|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ՆԱՏՕ-ն ճանաչեց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը19:28 Yerevan | 15:28 GMT | Tuesday 15 April 2008Էմմա Գաբրիելյան Մենք` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներս, մտահոգված ենք Հարավային Կովկասի եւ Մոլդովայի Հանրապետության տարածաշրջանային հակամարտությունների շարունակմամբ: Մեր ժողովուրդները ճանաչում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը: Հաշվի առնելով տվյալ սկզբունքները` մենք պաշտպանում ենք այդ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը», - ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ընդունած` ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Ինքնին փաստը, որ ՆԱՏՕ-ն հանդես եկավ Հարավային Կովկասի պետությունների տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարությամբ` ուշագրավ է: Հետաքրքրական է նաեւ այն ժամանակահատվածն ու մթնոլորտը, որը ձեւավորվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ինչպես հայտնի է Բուխարեստում Ադրբեջանի նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ կայացած հանդիպումը բավականին լարված մթնոլորտում էր անցել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ասել էր. «Բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համանախագահներին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր կոշտ եւ անզիջում դիրքորոշման մասին» եւ նաեւ հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահը համանախագահներից բացատրություն է պահանջել ՄԱԿ-ում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի քվեարկության ժամանակ իրենց երկրների դիրքորոշման վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն իր կողմից նախաձեռնած վերջին գործողությունների առկայության պայմաններում անգամ շարունակում է պնդել, թե Ադրբեջանի դիրքորոշումը չի կոշտացել, այս մասին օրերս հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. «Չեմ կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կոշտացել է. այն մնացել է նույնը, ինչ եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում», - Բուխարեստում նշել էր նա` հավելելով. «Հարցն այժմ հանգում է հայկական կողմին` թե ինչպես են նրանք շարունակությունը տեսնում: Ադրբեջանի դիրքորոշումը ինչպես կար, այնպես էլ մնացել է: ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա` այն ըմբռնումով, որ ԼՂ-ին տրվում է բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում», - ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Անդրադառնալով ՄԽ-ի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ-ին ուղղված Ադրբեջանի դիմումին` Է.Մամեդյարովը նկատել էր, որ համանախագահության ինստիտուտն ստեղծվել է, բայց ոչ ոք չգիտի, թե երբ է նրա վերջը. «Տվյալ պարագայում պետք է ամբողջությամբ պարզել` ինչպես է աշխատում համանախագահության ինստիտուտը. եթե այն ունի սկիզբ, ապա ինչպես ցանկացած կառույց, պետք է նաեւ վերջ ունենա, եւ այդ համատեքստում ուզում ենք պարզել, թե ինչպես պետք է այն գործի», - նշել էր ԱԳ նախարարը: «Համանախագահները եւս պետք է հասկանան այն պատասխանատվությունը, որ կրում են հակամարտության կարգավորման համար»: Որ Բաքուն բոլոր պարագաներում շահած է դուրս գալիս իր վարած քաղաքականությունից` անվիճելի փաստ է: Ալիեւ-Սարգսյան հանդիպում, իհարկե, կարող է կայանալ, սակայն խնդիրը նրանում է, թե ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները եւ Սերժ Սարգսյանը ինչ կեցվածքով, ինչպիսի մթնոլորտում են գնալու այդ բանակցություններին... Իրավիճակը հայկական կողմի համար, մեղմ ասած, գոհացուցիչ չէ. համանախագահներ, որ սեփական գործունեությունը տապալումից փրկելու խնդիր ունեն եւ ստիպված եղան պաշտոնական Բաքվի բռնած դիրքորոշումների հետ հաշվի նստել, ավելին` շարժվել նրանց թելադրած խաղի կանոններով: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանին, ապա նա կգնա այդ բանակցություններին նախ սեփական ժողովրդից մերժվածի, հասարակության վստահությունը չվայելողի, ապա նաեւ` կրտսեր Ալիեւի կողմից մեկ անգամ արդեն մերժվածի կարգավիճակում: Չհաշված` ՄԱԿ-ում ընդունված հայտնի բանաձեւը եւ Բաքվի տրամադրությունները դրա հետ կապված: Ս.Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպմանը եւս մեկ անգամ նկատել է, որ «դեմ չի լինի հանդիպել Ադրբեջանի ղեկավարին որեւէ համաժողովի շրջանակներում, եթե նման ցանկություն մյուս կողմը հայտնի»: ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան վստահեցրել է, որ բանակցային գործընթացը կշարունակվի եւ նշել է Ս.Սարգսյանի երդմնակալությունից հետո հնարավոր հանդիպման մասին: Ամերիկացի համանախագահը նշել էր, թե Ադրբեջանը եւս համաձայն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Համանախագահները բուխարեստյան հանդիպումների առիթով, ինչպես հայտնի է, հայտարարություն տարածեցին, որում վերահաստատեցին իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ փաստեցին, որ «հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է ԼՂ-ի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցային ճանապարհով ձեռք բերված քաղաքական փոխզիջում, որի ապագա հաստատումը կվերապահվի ԼՂ-ի բնակչությանը»: Իսկ 1news.az-ի փոխանցմամբ` Մ.Բրայզան վստահեցրել է. «Բուխարեստում կայացած երկու հանդիպումներում տեղի ունեցավ կարծիքների լուրջ փոխանակում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ»: Պաշտոնական Երեւանն էլ Բաքվի վերջին կոշտ հայտարարություններին ի պատասխան շարունակում է ԼՂՀ ճանաչման շուրջ մեկնաբանություններ անել: Օրերս Ռ.Քոչարյանը չբացառեց մեկ փաստաթղթով ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը. «Չեմ բացառում եւ համարում եմ, որ Ադրբեջանի կեցվածքը բանակցային գործընթացում եւ Ադրբեջանի վերջին քայլերն ուղղակի պարտադրում են հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմելու: Թե ինչպիսի՞ն կլինեն այդ քայլերը` ճանաչու՞մ, անվտանգության ոլորտում պայմանագրի ստորագրու՞մ, թե՞ այլ` պետք է որոշի ՀՀ հաջորդ նախագահը եւ հաջորդ կառավարությունը», - նշել էր նա: Հարցին, թե ինչու՞ մինչեւ հիմա Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը` պատասխանել էր, որ դա այն քայլն է, որը ՀՀ իշխանությունները միշտ կարող են անել. «Փաստացի ճանաչումը կա եւ` վաղուց: Խնդիրը ֆորմալիզացման մեջ է, թե որ պահին ավելի արդյունավետ կարելի է համարել այդ քայլի իրականացումը»: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ստեփանակերտում Ռ.Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը կամ պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ անկախությունը կամ վերջնական ճանաչումը փոխարինի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող պայմանագրի ստորագրմամբ. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանում եւս մոտակա ժամանակներում քննարկումներ պետք է լինեն, եւ, կարծում եմ, ստեղծվում է նոր իրավիճակ: Աշխարհում ինչ-որ բաներ փոխվում են, կա Կոսովոյի նախադեպը, կան Ադրբեջանի ջանքերը` ԵԱՀԿ շրջանակից բանակցային գործընթացը տեղափոխելու դեպի ՄԱԿ, կան ռազմատենչ հայտարարություններ, որոնք պարտադրում են ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին ուղղակի որոշակի շտկումներ մտցնել իրենց մոտեցումների մեջ` կապված ե՛ւ ԼՂՀ անվտանգության հարցերի, ե՛ւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հետ», - Ստեփանակերտում հայտարարել էր Ռ.Քոչարյանը, ապա հավելել. «Հայաստանը կամ պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ անկախությունը կամ, միգուցե, վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ աջակցության պայմանագրի ստորագրմամբ` ագրեսիայի պարագայում իմպերատիվ կերպով մասնակցություն ցուցաբերելով այդ ագրեսիայի չեզոքացմանը»: Ըստ Քոչարյանի` նման պայմանագիրը կանխարգելիչ դեր կունենա ռազմատենչ հայտարարությունները կանխելու ուղղությամբ: Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Բաքու ժամանած, ԱՄՆ-ի Հադսոն ինստիտուտի եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանը (Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կինը) Day.az ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Քոչարյանի վերջին հայտարարություններին` նկատել է, թե Ռ.Քոչարյանը ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին նշել է Հայաստանի նոր ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների սկսվելուց առաջ իր երկրի դիրքերն ամրապնդելու նպատակով: Բարանի խոսքերով` նույնիսկ եթե Հայաստանը ընդունի նման որոշում, ոչ ոք չի ճանաչի ԼՂ-ն. «Ոչ ոք դա չի հասկանա: Իրականում դա նման կլինի Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը միայն Թուրքիայի կողմից», - ասել է Զ.Բարանը` հավելելով. «Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, այդ որոշումը չի պաշտպանի ոչ ոք` ներառյալ Մինսկի խումբը, այդ թվում` Ռուսաստանը, որը շատ հարցերում Հայաստանի դաշնակիցն է: Այդ պատճառով ես լուրջ չեմ ընդունում հայաստանյան ղեկավարության նման հայտարարությունները»: Իսկ անդրադառնալով ՄԱԿ-ում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների դեմ քվեարկելուն` Բարանը շեշտել է. «ՄԽ-ն ցանկանում էր, որ այդ բանաձեւն առհասարակ չբարձրացվի: Արդյունքում` նրանք ընդունեցին այդ բանաձեւին դեմ քվեարկելու որոշում եւ բացատրեցին դա նրանով, որ բանաձեւը պաշտպանելը կխաթարեր համանախագահների` որպես միջնորդների հեղինակությունը Հայաստանի աչքում: Իսկ «ոչ» ասելով` նրանք հանդիպեցին Ադրբեջանի դժգոհությանը»: ԼՂ-ի խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի լավատեսական հայտարարությունների առնչությամբ Զ.Բարանը շեշտել է. «Պետք է խոստովանեմ, որ այդչափ լավատես չեմ, սակայն ես բանակցությունների մասնակից չեմ: Լինի դա Բրայզան, թե մյուս համանախագահները` նրանք հանդիպում են երկու երկրների նախագահների եւ ԱԳ նախարարների հետ եւ ծանոթ են բանակցությունների էությանը: «Մեթյու Բրայզան լավատես էր նաեւ, երբ քննարկվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության հեռանկարը, եւ բոլորը խոսում էին այդ նախագծի իրականացման բարդության մասին», - ասել է ամերիկացի համանախագահի կինը` ընդգծելով. «Հիմնախնդրի լուծման մեջ պետք է լավատես լինել` ընդհանուր հայտարարի բերելու համար տվյալ հարցի լուծմամբ զբաղվող անձանց դիրքորոշումները» եւ հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի «այս տարվա ընթացքում»: Զ.Բարանը նաեւ կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, իր կազմում ընդունելով Վրաստանին, կգա Կովկաս, եւ այդ ժամանակ անդամակցությունը հնարավոր կդառնա եւ Ադրբեջանի համար. «Ուկրաինան եւ Վրաստանը ավելի վաղ եւ ավելի ակտիվ են սկսել գործունեությունը ՆԱՏՕ-ին ինտեգրման ուղղությամբ, սակայն ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Ադրբեջանը եւս կանդամակցի դաշինքին», - ասել է Բարանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |