|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արցախյան շարժման նվիրյալը՝ ճաղերի ետեւում19:18 Yerevan | 15:18 GMT | Tuesday 15 April 2008Գայանե Հովսեփյան Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված անձանց 106 հոգիանոց ցուցակի թիվ 1 «պատվավոր համարը» ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանն է, ով 90-ականներին եղել է Վանաձորի քաղխորհրդի նախագահի տեղակալ: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով եւ 300-ի 2-րդ մասով: Ձերբակալվածը, որ գտնվում է Երեւանում, առաջին իսկ օրից փաստաբան է պահանջել: Ներկայումս ապահովված է փաստաբանով: Ամենայն հավանականությամբ դատաքննությունը տեղի կունենա Երեւանում՝ «հատուկ քննչական գործի շրջանակներում», որի «շրջանակներում» էլ ներկայացված է մեղադրանքը: Հարկ է հիշատակել, որ Ա.Մանուկյանը արցախյան շարժման ակունքներին մոտ կանգնած քաղաքական գործիչ է եւ լուրջ դերակատարում է ունեցել սահմանամերձ շրջանների պաշտպանության գործում: Եղել է Երկրապահ կամավորական միության անդամ (չի բացառվում` նաեւ է այժմ, քանի որ, ինչպես հայտնի է, ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ, եւ, ըստ այդմ, այլ քաղաքական կուսակցությունների անդամների համաժամանակյա անդամակցությունը ԵԿՄ-ին չի արգելվում): «Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից Ա.Մանուկյանը եղել է շարժման ազատամարտիկներից եւ նախաձեռնողներից մեկը, իրականացրել է սահմանամերձ շրջանների պաշտպանական միջոցառումները` աշխարհազորային ջոկատների կազմավորումից մինչեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների հսկողությունն ու պաշտպանությունը», - նշվում է 2001թ. Ա.Մանուկյանին ԵԿՄ-ի կողմից տրված միջնորդագրում (տես՝ 6.10.2001թ. «Առավոտ», «Վանաձորյան դատավարություն» հոդվածը): Ցավոք, Ա.Մանուկյանն այն ժամանակ նույնպես հայտնվել էր իրավապահների նշանառության տակ, եւ հենց ԵԿՄ անդամ լինելու հանգամանքն էլ այն ժամանակ մեղմացուցիչ դեր կատարեց նրա նկատմամբ դատավճիռ կայացնելիս: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ իշխանություններն սկսել էին «զտել» նախկին զինակիցներին՝ «յուրայինների» եւ ոչ «յուրայինների»: Հենց այդ նույն ժամանակաշրջանում իրավապահների նշանառության տակ էր հայտնվել նաեւ քաղաքական հայտնի գործիչ Ազատ Արշակյանը, որին ձերբակալելու առնչությամբ չեզոք դիրք գրավելու համար հասարակության առաջադեմ ուժերը խիստ խոսքեր ասացին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավուքների պաշտպանության հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Պարույր Հայրիկյանի հասցեին: 2001թ. Ա.Մանուկյանին օգնեց ԵԿՄ անդամ լինելու հանգամանքը, իսկ այժմ կօգնի՞ այդ հանգամանքը՝ դժվար է ասել, եթե հաշվի առնենք, որ հիմա ԵԿՄ անդամ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք են հայտնվել իրավապահների նշանառության տակ: Միգուցե հիմա որոշ պատգամավորներ հիշեն, որ իրենք նույնպես ԵԿՄ անդամ են եղել, ինչպես, օրինակ Լոռու մարզից ընտրված պատգամավորներ, ՀՀԿ անդամ Կարեն Սարիբեկյանը, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ի դեպ, 2001թ. Ա.Մանուկյանին տրված միջնորդագրերից մեկը «Վրեժ» ջոկատի հրամանատար Սարիբեկյանից էր («Առավոտ», 6.10.2001թ., «Վանաձորյան դատավարություն»): Հարկ ենք համարում հիշատակել ՀՀ պետական ու քաղաքական հայտնի գործիչների խոսքերը՝ Ա.Մանուկյանի մասին, որին անդրադարձել են նաեւ արտակարգ պայմաններում լույս տեսած «Ժամանակ Երեւան» ինտերնետային կայքն ու «Ժամանակ Լոս Անջելես» օրաթերթը՝ մարտի 11-ի համարում: ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1996թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարեւորելով Ա.Մանուկյանի առաջադրումը որպես ԱԺ պատգամավորության թենկնածու՝ ասել է. «Ա.Մանուկյանին ճանաչել եմ ազգի համար ճակատագրական ղարաբաղյան շարժման առաջին օրից: Նա իր բնատուր խելքը, նպատակին հասնելու կամքը, նվիրումը մինչ օրս անմնացորդ ի սպաս է դրել Արցախի հաղթանակի եւ հայոց պետության կայացման գործին»: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանն էլ ասել է. «Աշոտ Մանուկյանը եղել է այն եզակի անհատներից, որ շարժման առաջին օրից ազգային պետության կայացումը եւ Արցախի հարցի լուծումը կապում էր հայոց ազգային բանակի ստեղծման հետ: Նա մինչ օրս անմնացորդ նվիրվել է ինքնապաշտպանությանը եւ բանակի ստեղծմանը: Նման նվիրյալների շնորհիվ է, որ պաշտպանված են մեր երկրի սահմանները, եւ ունենք ակնառու հաղթանակներ Արցախում»: Իսկ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսն էլ «հավելել» էր. «Աշոտ Մանուկյանի համառ ջանքերով Վանաձորն այսօր ունի կամերային երգչախումբ եւ նվագախումբ, քաղաքի մանուկների սիրելի օջախ դարձած տիկնիկային թատրոն, վոկալ գործիքային համույթ, պարուսուցման դպրոց: Էներգետիկ սովի պայմաններում ապահովվեց Աբելյանի անվան պետթատրոնի անընդմեջ աշխատանքը, շարունակվեցին քաղաքի մշակութային կյանքի լավագույն ավանդույթները»: (Պատմական այս վկայությունները տես 1996թ. Վանաձորի «Վերածնունդ» թերթի 1996թ. մայիսի 26-ի համարում): Հարկ է հիշատակել նաեւ, որ Աշոտ Մանուկյանի մասին բավականին ջերմ խոսքերով արտահայտվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այս տարվա նախագահական ընտրությունների նախօրյակին Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, վերջինիս ներկայացնելով որպես Շարժման տարիների իր մարտական ընկեր: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |