“Zhamanak” Armenian-American Political Daily

Հետապնդումների նոր ալիք

19:41 Yerevan | 15:41 GMT | Tuesday 15 April 2008

Մարինե Խառատյան

Ս.Սարգսյանի երդման արարողությունից հետո Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Տեղեկություններ են ստացվում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նորանոր ձերբակալությունների ու կալանքների մասին: Թվում է` իշխանությունը որոշել է վերջնականապես պայթեցնել առանց այդ էլ պայթունավտանգ իրավիճակը:

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» պատգամավորներն ընգծել են, որ Ս.Սարգսյանի գործերը հակասում են խոսքին: Ըստ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի` երեկ վաղ առավոտից 4 հոգու անկողիններից հանել, տարել են բաժիններ՝ հանրահավաքներին մասնակցելու համար: Գոկչյան ազգանունով մի երիտասարդի ու նախկին փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանին ոստիկանություն են տարել մարտի 1-ի զոհերի քառասունքի միջոցառման վայրից: Նախկին փոխգնդապետին երեկ կրկին կանչել են ոստիկանության բաժին: Նախօրեին Օպերային հարակից «Կազիրյոկ» սրճարանից առեւանգել ու ձերբակալել են նաեւ «Ցեղակրոն» ազգայնական կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին: Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներ Արմեն Մալխասյանին եւ Մուշեղ Կրոյանին հարց ուղղեցինք, թե ի՞նչ հիմքով են ոստիկանության բաժիններ տարվել տվյալ քաղաքացիները, որտե՞ղ են այժմ գտնվում եւ այլն: Մոտ մեկ ժամից ավելի ոստիկանության հասարակայնության հետ կապի աշխատակիցները ճշտում էին տվյալները, սակայն այդպես էլ որեւէ բան չկարողացան ճշտել: Ոստիկանությունը, պարզվում է, տեղյակ չէ ոչ Գոկչյանի, ոչ Մարտին Բաղդասարյանի, ոչ էլ Շանթ Հարությունյանի ձերբակալության մասին, երեկ առավոտյան ոստիկանության բաժիններ բերման ենթարկված 4 հոգու մասին էլ որեւէ բան չճշտվեց: Տեղեկությունը ոչ հերքվեց, ոչ հաստատվեց:

Ավելի ուշ մեզ հաջողվեց պարզել, որ Գոռ Գոկչյանը տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին եւ ազատ է արձակվել 3 ժամ պահելուց հետո:

Նոյեմբերյան քաղաքի 6 բնակիչներ, ովքեր մասնակցել են ընդդիմության երեւանյան հանրահավաքներին, երեկ առավոտյան կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն եւ դատախազություն: Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությանը այս մասին տեղեկացրել են կանչվածները` Զոհրապ Մամյանը, Անդրանիկ Անանյանը եւ ուրիշներ: Բացի դա, Ազգային անվտանգության ծառայության Նոյեմբերյանի բաժանմունքի աշխատակիցները վերցրել են Վանո Սիրադեղյանի քրոջ որդու` Սուրեն Մամյանի եւ եւս երկու հոգու անձնագրերը:

Սուրեն Մամյանը չի կարողանում տեսության գնալ Նուբարաշենի թիվ 1 գաղութում գտնվող իր հորը` Յուրա Մամյանին, որը ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Ապրիլի 6-ին Գուգարքի ոստիկանության աշխատակիցները, առանց որեւէ բացատրության, բերման են ենթարկել վանաձորցի Սեյրան Անդրեասյանին: Սեյրան Անդրեասյանը ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է: Նա մասնակցել է Երեւանում կայացած բոլոր հանրահավաքներին: 2008թ.-ի մարտի 1-ին` խաղաղ նստացույցը ցրելիս, ոստիկանները ռետինե մահակով 3 անգամ հարվածել են քաղաքացուն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, քաղաքացուն տեղափոխել են Երեւան:

Տեր-Պետրոսյանի երկու վստահված անձինք` թիվ 22/18 ընտրատեղամասի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանը եւ թիվ 22/21 ընտրատեղամասի վստահված անձ Սամվել Կարապետյանը երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել են 3-ական տարվա ազատազրկման` իբր ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Անհեթեթությունն այստեղ այն է, որ որեւէ վստահված անձ չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքին, հետեւաբար չի կարող պատասխանատվություն կրել դրա արդյունքում արձանագրված կեղծիքների համար: Ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Հռիփսիմե Հայցյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման, որը, սակայն, չի կիրառվի` նրա առողջական վիճակը հաշվի առնելով: Սամվել Կարապետյանը հայտարարել է անժամկետ հացադուլ:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.