|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Զավթիչներն իրենց հանգիստ չպիտի զգան19:32 Yerevan | 15:32 GMT | Tuesday 15 April 2008Արմեն Գրիգորյան Ինչպես եւ կանխատեսել էինք` շարունակում են տեղի ունենալ միջազգային զարգացումներ, որոնք աստիճանաբար Հայաստանի ապօրինի իշխանությունների համար մի անելանելի վիճակ են առաջացնում: Ս.Սարգսյանի պաշտոնադրման արարողությանը մասնակցած ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան չափազանց ուշագրավ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Դիվանագետը վերահաստատեց, որ իշխանությունները պետք է վերականգնեն մամուլի ազատությունն ու խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունքը, ազատ արձակեն քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց եւ պատժեն ընտրակեղծիքների ու բռնության դեպքերի համար պատասխանատուներին: Հիշեցնենք, որ մեկ ամսից էլ քիչ ժամանակ է անցել այն օրվանից, երբ Մ.Բրայզայի «Ազատություն» ռադիոկայանին տված նախորդ հարցազրույցում արված արտահայտությունը` ապօրինի կերպով ուժ գործադրածներին պատժի ենթարկելու անհրաժեշտության մասին, ծանր էր անդրադարձել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հոգեվիճակի վրա. այժմ էլ Մ.Բրայզան, փաստորեն, ԱՄՆ-ի պահանջների ավելի լայն ցանկ է ներկայացրել: Որպես «դիվանագիտական ապտակ» պետք է ընկալվի նաեւ Մ.Բրայզայի անդրադարձը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին. նա նշեց, թե Վաշինգտոնում ոչ դրական արձագանք ստացան Ռ.Քոչարյանի խոսքերը, թե Հայաստանն ինքն էլ կարող է ռեսուրսներ ապահովել ծրագրի իրականացման համար: Մ.Բրայզան նշեց, որ այդ ծրագիրը «ԱՄՆ-ի եւ Հայաստանի բարեկամության խորհրդանիշն է. այդ բարեկամությունը հնարավոր չէ գնել այլ աղբյուրներից միջոցներ հայթայթելով»: Այսպիսով, օրեր առաջ ռուսական աղբյուրներից միջոցների հնարավոր հայթայթման մասին արտահայտված, այժմ արդեն նորանշանակ վարչապետ Տ.Սարգսյանը նույնպես խիստ զգուշացում ստացավ: Վերջապես` հարկ է նշել, որ Մ.Բրայզան ըստ էության ասաց, որ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքացիների կողմից հայաստանյան իշխող վարչախումբը ոչ լեգիտիմ կհամարվի, այն ոչ լեգիտիմ կհամարվի նաեւ ԱՄՆ-ի կողմից: Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացիները կցուցադրեն, որ իրենց գոհացնում է այն ուղին, որով շարժվում է պետությունը միայն երբ նոր ընտրություններ կնշանակվեն: Կարելի է հիշել, որ 2003թ. էլ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Փ.Այքերն էր հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեին` ընդունե՞լ կայացած ընտրությունների արդյունքը, թե՞ ոչ: Այն ժամանակ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով բողոքի ալիքը մարեց, սակայն այս անգամ ընդդիմությունը նույն սխալները չի կրկնի: Նշենք, որ իշխող վարչախմբի ոչ լեգիտիմ համարվելը կարեւոր է նաեւ նրա համար, որպեսզի Ս.Սարգսյանը հնարավորություն չունենա երկարաձգել իր իշխանությունը` ղարաբաղյան կարգավորման գործընթացում միակողմանի զիջումների գնալով կամ Հայաստանի կենսական շահերն այլ կերպ զոհաբերելով: Այն, որ միջազգային զարգացումները դանդաղորեն, սակայն ճիշտ ուղղությամբ են զարգանում` տեսանելի է նաեւ այլ միջազգային ատյանների հրապարակած կարծիքներից: Հայտնի է մասնավորապես, որ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ի փորձագետներն անընդունելի են համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Իսկ ապրիլի 8-ին հրապարակված «Ճգնաժամային միջազգային խմբի» զեկույցում պարզ նշված է, որ թե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը ճնշումներ իրականացնեն վարչախմբի վրա: ՃՄԽ-ի զեկույցից հնարավոր է եզրակացնել, որ Արեւմուտքում էլ է հասունացել ավազակապետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության գիտակցումը. հիշեցնենք, որ նախկին հրապարակումներում նշել էինք մասնավորապես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության լիազորությունների կասեցման, ինչպես նաեւ հայ պաշտոնյաներին եւ նրանց ընտանիքների անդամներին վիզաների տրամադրումն արգելելու հնարավորության մասին: Այժմ արդեն ՃՄԽ-ն է խորհուրդ տվել Եվրախորհրդին` քննարկել Հայաստանի անդամակցության սառեցման հարցը, իսկ ԵՄ-ին ու ԱՄՆ-ին` դադարեցնել օգնության տրամադրումը, ինչպես նաեւ արգելել Ս.Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների այցելությունները, եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն համապատասխան առաջարկները կամ շարունակեն ընդդիմադիրների ձերբակալությունները: Կրկնենք, որ առաջարկները ներառում են քաղաքական գործունեության համար կալանավորվածների ազատ արձակումը, մարտի 1-ի իրադարձությունների անկախ, միջազգային փորձագետների մասնակցությամբ հետաքննության անցկացումը եւ քաղաքացիների դեմ զենք կիրառողներին պատժելը, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ համարելը, լրատվամիջոցների գործունեության եւ ինտերնետից օգտվելու սահմանափակումներից ձեռնպահ մնալը, ինչպես նաեւ ընտրության օրը կատարված բռնարարքների համար մեղավորներին պատժելը: Նշենք, որ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ բացահայտորեն շարունակում են իրենց ապօրինի գործողությունները` խախտելով պարզորոշ կերպով իրենց փոխանցված առաջարկներն ու պահանջները: Այսպես` արդեն ապրիլի 9-ին շարունակվել են բռնությունները բողոքի գործողությունների մասնակիցների նկատմամբ, նաեւ նպատակաուղղված կերպով խափանվել է «Euronews»-ի եթերում տեղ գտած Հայաստանին վերաբերող տեսանյութի հեռարձակումը: Տեսանյութը մասնավորապես հայտնում էր, որ հայաստանյան ընդդիմությունը ապրիլի 9-ին մի շարք բողոքի գործողություններ է կազմակերպել. միայն Երեւանում ութ գործողություն է տեղի ունեցել, որոնց մասնակիցները հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը, ինչպես նաեւ վերահաստատել են իրենց անհամաձայնությունն ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: Նշվել է, որ ընդդիմությունը հաղթող է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես նաեւ մեջբերվել է մի քաղաքացու խոսքը. «Մենք ցանկանում ենք լինել մեր օրինական նախագահի հետ, այլ ոչ թե նրա հետ, ով այժմ Օպերայում ստանձնում է պաշտոնը` բանակի եւ ոստիկանության պաշտպանության ներքո: Դա մեր ժողովրդի նախագահը չէ»: Ելնելով վերը նշվածից` կրկնենք. վարչախմբի նկատմամբ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների կողմից պատժամիջոցների կիրառումն արդեն իսկ բացահայտ անհրաժեշտություն է: Հայաստանի քաղաքացիներն էլ կշարունակեն խաղաղ բողոքի ցույցերը. քաղաքացիական ակտիվությամբ է Հայաստանը կարողացել վերահաստատվել միջազգային ասպարեզում` որպես գործոն եւ այդպես էլ պետք է մնա: Իսկ պատժամիջոցների իրականություն դառնալու դեպքում վարչախմբի կյանքը շատ կարճ է լինելու. Հայաստանում հնարավոր չէ պատժամիջոցների առկայության պայմաններում տարիներ շարունակ պահպանել իշխանությունը` ինչպես Լուկաշենկոն է վարվում Բելառուսում: Բավական է նշել մեկ պարզ պատճառ. Լուկաշենկոն արեւմտյան երկրներում անշարժ գույք եւ բանկային հաշիվներ չունի: Այնպես որ, մեր վերջնական հաղթանակը սարերի ետեւում չէ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |