“Zhamanak” Armenian-American Political Daily

Իշխանությունների կրիմինալ բնույթը

19:40 Yerevan | 15:40 GMT | Tuesday 15 April 2008

Ա.Սարգսյան

Եթե նկատի ունենանք, որ իշխանությունների հիմնական անելիքը հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների մշակումը եւ այդ օրենքների միջոցով պետության ու հասարակության ամենօրյա կառավարումն է, ապա պարզ կդառնա, որ իշխանությունները իրենց բնույթով պետք է լինեն օրինապաշտ:

Իհարկե` իրականության մեջ լինում են դեպքեր, երբ իշխանություն կրող անձինք, դառնում են օրինախախտներ: Նման դեպքերում այդ անձինք հեռացվում են իշխանական համակարգերից, սակայն իշխանությունը շարունակում է իրականացնել իրեն վերապահված կառավարման խնդիրները` չհամարվելով «կրիմինալ իշխանություն»:

«Կրիմինալ իշխանությունը» այն իշխանությունն է, որը ոչ միայն ինքն է դառնում օրինախախտ, այլեւ, ստիպողաբար, հասարակությանը տանելով օրինախախտումների ճանապարհով, քրեականացնում է հասարակությունը: Այսինքն` ապահովում է օրինախախտումների մասսայականացման եւ հանցագործ ապրելակերպի արդարացման հոգեբանական բազան:

Այդպիսի դեպքերում որեւէ, թեկուզ ամենաբարձր պաշտոնյաներին, հեռացնելով իշխանությունները չեն կարող դառնալ օրինապաշտ, որովհետեւ այդ հոգեբանության կրող իշխանական ողջ համակարգը մնում է նույնը:

Շատերին կարող է թվալ, թե դա վերացնելը ժամանակի խնդիր է, կապված է միայն օրենսդրական դաշտի կատարելագործման եւ օրենքների կիրառման հետ:

Համոզվելու համար, որ դա մոլորություն է` մի պահ փորձենք պատկերացնել, թե ի՞նչ կստացվի, եթե մեր երկրում բոլոր օրենքները սկսեն ճշգրտորեն կիրառվել: Կստացվի, որ օրինապահպան բոլոր համակարգերը, լինելով հանցագործության եւ օրինախախտման օղակներ` դառնալու են թիրախ օրենքի համար:

Չմոռանանք, որ աշխարհում գոյություն ունեցող ամեն մի համակարգ` ունի ինքնապաշտպանական եւ վերարտադրության ֆունկցիա: Այնպես որ, այդ համակարգերը երբեք թույլ չեն տա օրինականության այնպիսի դաշտի ստեղծում, որն առաջին հերթին ուղղվելով իրենց դեմ` փոխելու է իրենց արդեն կենսակերպ դարձած պարազիտային բնույթը:

Բացարձակապես նույնը կարելի է ասել պետական կառավարման համակարգի օղակներից մեծ մասի մասին. այն տարբերությամբ միայն, որ նրանց դիմադրողական պոտենցիալն ավելի պակաս է:

Մեզանում անընդհատ խոսում են ինչ-որ բարեփոխումների մասին: Ասում են, որ կոալիցիոն կառավարման դեպքում ամեն ինչ կշտկվի:

Բայց ո՞վ չի հասկանում, որ իշխանական համակարգերը, որոնց մեջ ներթափանցում, արմատավորվում եւ որոնց հետ սերտաճում են հանցագործ կառույցները, չեն կարող բարելավումների եւ բարեփոխումների միջոցով դառնալ ժողովրդավարական, իրավական պետության գաղափարի եւ իրողության կրողներ եւ սպասարկողներ:

Ո՞վ չի հասկանում, որ կենտրոնի համար ընտրություններ կեղծող խավի առաջ այդ կենտրոնը պարտավորություններ ունի:

Ո՞վ չի հասկանում, որ կապիտալի (մեր դեպքում նաեւ քրեածին կապիտալի) եւ իշխանական համակարգի օղակների սերտաճման դեպքում իշխանական համակարգի ինքնապահպանման եւ վերարտադրման ռեսուրսը այնքան է աճում, որ համակարգը բարեփոխումների հանդեպ դառնում է անշրջելի:

Այսինքն` պաշտոնյաների փոփոխությունը, բարեփոխումներ իրականացնելը կամ օրենքները փոխելը` մեզանում ոչինչ չի փոխելու:

Թե իշխանամետ, թե ընդդիմադիր մամուլում շատ է գրվել Հայաստանում իշխանությունների կողմից օրենքների կոպիտ խախտումների, պաշտոնական դիրքի չարաշահումերի, կոռումպացված լինելու մասին: Դա վերաբերում է նաեւ արդարադատության, անվտանգության եւ օրինապահպան համակարգերին:

Այսինքն` այդ ամենը իրականացվում է պետական համակարգի կողմից. այն համակարգի, որը կոչված է երկրում ապահովելու եւ պաշտպանելու սահմանադրական կարգը եւ քաղաքացիների ազատությունները:

Ի՞նչ է ստացվում:

Ստացվում է, որ մեր երկրում սահմանադրական կարգը եւ իր իրավունքները պաշտպանող քաղաքացին պետք է պաշտպանվի պետության եւ ժողովրդի անվտանգության երաշխավորը հանդիսացող իշխանություններից ու պայքարի իշխանությունների դեմ:

Ստացվում է, որ մեր երկրում իշխանությունները ոչ թե պաշտպանում են քաղաքացուն, այլ պ ա շ տ պ ա ն վ ու մ են նրանից:

Իհարկե այսպես շարունակել չի կարելի: Երկիրը պետք է ունենա օրինապաշտ իշխանություն: Իսկ ճանապարհը պետք է փնտրել իշխանական համակարգի ձեւավորման ակունքներում, ընտրական գործընթացների մեջ: Չպետք է մոռանանք, որ ընտրական գործընթացներում ամենաակտիվ դերակատարում մեզանում վերապահվում է հասարակության քրեականացված խավին: Չպետք է մոռանանք, որ իշխանության բոլոր օղակները հասարակության քրեականացված խավի օգնությամբ են իրականացնում ընտրակեղծիքները, այսինքն` իշխանության «կրիմինալ» բնույթը պլանավորվում է մինչեւ այդ իշխանության ծնունդը:

Իսկ դա նշանակում է, որ «կրիմինալ իշխանություններից» ազատվելու միակ ճանապարհը այդ ճանապարհով ընտրված իշխանություններին հեռացնելը եւ նոր, այնպիսի ընտրությունների իրականացումն է, որում կրիմինալը դերակատարում չի կարող ունենալ:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.