այս համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը Փարիզի սրտով չէ: Դաշինքի ապագա բոլոր անդամները ամերիկամետ են: Նրանց անդամակցությունը միայն կսաստկացնի քաղաքական այն անհավասարակշռությունը, որը ցանկանում են շտկել ՆԱՏՕ-ի վետերան անդամները: Ֆրանսիական փորձը` նոր, առավել եվրոպական կյանք շնորհել ՆԱՏՕ-ին, համարձակ նախաձեռնություն է, սակայն հաջողությունն ամենեւին երաշխավորված չէ:

Առաջին` նման հավակնությունները կարող են ամրանալ լուրջ զոհողությունների գնալու պատրաստակամությամբ: Այս նպատակով միայն Սարկոզին հայտարարեց Աֆղանստան հավելյալ ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին: Գաղափարը ժողովրդականություն չի վայելում երկրի ներսում: Գերմանիայում եւս, որը կիսում է Փարիզի սկսած մարտավարությունը, ռազմական գործողությունների ճակատ զորքերի առաքումը ցավագին հարց է:

Երկրորդ` եվրոպական ռազմական բաղադրիչը պահանջում է ռազմական ծախսերի համատեղ բարձրացում: ԵՄ երկրներում առկա տնտեսական աճի նվազման եւ համաշխարհային ֆինանսական շուկայի անկայունության ներկա ցածր մակարդակի պայմաններում սա մեծ էնտուզիազմ չի առաջացնում:

Երրորդ` եթե Սարկոզիին հաջողվի ինչ-որ չափով իրագործել իր այս ծրագիրը, ապա հակամարտությունը ԱՄՆ-ի հետ անխուսափելի է:

Նոր Եվրոպա

ՆԱՏՕ-ի ներքին հարաբերություններն առավելապես վերափոխվում են ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների, իսկ դրանք այնքան էլ անամպ չեն: Ամերիկացիները վերջին տարիներին ԵՄ-ում քարոզում էին երկու հիմնական պրոեկտներ` Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ Կոսովոյի անկախությունը: Վերջինին համաձայնելով` ԵՄ-ում գտան, որ հետայսու մտադիր չեն զիջել Վաշինգտոնին: Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության պատճառներն ակնհայտ են, սակայն եվրոպացիներն իրենք են ուզում որոշել` ով պետք է լինի Եվրոպական Միության անդամ եւ ով` ոչ:

«Վարդերի եւ նարնջագույն հեղափոխությունների» ժամանակ Ռուսթավելու պողոտայի վրա եւ Մայդանում ծածանվում էին եվրոպական դրոշները: Այժմ դրանք զարդարում են Թբիլիսիի եւ Կիեւի կառավարական շենքերը: Այդ քաղաքների բնակիչների համար Եվրոպան ընտրություն է մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների օգտին: Մինչդեռ ՆԱՏՕ-ն ավելի աբստրակտ իրողություն է: Վրացիները շատ լավ հասկանում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի ուղարկի իր զորքերը Ցխինվալ եւ Սուխում, իսկ Ուկրաինային Ռուսաստանը կարծես չի սպառնում: Իսկ ո՞վ է ասել, թե Եվրամիություն ճանապարհն անցնում է ՆԱՏՕ-ով: Սա իհարկե Վաշինգտոնի մտահղացումն է, որն այդ քայլով քաղաքական խնդիրներ է լուծում: Օրինակ` դեռ 1973թ. ԵՄ իրավանախորդի` Եվրոպական տնտեսական միության` ընդլայնման ժամանակ նրանում ընդգրկվեցին Իռլանդիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէր: 1995թ. ԵՄ անդամ դարձան Շվեդիան, Ֆինլանդիան եւ Ավստրիան, որոնք նույնպես ՆԱՏՕ-ի անդամներ չէին: Նույնը տեղի ունեցավ Մալթայի եւ Կիպրոսի հետ 2004թ.: Մոտ 30 տարի տեւեց ՆԱՏՕ-ի անդամներ Պորտուգալիայի եւ Հունաստանի անդամակցությունը Եվրամիությանը, իսկ Թուրքիան, որը գրեթե կես դար ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է, տարիներ ի վեր ԵՄ դռների մոտ սպասում է իր անդամակցությանը:

Բուխարեստը նախեւառաջ հասկացնում է, որ Եվրոպան նահանջում է ՆԱՏՕ-ական օրակարգից: Այն սկսում է ընկալվել որպես նոր ռազմական դաշինք` ոչ ամերիկյան եւ ոչ ագրեսիվ: Այն դառնում է դաշինք, որի հետ պետք է պայմանավորվել եւ հաշվի նստել:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.