“Zhamanak” Armenian-American Political Daily

Սուտից է սկսվում սխալը...թե՞ vice versa, ի՞նչ տարբերություն

19:03 Yerevan | 15:03 GMT | Tuesday 15 April 2008

Սարգիս Հացպանյան

Կալանավայրի բակում, բոլորի կողմից տեսանելի մի հատվածում շատ մեծ տառերով գրված խոսքը պարունակում էր չորս բառ` «Սուտից է սկսվում սխալը»:

Հայաստան պետությունը իր կալանավորներին` իրենց կատարած սխալի իսկական պատճառը ահա այսպես մատնացույց անելով` փորձում էր հորդորել հասկանալու սեփական գործողության պատճառահետեւանքային կապը:

Ուղղվելու նպատակով պատժվածը հասկանում էր, որ սխալ գործելու հետեւանքի պատճառը սուտն է, եւ նա հենց դրա գինն է վճարում ազատազրկվելով: Ուստի պետություն-քաղաքացի փոխհարաբերության այս օրինակով հասկանալի է դառնում, որ սխալ չգործելու համար պետք է սուտ չասել:

Ես արդեն 18 տարի է, որ մշտապես ապրում եմ Հայաստանում եւ քանի որ Ֆրանսիայից եմ այստեղ ժամանել, շուրջբոլորս կատարվող ամեն տեսակի եղելության կամ իրադարձության իմ եկած երկրի քաղաքացու աչքերով եմ նայում:

Կինոռեժիսոր Ալեն Պարկերի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում մի սքանչելի տեսարան կա. թուրքական բանտում հայտնված եվրոպացին զնդանի իր բախտակիցներին պարտադրված շրջանաձեւ ու միայն մեկ ուղղությամբ քայլելուն չի մասնակցում: Այդ պատճառով անմարդկային ծեծուջարդի ենթարկվելով հանդերձ` նա մտնելով շրջանաձեւ օղակի մեջ բոլոր բանտարկյալների քայլքին հակառակ ուղղությամբ է քայլում` նրանց ցուցադրաբար հասկացնելով, որ իրենց պարտադրվածին հակառակվելն է մարդ մնալու միակ միջոցը` թեկուզ ազատազրկված պայմաններում, բայց բանականությունից չհրաժարվելով, մտքի ու հոգու ազատությունը չկորցնելով, դա չզիջելով ուրիշին...երբե՛ք:

Մարդու համար ազատությունից ավելի բարձր արժեք եւ դրանից զրկվելուց ավելի մեծ ողբերգություն չկա, չի կարող լինել: Եվրոպան հենց այդ մայրցամաքն է, Ֆրանսիան հենց այդ երկիրն է, որտեղ եւ դարեր շարունակ թափված արյան շնորհիվ մարդը հասել է ազատության ու ձեռք բերել իրավունքներ: Այդ իսկ պատճառով էլ բոլոր լեզուներով մարդու իրավունքների եւ ազատությունների մասին արտահայտվելիս օգտագործում են «եվրոպական արժեքային համակարգ» արդեն խորհրդանիշ դարձած խոսքերը:

Այո...խոսքեր, որոնք Հայաստան աշխարհում լոկ միայն խոսք էլ շարունակում են մնալ, դժբախտաբար: Հայ մարդուն իր ազատությունից եւ իրավունքներից զրկելուն ուղղված բոլոր քայլերը այստեղ արվում են բացառապես «պետության» անունից ու ի պաշտոնե դրանց «երաշխավորը» հանդիսացողների կողմից:

Այսինքն` մարդու դեմ գործված հանցանքի մեղավորը` պատասխանատուն, հենց «պետության» անվան տակ գործող, այդ դիմակով հանդես եկող մի փոքրաթիվ խումբ է եւ «կազմակերպված բանդայի» գործողությունների հիմքում առկա է ՍՈՒՏԸ:

Եվ քանի որ «սուտից է սկսվում սխալը», Հայաստան աշխարհում ապրող մարդկանց անընդհատ, շուրջօրյա եւ առանց նույնիսկ ընդմիջման ստում են: Սուտը հենց այդ միակ զինատեսակն է, որ անընդմեջ օգտագործելիս հետք է թողնում: Իսկ հետքը, որ իրականում վերք է, ժամանակի ընթացքում սպիանալով հանդերձ` երբեք չի վերանում, չի անհետանում:

Քանի որ բանական էակ մարդուն ամբողջ կենդանական աշխարհի անասուններից տարբերող ամենաէական նշանը հիշողությունն է, դա էլ թույլ չի տալիս «վերքը» մոռանալ: Վերքը միայն մի ձեւով է մոռացվում եւ մարդու հիշողությունից վերանում` այն առաջացրած գործողության արդյունքում գոյացած վնասի փոխհատուցմամբ, որը ոչ այլ ինչ է, քան պատճառվածի գիտակցումն ու դրա խոստովանումը: Սա միակ դեղամիջոցն է վերքը բուժելու համար, բայց վերքը եւ ոչ այդ պատճառողներին: Իսկ վերք հասցնող-վիրավորողներին վերացնելու միակ միջոցը ժողովրդավարական արժեքներով ապրելու, այդ դեղամիջոցից ազատ օգտվելու իրավունքների համար անհաշտ պայքարելն ու այդ կռվում հաղթանակելն է: Եվրոպան, ինչպես նախօրոք նշեցի, այդ պայքարում հաղթել է` դրան հասնելու համար ահագին մեծ գին վճարելով, դարեր շարունակ արյուն թափելով ահռելի զոհողությունների արդյունքում, ու այսօրվա իր սերունդը վայելում է այդ քաղցր պտուղի համը` ազատ եւ ժողովրդավար համակարգում ապրելով:

Մենք Հայաստանում դրան հասնելու համար բոլորովին էլ արյուն թափելու պետք չունենք, քանի որ, ինչպես ասում են, «հեծանիվը նորից հայտնաբերելու» կարիքը չկա: Այն էլ հիմա, 21-րդ դարում: Դրա համար պետք է միայն ցանկություն: Այո...հենց այդքանը պարզապես եւ ուրիշ ոչ մեկ բան: Առանց ճգնելու, տքնելու, աղի արցունք, քափուքրտինք թափելու, արյան գնով զոհողությունների գնալու տեղ գնում ենք «Եվրոպա» խանութ, մտնում ենք «ժողովրդավարության» բաժին ու վերցնում մեր հագով հագուստը եւ մեր հազար ու մի ծակերով կարկատանով հին հագուստը այդտեղ թողնելով դուրս գալիս նոր, սիրուն, գեղեցիկ եվրոպական զգեստով` ըմբոշխնելով տոնական զգացմունքների անբացատրելի հաճույքը:

Ինտերնետը ժողովրդավարության ամենաէական ձեռքբերումն է, այդ արժեքները ողջ մարդկությանը հասանելի դարձնելու ցայտուն փաստը: Փաստ, որ ոչ միայն անհերքելի է, այլ նաեւ անձեռնմխելի, առավել եւս` անկասելի, քանի որ այն արդեն իսկ մտել է մեր տները, աշխատանքի եւ հանգստի բոլոր վայրերը: Դա աշխարհի ցայսօր հայտնաբերված ամենահզոր զենքն է, որովհետեւ ահռելի քանակությամբ ինֆորմացիոն է պարունակում, իսկ այսօր աշխարհում հզոր է նա, ով ինֆորմացիոնին է տիրապետում: Տվյալ պարագայում մարդը ինտերնետի շնորհիվ տեղեկություն է ստանում աշխարհի ցանկացած կետից եւ երկիր մոլորակի բոլոր անցուդարձերին տեղյակ է լինում:

Մարդը դառնում է աշխարհին պատկանող էակ, մոլորակային բառիս իսկական իմաստով: Ու մարդկային քաղաքակրթության արժեքներին մասնակից դառնալու միջոցն օգտագործում է ի շահ իրեն, իր ապրած տեղում, իր միջավայրում նույն արժեքային համակարգի կրող լինելու ձգտման արտահայտությամբ:

Ժողովրդավարությունը մինչ այսօր փորձված բոլոր տեսակի կացութաձեւերից լավագույնն է եւ մարդկային քաղաքակրթության հասած առայժմ ամենաբարձր կետը: Մարդուն բարեկեցիկ կյանքի հասնելու ճանապարհին հայտնաբերած ամենաբնական ու մարդկային համակարգը հանդիսացող ժողովրդավարությունն է, որ երաշխավորում է աշխարհի զարգացումը, առաջադիմությունը եւ այլն:

Ժողովուրդը ընդունակ լինելով ինքն իրեն ղեկավարել` հավաքականության կառավարման ամենաճիշտ ու արդար ձեւը գտել է ընտրելու իրավունքի ձեռքբերման շնորհիվ: Ըստ այդմ` մեծամասնության կարծիքը հիմք ընդունելով կատարված գործողության արդյունքը պարտադիր ընդունելության է արժանացել, եւ ընտրյալը ներկայացնելով մեծամասնության ձայնը` դարձել է նրա ցանկությունների կատարման ծառան: Այսպիսով, ժողովրդական համակարգում ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը, եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ իշխանությունը ծառայում է ժողովրդին: Սրանք են. միայն այս երեք հասկացության կանոնակարգումով է պայմանավորվում «ժողովրդավարություն» անունը կրող խաղը, որ 1991թ.-ից խաղացվում է նաեւ Հայաստանում:

Սկզբում կարծես խաղի բոլոր կանոններին քաջածանոթ եւ առանց խախտման ընթացող խաղը հետզհետե այլ ընթացք ստացավ ու հիմնական խաղացողին վայր գցելու պատճառով խաղն ընդհատվեց:

Ժողովրդավարական համակարգով խաղացվող խաղի կանոններում ուժի կիրառումը բացառվում է: Իսկ քանի որ 1998թ. սկզբում Հայաստանի ժողովրդավարական մրցաշարի խաղում կարեւորագույն խաղացողի հանդեպ ուժ գործադրվեց, նա էլ նեղացած դուրս եկավ խաղից` հեռանալով խաղադաշտից, եւ խաղն ընդհատվեց:

Դրան հետեւեց երկու խաղի կազմակերպում` մեկը 1998թ., մյուսը` 2003թ., բայց երկու խաղերն էլ դեռ չսկսած, ահագին խախտումների պատճառով տեղի ունեցող դեպքերում մարդկային զոհեր լինելուն հանգեցրին: Անհամացող խաղի կանոնների փոփոխության փորձերի պատճառով հանդիսատեսները մարզադաշտը լքեցին, խաղին «պարտադրված նոր կանոնները» մերժող խաղացողները խաղից դուրս ելան, իսկ երկու խաղերում էլ «ծախված» դատավորը խաղի բոլոր կանոնները կոպտորեն խախտողներին «հաղթանակ» գրանցեց:

Այս ընթացքում, անշուշտ, «Ժողովրդավարական լիգա»-ի առաջին խաղերում լավ արդյունքներ ցուցաբերած Հայաստան թիմը գնալով զիջեց իր տեղը, տկարացավ, հայտնվեց վտանգավոր գոտում եւ դուրս մնալով լավագույնների լիգայից` տեղափոխվեց երկրորդ լիգա, այդտեղից էլ շարունակելով ետընթացը` հասավ այժմյան իր տեղը` «սիրողական» խմբերի լիգան:

Բոլորը կարծում էին, որ վերջ, էլ մեր թիմը չի կարող վերածնվել ու կրկին հայտնվել «Պրեմիեր լիգայում», հանկարծ տաս տարի շարունակ ինքնակամ խաղից դուրս գալով դաշտից հեռացած, հին ժամանակներում լավագույն խաղացող հանդիսացող մարզիկը վերադառնալով խաղադաշտ` հայտարարեց, որ «հերիք է կոպիտ խախտումներով խաղացողներին հանդուրժել եւ ենթարկվել իրենց հնարած խաղի կանոններին ու անընդհատ չեղած պարտության հետ հաշտվել»:

Նրա վերադարձը իրոք բեկումնային էր եւ շատ կարճ ժամանակում նախկին մարզավիճակը ձեռք բերելու համար իր թիմով ծանր մարզումներ անցկացրեց` պատրաստվելով հիմնական խաղին: Մարզումների ժամանակ նույնիսկ հակառակ թիմն ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանա լուրջ վնասվածքներ հասցնել մրցակիցների ճամբարի խաղացողներին, բայց հաջողության չհասավ:

Տաս տարուց ի վեր խաղադաշտից հեռացած հանդիսատեսը վերադարձավ` մասնակցելով իր հարազատ թիմի բոլոր մարզումներին եւ սկսեց ոգեւորել նրան: Ամեն ինչ միանգամայն փոխվեց, սերը, հավատքը, եւ իր թիմի հաղթանակի համար իրենից կախված առավելագույնը անելու պատրաստ լավագույն խաղացողի գլխավորությամբ Հայաստանի երբեմնի համբավավոր թիմը լրիվ կազմով խաղադաշտ դուրս եկավ: Հակառակ այն բանին, որ խաղն անցավ դիմակիցների կոպտագույն խախտումներով եւ դատավորը «կաշառված» էր նրանց կողմից, այնուամենայնիվ արդյունքում հաղթանակը, այն էլ բացահայտ առավելությամբ «Ժողովրդավարական համակարգի» խաղի կանոններով խաղացողներինն էր:

Հակառակ կողմը ջախջախիչ պարտություն կրած լինելու փաստի հետ չհաշտվեց, անկարգությունների, ծեծուջարդի, տմարդի հարձակումներով բռնության դիմեց եւ զոհաբերությամբ իրեն նպաստավոր արդյունքը արձանագրել տվեց:

Կեղծիքը բողոքարկվեց, բայց այստեղի դատավորները եւս «ծախված» էին ու վախեցված, բան չփոխվեց: Անհույս իրավիճակից իբրեւ «ելք» առաջարկվեց կրկին, նորից խաղալ, բայց «ժողովրդական» խաղի կանոններով, սակայն պարտության դառնությունը դեռ նոր համտեսածները մերժեցին այդ անել: Ավելին` իրականում հաղթանակած թիմին խաղադաշտից դուրս հանեցին, խաղացողներից մեծ մասին ծեծեցին, վիրավորեցին, իսկ լավագույն խաղացողին մեկուսացրին:

Ասում էին, որ «պետք է գրանցված արդյունքը ընդունեն, ճանաչեն ու իրենց կամքին ենթարկվելով հնազանդվեն, հետո նոր, մի հինգ տարի հետո կարող են կրկին խաղալ»: Կատարված անարդարության դեմ բողոք հայտնող կես միլիոնից ավել հանդիսատեսին էլ ծեծելով, սպանելով մարզադաշտից հեռացրին ու հիմա իրենց արածից գոհ եւ երջանիկ «վայելում են պյուռոսյան հաղթանակի» ժամանակավոր արձանագրումը:

Իսկ այս ամենի անեկդոտանման պատմվելու բուն պատճառն այն է, որ ուղիղ տաս տարի է Հայաստանում կատարվածները երբ որեւէ եվրոպացու պատմում եմ, նրանք չհավատալով ինձ` զարմացած հակադարձում են «եթե անեկդոտ է` պատմածդ բնավ ծիծաղելի չէ, իսկ եթե հեքիաթ է` դա պատմիր երեխաներին»:

Non, ce nest pas vrai, cest incroyable!

Այսինքն` «չի կարող պատահել, անհավատալի է, սա իրական լինել չի կարող», ահա եւ եվրոպացիների արձագանքները հայաստանյան իրականության այսպիսին է ընդհանրապես, որը եւ ինձ համար մղձավանջային է մասնավորապես:

Գրությունս սկսել էի «սուտի հետեւանք սխալ»-ի եւ պետության կողմից այդ առթիվ կիրառվող պատժի մասին պատմելով: Սկսածը ավարտելու համար ուզում եմ դիմել մարդու տրամաբանված բանականությանը ու հարցնել, թե «իսկ քաղաքացին ինչպե՞ս կարող է պատժել «պետությանը», երբ նա է ակնհայտ ստում եւ շարունակ սխալներ անում»:

Պատասխանը մեկն է. իջնում է հրապարակ, լցնում է փողոցները, փակում է աչքերը, բացում է բերանը եւ պահանջում` «վերջ տալ ստերին, ուղղել սխալները, հաշտվել իշխանությունից հեռանալու մտքի հետ, խաղաղ ու հանգիստ փոխանցել իշխանությունը ժողովրդի ընտրյալին, ենթարկվել ժողովրդավարության խաղի կանոններին եւ վերջապես ընդունել իրականությունը ու հեռանալ»:

Ինչը, որ տաս օր շարունակ տեղի ունեցավ Ազատության հրապարակում, ու համոզված եմ` բռնությամբ ընդհատված տեղից նույն կերպ շարունակվելու է Հայաստանում ժողովրդավարական արժեքային համակարգին անվերապահորեն հավատացող հայ ժողովրդի արդարության հասնելու վճռականության շնորհիվ պսակվելիք լիակատար հաղթանակը: Այլ կերպ լինել չի կարող, որովհետեւ հայ ժողովուրդը իր ընտրությունը կատարել է ու ձայնը տվել «եվրոպական արժեքային համակարգում» ապրելու ցանկության օգտին:

Ժողովրդի ընտրյալ հանդիսացող նախագահին տրված ձայներին տեր կանգնելու վճռականություն ցուցաբերած միլիոնանոց ժողովրդի դեմ հանվել են ոստիկանության, անվտանգության եւ բանակային զորամիավորումներ:

Եվրոպայում քաղաքական իշխանությունը իր սեփական ժողովրդին զենք ու զրահ, թնդանոթ ու հրասայլ հանելով բռնացող միապետ-դիկտատորներ չի հանդուրժի: Ուժային մեթոդներով իշխանություն պահելու դարը վաղուց անցել-գնացել է:

Ոչ ոք մի ամբողջ ժողովրդի ստի, կեղծիքի, խարդախության մեջ չի կարող շղթայել: Հայաստան երկրում հանրությունը որակապես շատ է փոխվել եւ այլեւս ոչ մի բռնակալի չի հաջողվի պատմության առաջընթաց անիվը ետ պտտեցնել:

Ցանկանում եմ մոտակա հաղթանակի առթիվ ունեցած հավատքի մաքուր նոտայով ավարտեմ գրությունս. դերասան Կեւին Կոստները իր «Պար գայլերի հետ» ֆիլմում հանդիսանում է Կալիֆորնիայում բնիկ կարմրամորթ հնդիկների երկրի վրա արշավող սպիտակամորթների զինուժի ամենահեռու սահմանապահ ուղեկալի դերակատարը: Տեսնելով ու հասկանալով երկրի բնական տերերի` կարմրամորթների խաղաղընթաց կյանքն անընդհատ թունավորող, վիրավորող, ջարդ ու սպանդ կազմակերպող, իր սպան հանդիսացած զավթիչ սպիտակամորթների վայրագությունները, մարդկային խղճին ենթարկվելով` հանում շպրտում է ամերիկյան բանակայինի իր շորերն ու կերպարանափոխվելով միանում կարմրամորթ հնդիկների անպաշտպան, տուժած մարդկանց շարքերին:

Զավթիչների դեմ մղված ինքնապաշտպանության մարտերում գերի ընկած նախկին սպիտակամորթ-հնդիկը իրեն հարցաքննել փորձող բանակայինի անգլերեն հարցերին` «Ես քո լեզուն չէմ հասկանում, իմ հետ կարմրամորթ հնդիկների լեզվով խոսիր, ես հնդիկ եմ», - պատասխանում է նրանց բարբառով:

Բերված օրինակն ամբողջովին արտացոլում է իմ ապրումներն ու հոգեվիճակս, հատկապես փետրվարի 20-ից մինչեւ Մարտի 1-ի առավոտյան ջարդերը տեւած ժամանակահատվածում` Ազատության հրապարակում իմ տեսած ժողովրդի բարձրակարգ որակի շնորհիվ ես այլեւս դադարեցի «եկվոր» լինելուց:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.