“Zhamanak” Armenian-American Political Daily

Ինքնախոստովանական ցուցմունք

18:52 Yerevan | 14:52 GMT | Tuesday 15 April 2008

Ես` Սեթ Գմփոյի Գմփոյանս, ինքնակամ խոստովանում եմ, որ 2005թ.-ի հուլիսի 20-ի երեկոյան ժամը 18.30-ին, առանց որեւէ մեկի դրդման, բռթման կամ, առավել եւս, ստիպման, սեփականության իրավունքով ինձ պատկանող Տանջլու գյուղի տանից դուրս եմ եկել զբոսնելու:

Դուրս գալու պատճառն, անկեղծ ասած, շոգն էր: Տանը բավական շոգ էր եւ մի քիչ հովանալու համար տանից դուրս եկա: Առաջին հայացքից անմեղ թվացող այդ քայլը այսօր եմ հասկանում, թե ինչքան մեծ վնաս է հասցրել մեր պետությանը: Այսօրվա իրողությունները ցույց տվեցին, որ իմ անխոհեմ այդ քայլից օգտվել են համաշխարհային սիոնիզմը, տարածաշրջանային պանթուրքիզմը, մարզային համերաշխությունը, շրջանային միասնականությունը, էլ չեմ խոսում հանրապետությունում գործող անջատողականների մասին, ովքեր փորձում են ժողովրդին անջատել իշխանություններից: Այդ նրանք են ամեն երեկո զբոսնում, ավելի ճիշտ` զվռնում ՀՀ քաղաքների եւ գյուղերի փողոցներում: Հուլիսի 20-ի երեկոյան, այդպիսի մի խումբ մարդիկ քաղաքական նարդի խաղացին, որին միամտաբար մասնակցեցի նաեւ ես: Նրանք իմ հարեւաններն են` Դդլի Համոն, բանջար Խուդոն եւ ժնջիլ Թաթոսը: Որ դա եղել է ոչ սովորական նարդի` երեւում է խաղի ժամանակ օգտագործած նրանց բառապաշարից: Ես դա նոր եմ գլխի ընկնում, քանի որ նոր եմ հասնում քաղաքական հասունացման իմ այսօրվա մակարդակին: Օրինակ` նրանք հաճախ էին օգտագործում սրիկա բառը (գլխի եք, չէ՞, ուր են խփում), քից, քցի (ակնարկները ջոկում եք, չէ՞), սպառնում էին` հեսա զույգին կասեմ կգա, վա~յ դավաճան զույգ (կարծում եմ` միանշանակ հասկանում եք ում մասին են խոսում) եւ այլ այսպիսի արտահայտություններ: Լինելով ՀՀ օրինապահ քաղաքացի` ես դեռ այն ժամանակ կահազանգեի մեր ազգաբնակչության իմ հարեւանության հատվածում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտի մասին, բայց, ցավոք, ուշ հավաքեցի անհրաժեշտ քաղաքական հասունացումը: Տեղեկացնեմ, որ մինչեւ այսօր էլ հարեւաններս երեկոյան ժամերին դուրս են գալիս զբոսնելու: Իբր իրենք քիչ են, կարծես մարդկանց ճաքացնելու համար իրենց երեխաներին էլ են դուրս բերում զբոսնելու, իրենց հավ ու ճիվն էլ են բներից դուրս թողնում, ազատ քուջուջ անելու համար, առանց մտածելու, թե դրանով ոնց են ազգը պառակտում: Նամակս հաճույքով ես կբերեի, բայց վախենամ մտածեք, թե առիթ եմ որոնում զբոսնելու, ուստի այն ձեզ եմ հասցնում թերթի միջոցով:

Հարգանքներով

Սեթ Գմփոյան (Գ.Ա.)

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.