“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ռուսաստանի մարդը»

19:38 Yerevan | 15:38 GMT | Tuesday 15 April 2008

Իշխանամետ մամուլում շատ է գրվում հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին: Իսկ ընդդիմադիր մամուլը դրանք ներկայացնում է ոչ թե որպես միջպետական հարաբերություններ, այլ ՌԴ կողմից Հայաստանում հակաժողովրդական ռեժիմը պահպանող հովանավորչություն: Հաշվի առնելով հայ-ռուսական տնտեսական ու մշակութային տեւական կապերը` տրամաբանական պիտի լիներ առաջին մոտեցումը: Սակայն այսօր առավել արժանահավատ են դարձել ընդդիմադիր մամուլի գնահատականները:

Ինչքան էլ տարօրինակ թվա, պատճառը հասարակության կողմից մերժված գործող իշխանություններն են, որոնք, երկրի ներսում չունենալով ժողովրդականություն, ջերմորեն են ընդունվում ՌԴ կողմից:

Բնական է, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանում ունենալով շահեր` չի կարող չհարաբերվել Հայաստանի գործող իշխանությունների հետ: Հայաստանի գործող իշխանությունների հետ հարաբերվում են բոլոր պետությունները: Սակայն այդ հարաբերությունների առկայությունը չէր կարող պատճառ դառնալ, որ Հայաստանում խոսվեր ու գրվեր այն մասին, թե Ռուսաստանը հայաստանյան բռնապետական իշխանությունների հովանավորն է:

Դրա հիմքերը շատ ավելի խորն են եւ ՌԴ պետական շահերի տեսանկյունից լիովին արդարացված, որովհետեւ դրանով Ռուսաստանը ապահովում է թե իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, թե ստեղծում է տնտեսական շահեր, որոնք նույնպես օգտագործվում են իր ռազմա-քաղաքական ներկայությունը պահպանելու եւ տարածաշրջանի երկրների վրա ազդեցություն ունենալու համար: ՌԴ-ն այդ ներկայությունը ապահովելու համար անցյալ դարասկզբին ավելի շատ օգտագործում էր հայ ժողովրդի ռուսական կողմնորոշումը: Այն ժամանակներում, երբ Ռուսաստանը, առավել քաղաքակիրթ եւ առավել զարգացած էր, քան մեր մյուս հարեւանները` դա իրագործելի էր: Սակայն այսօր տոտալիտար եւ ավելի պակաս ժողովրդավար Ռուսաստանը, առավել զարգացած Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի առկայության պայմաններում, չէր կարող հույսը դնել միայն հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման վրա եւ որպես լրացուցիչ ապահովություն ցանկացավ Հայաստանում ունենալ այնպիսի իշխանություն, որը, մերժված լինելով ժողովրդի կողմից՝ ուզած-չուզած ամբողջովին ապավինելու էր իր հովանավորությանը: Որպեսզի այդպիսի իշխանությունները նաեւ չկարողանային այդ պարտադրված ճանապարհից հետ կանգնել՝ Քոչարյանի իշխանության օրոք ՌԴ-ն ՀՀ-ի հետ կնքեց այնպիսի պայմանագրեր, որոնք հայկական իշխանությունների համար իրենց մեջ կրում էին պատասխանատվության սպառնալիք: Այդպիսին էր «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը:

Իհարկե, շատերը կարող են հայտարարել, որ դա եւս բավարար չէ, որպեսզի ՌԴ իշխանությունները հովանավորեին Հայաստանում հանցագործ ճանապարհով իշխանությունը բռնազավթած ուժերին:

Տրամաբանության տեսակետից՝ դա այդպես է, սակայն լավ ծանոթ լինելով խորհրդային ժամանակներից եկած մտածելակերպին՝ մենք ակամայից հիշում ենք «այնտեղ մեր մարդն է» հատուկ ծառայությունների մոտեցումը: Խորհրդային ժամանակներում հատուկ ծառայությունների դպրոցն անցած մարդիկ այլ կերպ չէին կարող մտածել եւ նրանց համար հարաբերությունների պահպանման ամենաբարձր երաշխիքը հենց դա էլ պիտի լիներ: Եվ միայն այդպիսի մոտեցման դեպքում հնարավոր կլինեին իրականացնել «գույք՝ պարտքի դիմաց» տիպի գործարքներն ու վտանգելով անկախության արժեքները` երկիրը դարձնել այլ պետությունների շահերը սպասարկող:

Իհարկե, ճշմարտությունը վաղ թե ուշ ի հայտ կգա, սակայն այսօր բոլորի համար պարզ է մի բան. 2008թ.-ի խայտառակ ընտրությունների՝ առայժմ միակ հովանավորը եւ արդարացնողը ՌԴ գործող նախագահ Վ.Պուտինն է, որը արտահայտվեց նաեւ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանի սրտաճմլիկ երախտագիտության խոսքում:

Շատ կուզենայինք իմանալ, թե հատկապես ինչում է կայացել ՌԴ իշխանությունների եւ, մասնավորապես, Վ.Պուտինի աջակցությունը ընտրական եւ առանձնապես հետընտրական փուլում, որի մասին խոսում էր Ս.Սարգսյանը: Չէ՞ որ հետընտրական փուլում են տեղի ունեցել սեփական ժողովրդի վրա կրակելը, սեփական ժողովրդին ահաբեկելը եւ հակաժողովրդական մի քանի օրենքներ ընդունելը:

Գուցե ռուսական մամուլը, ծանոթանալով այս հարցադրումներին, կփորձի լուսաբանել մեզ հետաքրքրող աջակցության բնույթը:

Ա. Սարգսյան

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.