“Zhamanak” Armenian-American Political Daily

Քաղաքում վիճակն ի՞նչ է, որ գյուղում ինչ լինի

19:12 Yerevan | 15:12 GMT | Tuesday 15 April 2008

Գայանե Հովսեփյան

Եթե մի ժամանակ Վանաձորի «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին բաժանմունքն աշխատում էր թերբեռնվածությամբ, ինչը դժգոհությունների տեղիք էր տալիս, ապա վերջին 2 ամսում, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, քանի որ համաբուժարան այցելող միակ մասնագետն աշխատում է միայն չորեքշաբթի՝ մինչեւ ժամը 15-ը, ինչը նշանակում է, որ ոչ միայն վանաձորցիների զգալի մասը, այլեւ Գուգարքի 21 գյուղերի համապատասխան հիվանդները լուրջ խնդիրներ ունեն անվճար բուժզննման ենթարկվելու առնչությամբ:

Չէ՞ որ այս կարգի հիվանդները մշտական հսկողության անհրաժեշտություն ունեն: Վերջերս էլ Վանաձոր այցելած էնդոկրին բժիշկների անվճար ընդունելության մասին մարդիկ տեղեկացան միայն տեղական հեռուստատեսությամբ այցը պատմող ռեպորտաժից: «Գաղտնի-գաղտնի եկել-գնացել են, ո՞վ է իմացել, ոչ մի հայտարարություն չի եղել», - գժգոհում էին մարդիկ նախընտրական շրջանում կայացած, այսպես կոչված, առողջապահական «ակցիայից»: Բարեբախտաբար, թիվ 1 համաբուժարանում, որտեղ էնդոկրին 3 մասնագետ կա՝ (2 թերապեւտ եւ 1 նեղ մասնագետ), լրիվ բեռնվածությամբ, հերթափոխով աշխատող, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում առնվազն բժշկական խորհրդատվություն անցկացվում է՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերելով ոչ իրենց տարածքի հիվանդների նկատմամբ, երբեմն էլ համապատասխան դեղատոմս է դուրս գրվում: Թիվ 1 համաբուժարանի սպասասրահի այցելուներից մեկն, օրինակ, խոստովանեց, որ ինքն անգամ քաղաքի գրանցում չունի, բայց իր ամուսինն այդտեղ բժշկական անհրաժեշտ խորհրդատվություն է ստացել, նշանակումներ են կատարել, արդյունքները գոհացուցիչ են:

Եթե «Գուգարք» համաբուժարանում էնդոկրին մասնագետն է «անհասանելի», ապա թիվ 4 համաբուժարանում «անհասանելի» է ուրոլոգը: «Մի օր գնացի, ասեցին` ժամը 15-ից հետո կգա, ժամը 15-ից հետո էլ գնացի, ասեցին՝ հենց նոր գնաց: Լա՜վ, ասեցի՝ ես ո՞նց բռնեմ էդ բժշկին, ասեցին՝ պետք է նախապես զանգեք, պայմանավորվեք, ժամը ճշտեք», - դժգոհեց մի տարեց քաղաքացի, որ նաեւ կես-լուրջ, կես-կատակ կասկած հայտնեց, թե ընդհանրապես համաբուժարաններում նույնիսկ անալիզի նորմալ հետազոտում չի անցկացվում, ինչի ապացույցը, նրա համոզմամբ, հիվանդներին տրվող «միանման» եզրակացությունն է:

Վիճակն առավել անմխիթար է գյուղերում. Լոռու մարզի Ձորագետավան համայնքն, օրինակ, որի մեջ մտնում է նաեւ մի քանի կմ հեռու գտնվող Թումանյան կայարանը, նույնիսկ բուժկետ չունի: Չնայած նախկին ամբուլատորիայի շենքը (որտեղ նախկինում տեղակայված հիվանդանոցը դեռ խորհրդային տարիներին լուծարվեց) առայժմ կանգուն է, սակայն պետկառավարման համակարգում ոչ ոք չի մտածում բժշկական տարրական ծառայություններ կազմակերպելու մասին: Ահա թե ինչու այս համայնքում հաճախակի են անժամանակ մահվան դեպքեր գրանցվում: Վերջերս էլ սրտանոթային հիվանդին մինչեւ մարզկենտրոն էին հասցրել, հիվանդանոց ընդունելու թղթագրությունն ավարտել` արդեն ուշ էր եղել. հիվանդը մի քանի ժամ հետո մահացել էր: Այս պայմաններում ինչո՞վ կարող է բնակչությանը մխիթարել մի քանի տարի առաջ ավանում կառուցված բարձրակարգ հյուրանոցը եւ դրա միջոցով իբր տուրիզմի զարգացումը, եթե բնակչությունը զրկված է տարրական բուժօգնությունից (բնակիչների վիճակն առավել անմխիթար դարձավ, երբ վախճանվեց համայնքի միակ «հարեհաս» հեքիմը, որը չնայած արդեն 90 տարեկան էր, բայց ոտք ու ձեռք «սարքելուց» գոնե «գլուխ էր հանում»): Ի դեպ, նորակառույց բարձրակարգ հյուրանոցը, որը ներդրումային գումարներով է կառուցվել, առավելապես ոչ թե տուրիզմի զարգացմանն է նպաստում, այլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանգստի կազմակերպմանը, որոնք երբ ցանկանում են շաբաթվա վերջին եռօրյա հանգիստ կազմակերպել Լոռվա այդ գեղատեսիլ, գողտրիկ անկյունում, ժամանցի անունը դնում են «խորհրդակցություն», «սեմինար» կամ «արտագնա նիստ»՝ «նվիրված մարզի հիմնախնդիրներին»:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.