|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լոբբիի գործը բացվեց19:36 Yerevan | 15:36 GMT | Tuesday 15 April 2008Արամ Ամատունի Եվ այսպես` Սպիտակ տունը պաշտոնապես առաջադրեց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը: Նոր դեսպանի հավակնորդը Ղրղզստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն է: Կասկածից վեր է, որ Ամերիկայի հայկական լոբբին դեռեւս դեսպանի թեկնածությունը պաշտոնապես հրապարակելուց առաջ էր բերվել «մարտական» բարձր պատրաստության վիճակի, որովհետեւ դեսպանի հարցում ժամանակավոր դադարից, այլ կերպ ասած` սառեցումից հետո, նորից կարծես թե սկսելու է թեժ քննարկումների փուլը: Ամեն ինչ, իհարկե, կախված է նրանից, թե ինչպես է Յովանովիչի թեկնածությանը վերաբերվելու պաշտոնական Երեւանը: Արտաքին դրսեւորման առումով, Երեւանը թերեւս դեմ որեւէ բան չունի, ինչի վկայությունն էլ այն է, որ Յովանովիչի թեկնածությունը Բուշը ներկայացրեց Սենատին: Եթե Երեւանը դեմ լիներ, ապա այն չէր ներկայացվի: Մյուս կողմից, սակայն, կա երեւի թե երկու հանգամանք, որոնք պաշտոնական Երեւանի իրականում դեմ լինելու պատճառ կարող են հանդիսանալ: Նախ` առաջին հերթին նախագահի ընտրությունից հետո կարծես թե ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը իր հիմնական պաշտպան է տեսնում արդեն բացառապես Ռուսաստանին: Ամերիկայի հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչին Հայաստանի ղեկավարության երկմաս պատասխանը կարող է լինել դրա լավագույն վկայությունը, վկայությունն այն բանի, որ Հայաստանը Ռուսաստանից որոշակի երաշխիքների դեպքում պատրաստ է անգամ հեգնական վերաբերմունք ցուցաբերել Միացյալ Նահանգներին: Դա, իհարկե, կարող է ողջամիտ տրամաբանության դեպքում թվալ ավանտյուրա, բայց եթե իշխանական խումբը պատրաստ է գնալ սեփական ժողովրդին կրակելու ավանտյուրային, ապա Նահանգների դեմ գնալը երեւի թե կարելի է համարել թեթեւ արկած այդ խմբի համար: Թեեւ, իհարկե, ոչինչ այդքան միանշանակ չէ, սակայն ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը խրոխտ հայտարարեց, որ Հազարամյակի ծրագրի գումարը Հայաստանն ի վիճակի է ապահովել ինքնուրույն: Դա էր մեր պատասխանը Դանիլովիչին, որի երկրորդ մասը տվեց այն ժամանակ դեռեւս Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա ռուսական մամուլին տված հարցազրույցի ընթացքում, որն, ի դեպ, ավելին էր, քան զուտ Կենտրոնական բանկի նախագահի հարցազրույց, հայտարարեց, թե արեւմուտքի հետ ֆինանսական խնդիրները դժվար են լուծվում, համաձայնությունները դժվար են կայանում, իսկ Ռուսաստանի հետ անհամեմատ հեշտ է: Նկատում ենք մենթալիտետի ուրվականը, որ Հայաստանի իշխանական վերնախավի ուղեղներում թեւածում է արդեն տեւական ժամանակ: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը գումարներ է ակնկալում Ռուսաստանից, եւ եթե դրանք լինեն, ապա նա այլեւս Ամերիկայի կարիքը չունի: Իսկ եթե չունի, ապա, բնականաբար, Հայաստանին իսկի էլ պետք չէ, որ Նահանգներն այստեղ դեսպան ունենա, եւ այդ դեպքում նույնիսկ ավելի լավ է, որ նոր դեսպանի թեկնածուն էլ ցեղասպանություն բառը չօգտագործի, որպեսզի հայկական լոբբին, ինչպես Հոգլանդի դեպքում, որին նորից առերեւույթ հավանություն տալով, Երեւանը խիստ ցանկանում էր չտեսնել Հայաստանում, գործի դնի իր ամբողջ ռեսուրսը, օգտագործի ԱՄՆ նախագահի ընտրական գործընթացի հանգամանքը եւ կանխի Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակումը: Ում է պետք դեսպանը, եւ այն էլ այս խառը ժամանակներում, երբ ժամանակավոր հավատարմատարն է անգամ բավական խիստ արտահայտություններ անում, ուր մնաց թե դեսպան լիներ: Այսինքն` պաշտոնական Երեւանն, անկասկած, այս անգամ էլ կարող է գործարքի մեջ մտնել հայկական լոբբիի հետ, ԱՄՆ դեսպանի նշանակման հարցը ձախողելու համար: Կամ առնվազն կարող է չխանգարել լոբբիին, չհորդորել հակառակը, եթե այն իր հաշվարկներից ու էմոցիաներից ելնելով` ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուի առաջ դնի ցեղասպանություն բառն արտասանելու պահանջ: Իսկ որ լոբբին կդնի այդ պահանջը` գրեթե վեր է ցակացած կասկածից, քանի որ հակառակ պարագայում այն կդադարի իր գոյությունն իմաստավորված զգալուց: Որքան էլ տարօրինակ թվա, բայց արդեն կարծես թե հանրահայտ ճշմարտություն է, որ Ամերիկայի հայկական լոբբի ասվածն իր հիմնական առաքելությունը համարում է Հայ դատի հետապնդումը եւ Հայաստանին ու Ղարաբաղին ամերիկյան կառավարության մարդասիրական օգնության ապահովումը: Այլ կերպ ասած` ակնհայտ է, որ ամերիկյան հայկական լոբբին մինչեւ հիմա դժվարությամբ է Հայաստանն ընկալում որպես պետություն, քանի որ այդ պետության համար ընդամենը հարկ է համարում ԱՄՆ կառավարությունից ֆինանսական օգնություն պոկել: Կամ էլ, եթե համարում է պետություն, ապա բացառապես սխալ պատկերացում ունի այդ պետության մասին, այդ պետության քաղաքացիների մասին, քանի որ համարում է, որ այստեղ միայն ֆինանսական օգնության կարիք կա: Մինչդեռ, Հայաստանում կարիք կա թարմ, ժողովրդավարական, ազատական արժեքների, եւ թվում է, որ այդ առումով արտասահմանի, հատկապես Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական կազմակերպությունները մեծ անելիք ունեն, որպեսզի կապ հանդիսանան Հայաստանի եւ իրենց երկրների միջեւ` արժեքային կամրջի դեր կատարելով: Այսօրվա դրությամբ հայկական լոբբիստական կազմակերպությունները ոչ միայն չեն կատարում այդ դերը, այլ նույնիսկ որոշակի իմաստով անջրպետ են հանդիսանում արժեքների տեղաշարժման համար, առաջնորդվելով միայն հայդատականության եւ ֆինանսական օգնություն կորզելու գաղափարներով: Սրանում է երեւի թե գաղտնիքը, որ Հայաստանի համար վճռորոշ ժամանակահատվածում, երբ ըստ էության երկիրը կանգնած է դեպի դեմոկրատական, մրցունակ պետություն եւ դեպի բռնապետություն ճամփաբաժանի առաջ, արտասահմանյան որեւէ երկրի, այդ թվում եւ Ամերիկայի հայկական որեւէ լոբբիստական կազմակերպություն չփորձեց դուրս գալ կրավորական դիրքից եւ հոդաբաշխ վերաբերմունք չարտահայտեց Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանդեպ: Մինչդեռ Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունները ունեն հսկայական ներուժ, որոնք եթե ուղղեն Հայաստանի մրցունակ պետության կայացմանը, ժամանակակից պետության կայացմանը, ապա այլեւս որեւէ կարիք չի լինի ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի համար ֆինանսական օգնություն հայցելու եւ նաեւ կարիք չի լինի ցեղասպանության միջազգային ճանաչում աղերսելու, քանի որ հզոր եւ մրցունակ, ժամանակակից արժեհամակարգի վրա կառուցված Հայաստանի դեպքում Թուրքիան ինքն է ստիպված լինելու բացել երկխոսության սեղանը: Մինչդեռ այդ ամենի փոխարեն, հայկական լոբբին, ըստ էության, նպաստում է Հայաստանի կոնսերվացմանը թե ներքին` հասարակական, թե արտաքին` աշխարհաքաղաքական առումով, թեեւ միանգամայն հնարավոր է, եւ թերեւս այդպես էլ կա, որ դա արվում է լավագույն մղումներով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |