|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մեծ Հայք-Փոքր Հայք. իրողությունների բնութագիր` առանց պահանջատիրության նկրտումների11:32 Yerevan | 7:32 GMT | Friday 11 April 2008 Միանգամից հանգստացնեմ. խոսքը պատմությանը չի վերաբերում, այլ մի քիչ այսօրվան, բայց հիմնականում` վաղվան: Ապրիլի 9-ն էլ անցավ, ու էսօր, կարծեմ, արդեն ամսի 11-ն է: Այնպես որ, եւս մեկ օր, ու երկրի նախնական կալանքի ժամկետն ավարտվում է, ու կամ պետք է նույն այդ երկիրն ազատ արձակեն կամ էլ` մեղադրանք ներկայացնեն ու ձերբակալեն: Ինչպես էլ վարվեն` միեւնույն է. 2007 թվականի հոկտեմբերի 27-ի երեկոյից ի վեր երկրում երկու Հայք կա այլեւս. Մեծ եւ Փոքր: Ի դեպ. այն ժամանակ Մեծ Հայքը` իշխանություններինն էր, Փոքր Հայքը` ժողովրդինը: Հետո ժամանակ անցավ, ու այդ երկու Հայաստանները, շախմատային լեզվով ասած` փոխատեղվեցին. Փոքր Հայքը դարձավ իշխանական կալվածք, Մեծը` ժողովրդական: Փետրվարի 20-ին հստակ սահմանագիծ քաշվեց նաեւ դրանց միջեւ: Մարտի 1-ին դրան գումարվեցին փշալարերը: Ու այդ օրվանից «սահմանախախտները» սկսեցին լուրջ ստուգում եւ հաշվառում անցնել: Երկու զուգահեռ գոյատեւող Հայաստան: Թեթեւ (առայժմ) բախումներով: Միասնականացումը` մերժող: Ավելին` անհնարին համարող: Միմյանց անհաղորդ: Եվ, որ ամենասարսափելին է` անտարբեր մեկը մյուսի նկատմամբ: Որը իշխանական աթոռը զբաղեցրածների միակ ձեռքբերումը կարելի է համարել: Նրանց հաջողվեց ոչ միայն կոտրել մարդկանց հավատը, այլեւ անտարբերին` դժգոհ, դժգոհին` պայքարող, պայքարողին` թշնամի սարքել: Ամենավատ թշնամին բնավ էլ նա չէ, ով քեզ ատում է, եւ անգամ ոչ նա, ով արհամարհում է քեզ, այլ նա, ով անտարբեր է քո նկատմամբ: Ում համար դու գոյություն չունես: Չես եղել: Չկաս պարզապես: Ու այս պարագայում, քանի որ զգացմունքները միանգամայն փոխադարձ են, ավելի ուժեղ է ստացվում, ինքնաբերաբար, այն Հայքը, որն ավելի մեծ է: Մեծը` Մեծ Հայքն է: Ժողովրդինը: Որը մեծ է ոչ միայն իր այսօրվա ընդգրկմամբ, այլեւ նրանով, որ օրավուր մեծանալու պոտենցիալ ունի: Ի տարբերություն իշխանական Փոքր Հայքի, որը նվազելու պոտենցիալն ունի սոսկ: Դանդաղ, բայց` հետեւողական: Որովհետեւ այնտեղի «բնակիչներից» ոմանց մոտ էլ է արթնանում մարդկայնությունը, իսկ դրանից հետո նրանք, մեխանիկորեն, տեղափոխվում են ժողովրդի Հայաստան` Մեծ Հայք, դրանով իսկ մեծացնելով Մեծը ու փոքրացնելով Փոքրը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |