“Zhamanak” Armenian-American Political Daily

«Իշխանությունն ինքն իրեն չի դատի»

19:22 Yerevan | 15:22 GMT | Tuesday 15 April 2008

Մարինա Բաղդագյուլյան

«Նոր եմ տեսակցել նրան: Առողջությունը եւ տրամադրությունը լավ էր: Ամռանը դարձյալ ձերբակալվել էր, ու այն ժամանակ էլ, երբ այցի էի գնացել, էլի լավ էր, դիմանում էր, բայց նյարդային էր: Հիմա շատ հանգիստ է: Հավանաբար նրանից է, որ բոլորը միասին են եւ վստահ է, որ այս մղձավանջը շուտ կվերջանա», - ասաց Մելիսա Բրաունը` Ալեքսանդր Արզումանյանի կինը, որ սիրում է իր ամուսնուն, որովհետեւ նա սիրում է ազատությունը:

«Ինքը շատ ազնիվ, մաքուր, փայլուն տղա է: Իմ ամենամոտ ընկերն է: Իմ հերոսն է: Հուսով եմ, որ շուտ դուրս կգան: Ինքը դիմանում է, մենք էլ կդիմանանք», - վստահեցնում է Մելիսան, քանի որ ինքը վստահ է, որ Արզումանյանին չեն կարող դատել. «Ի՞նչ հիմքի վրա», - ասում է նա ու ժպտում: Քաղբանտարկյալների հետ կապված միակ բանը, որ նրան անհանգստացնում է` հացադուլն է: «Հասկանում եմ, որ հացադուլը բողոքի ձեւ է, բայց այդ միջոցով այս իշխանությանը բան հասկացնել չարժե: Առանց այդ էլ շատ արյուն է թափվել, միայն ութ զոհերը չէին, որ եղան: Հաշվենք հոկտեմբերի 27-ից մինչեւ օրս եղած զոհերի թիվը. շատ-շատ արյուն է թափվել: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայն կուրախանան, եթե այդ մարդիկ հիվանդանան: Մեր տղերքը չպիտի տանջվեն: Նրանք բանտում պիտի գիրք կարդան, մարզանքով զբաղվեն, ուրախանան, մինչեւ շուտով դուրս կգան»...

Մելիսա Բրաունը ժողովրդավարացման երկար ճանապարհ անցած, բայց արդեն ժողովրդավարական արժեքները հաստատապես կրող երկրի` ԱՄՆ-ի քաղաքացի էր: Նրա համար չինական այբուբենի պես մի բա՞ն է սիրած մարդու, արդեն նաեւ իր երկրում կատարվածը: Ի՞նչ է մտածում, ի՞նչ է զգում: Պարզվեց` զգացողությունները տարբեր են եղել` զարմանք, սարսափ, ծիծաղելու ցանկություն, հիասթափություն, հիացմունք...

Զարմանք ու սարսափ

«Չեմ պատկերացնում, թե Օբամային, Մաքքեյնին կամ Հիլարի Քլինթոնին սատարող մարդկանց սպանեին, բանտերը դնեին... Տարօրինակ է, անպատկերացնելի: Բայց հայ ժողովուրդն էլ չի ընդունում սա: Մարդիկ վախենում էին, վախ կար, բայց հիմա հաղթահարել են այդ վախը: Իհարկե, ինձ համար զարմանալի է ու սարսափելի, բայց իմ ընկերների համար էլ, ովքեր խորհրդային իշխանությունում են ապրել, մեծացել, նույնպես զարմանալի է ու սարսափելի: Եթե այս երկիրը աշխարհից կտրված մի տեղ լիներ, կարող են այսկերպ շարունակել: Բայց երբ այս երկրում մարդիկ զարգացած են, գրագետ, բարեխիղճ, բարոյական, այսպես չի լինի, չի կարող այսպես շարունակվել: Քոչարյանը կարծում է 1937 թի՞վն է. ճնշումներ` ծեծի, ձերբակալությունների, խոսքի ազատության սահմանափակման, հարկային սպառնալիքների միջոցների կիրառմամբ: Շատերը կորցրին աշխատանքը: Հանրային հեռուստատեսությամբ մի բան են ցույց տալիս, բայց ամբողջ աշխարհը գիտի, որ այդպես չէ: Ոտնահարվում էին մարդկանց ամենատարրական իրավունքները: Եվ այս ճնշումները նախընտրական փուլից չէ, որ սկսվել է, այլ` վաղուց. տասը տարի ճնշման տակ ենք ապրել` բոլորս: Միայն այդ ճնշումն ավելի սրվեց, երբ տասը տարվա լռությունից հետո խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսպիսի ճնշման այսպիսի ձեւերի չէի սպասում: Ստացվում է` ես նրանց մասին ավելի լավ պատկերացում ունեի...»:

Ծիծաղելու ցանկություն

«Ես չգիտեմ, ցավալի՞ է, թե՞ ծիծաղելի երդման արարողությանը նախապատրաստվելը: Նրանք վախենում էին երդման արարողությունն անել առանց մեծ զորքի: Ու քանի որ ամոթ է զորքն առանց պատճառաբանության բերել հրապարակ, որ այդպես էլ «ալարում» են Ազատության հրապարակ կոչել, որոշեցին հայտարարել, թե շքերթ է»:

Հիասթափություն

«Ես հիասթափված եմ սփյուռքահայերի կազմակերպություններից: Կանադայի հայությունը դատապարտում է Տիբեթի բռնությունները, բայց Հայաստանում կատարված եւ կատարվող դեպքերին ոչ մի ռեակցիա, ոչ մի արձագանք: Գուցե չե՞ն պատկերացնում` ինչ է այստեղ կատարվում...

Լոս Անջելեսի հայությունը շատ ակտիվ է: Գուցե նրանից է, որ նրանք ավելի ուշ են գնացել եւ ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է իրականում կատարվում»:

Հիացմունք

«Այդ տասը օրերը հրաշք էին, այդ տասը օրերը երազ էին: Ես ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում նման ուրախ, ուժեղ, միահամուռ երեւույթ չեմ տեսել: Ճիշտն ասած, վերջին տարիներին մի քիչ այլ կերպ էի վերաբերվում թե ԱՄՆ-ին, թե Հայաստանին, բայց այդ 10 օրերին թարմացա, մաքրվեցի: Այդ հրապարակում ժողովրդավարություն էր: Եվ հիմա դա շարունակվում է` տեղ-տեղ: Իհարկե, Հյուսիսային պողոտայում հիմա անհամեմատ քիչ են, բայց նույն էներգիան է, նույն ուժը, նույն ոգին»:

Պահանջը

«Այս իշխանությունները պետք է ընդունեն, որ երկրում 135 քաղբանտարկյալներ կան:

Պիտի հանեն բոլոր մեղադրանքները:

Պիտի ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները:

Պետք է պարզել, թե ովքեր էին ցուցափեղկերը ջարդողները: Պետք է պատժվեն ժողովրդի վրա ձեռք բարձրացնողները, կրակ բացողները...

... Բայց... իշխանությունն ինքն իրեն չի դատի...»...

Մելիսա Բրաունն ու Ալիկ Արզումանյանը մեկ որդի ունեն` Ռոբերտը: Շուտով կլրանա նրա 12-ամյակը: Նա կարոտում է իր հայրիկին, բայց չի արտահայտվում, շատ զուսպ տղա է: «Երբ տեսավ հայրիկին, շատ լավ էր: Իրենց սիրած թեմաներից խոսեցին` ֆուտբոլից: Իհարկե, դժվար է նրա համար: 135 քաղբանտարկյալներ կան: Բոլորը կին, մայր, երեխաներ ունեն: Բոլորի համար էլ դժվար է: Բոլորս էլ նույն վիճակում ենք...»...

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.