“Zhamanak” Armenian-American Political Daily

Համաժողովրդական պայքարը շարունակվում է: Կոչ հացադուլավորներին

11:47 Yerevan | 7:47 GMT | Friday 11 April 2008

Ապրիլի 9ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:

Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

Անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդավարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ: Պատահական չէ, որ նորընծա բռնազավթչի երդման արարողությունը տեղի ունեցավ մի կողմից` ոստիկանության եւ բանակի ստվարախումբ գումարտակների սվինների ներքո, մյուս կողմից` համաժողովրդական ցասման ու բողոքի զանգվածային միջոցառումների ուղեկցությամբ: Այդ միջոցառումների շարքում կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ բանտերում եւ ազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների ու ազատամարտիկների հայտարարած հացադուլը:

Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը` ես այնուամենայնիվ կոչ եմ անում` այս պահից դադարեցնել հացադուլը: Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար: Ապրիլի 9ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը: Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատեւությունը կստիպի նաեւ միջազգային հանրությանը` փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյան

10 ապրիլի, 2008թ.

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.