“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայաստանում արգելվա՞ծ է խոսել ցեղասպանության մասին

19:42 Yerevan | 15:42 GMT | Tuesday 15 April 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում ցեղասպանության 93-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողով էր կազմակերպել, որը, սակայն, այդպես էլ չկայացավ:

Հյուրանոցից երեկ առավոտյան զանգահարել էին միության ատենապետ Նարեկ Գալստյանին` տեղեկացնելով, թե չեն կարող սրահը տրամադրել` առանց պատճառաբանելու, թե ինչու: Հիշեցնենք, որ ժամանակ առաջ «Սարգիս Տխրունի»-ն ՄԱԿ-ի` վերջերս ընդունած բանաձեւի հետ կապված քննարկում էր կազմակերպել, որը պետք է անցկացվեր «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն վերջին պահին հյուրանոցի ադմինիստրացիան մերժել էր սրահ տրամադրել` պատճառաբանելով, թե սրահի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել: Նկատենք, որ երեկվա խորհրդաժողովին հայ-թուրքական հարաբերությունների թեմայով պետք է ելույթներ ունենային քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՍԴՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը, ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արտակ Այունցը, ինչպես նաեւ 18 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ` այդ թվում ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ: Նարեկ Գալստյանը կարծում է, որ իրենց նկատմամբ կիրառվող «հյուրանոցային բոյկոտը» քաղաքական ենթատեքստ ունի: «Մենք` որպես ցեղասպանությունը վերապրած եւ ցեղասպանության դեմ պայքարած կուսակցություն, պարզ է, թե ինչ վերաբերմունք ունենք հայ-թուրքական հարաբերությունների մասին եւ բարոյական իրավունք ունենք մեզ հուզող հարցերի շուրջ անցկացնել խորհրդակցություն: Այսօր շատ է խոսվում է այն մասին, որ քաղաքական դաշտը բաժանված է իշխանական ու ընդդիմադիր բեւեռների, մինչդեռ այս քննարկումը լավագույն հնարավորությունն էր անձնական շփումների, երկխոսության միջոցով գուցե եւ ցրելու այդ անջրպետը, մանավանդ, երբ հարցն առնչվում է ցեղասպանությանը: Այս քննարկման միջոցով մենք տարբեր կուսակցություններ ներկայացնող երիտասարդներով ցույց էինք տալու, որ անկախ ամեն ինչից, հարցեր կան, որտեղ բոլորս միակամ ենք: Հայոց ցեղասպանությանը վերաբերող որեւէ քննարկում անցկացնելը մինչ այժմ արգելված էր աշխարհի երկու երկրում` Թուրքիայում եւ Ադրբեջանում, իսկ ապրիլի 11-ից Հայոց ցեղասպանությանը վերաբերող խորհրդաժողով անցկացնելը փաստացիորեն արգելվեց նաեւ Հայաստանում: Ընդ որում` այն կուսակցությանը, որը 1887թ.-ից սկսած պայքարել է ընդդեմ Օսմանյան բռնատիրության եւ այդ տարիներից սկսած եղել է Հայոց արդար դատի պաշտպան: Մենք դատապարտում ենք նմանատիպ գործելաոճը եւ արձանագրում, որ Հայաստանում, փաստորեն, տիրում է 37 թվի մթնոլորտը` տեռոր, իր բոլոր դրսեւորումներով: Կապ չունի, թե ինչ է կազմակերպվում, կարեւոր է, թե ո՞վ է կազմակերպիչը: Երբ տեսնում են, որ կազմակերպիչը ՍԴՀԿ-ն է, միանգամից արգելում են: Եթե մեր կուսակցության եւ ուսանողական միության գործունեությունն արգելված է ՀՀ-ում, թող դրա մասին մեզ հստակ հայտնեն: Կամ մենք` որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ եւ օրենքի դաշտում գործող քաղաքական կազմակերպություն պետք է հնարավորություն ունենանք իրականացնելու այն միջոցառումները, որոնց համար մեր միությունը ստեղծվել է կամ էլ պետք է նորից ֆիքսենք, որ աշխարհում առայժմ երկու երկիր կար, որտեղ արգելված է Հնչակյան կուսակցության գործունեությունը` Թուրքիայում եւ Ադրբեջանում, երրորդն էլ, հավանաբար, Հայաստանն է հավակնում դառնալ», - կարծում է Ն.Գալստյանը:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.