“Zhamanak” Armenian-American Political Daily

«Նախագահի» առաջին օրը ծեծուջարդով սկսվեց

11:28 Yerevan | 7:28 GMT | Friday 11 April 2008

Էմմա Գաբրիելյան

Որ ապրիլի 9-ին երդմնակալության առաջին օրը Ս.Սարգսյանի անկեղծացումը իրեն չընտրած ժողովրդին` «ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը...» որեւէ «ընտրածի» ու «չընտրածի» ուղեղում լուրջ ազդեցություն չէր կարող թողնել` պարզ է:

Անհասկանալի է այլ բան` ինքնահռչակված մեկը, ով իբր լծվում է երկիրը «ժողովրդավարության ուղի» վերադարձնելու գործին, ինչ-որ «բարեփոխումների» մասին խոստումներ է տալիս, բայց «նախագահության» առաջին իսկ օրվանից ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով «իրեն չընտրած» կանանց է ծեծում, ինչպես է համատեղելու անհամատեղելին: Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» եկածների խոսակցության թիվ մեկ թեման նախորդ օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցածն էր` ծեծուջարդը եւ դրա գլխավոր դերակատարը` ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը: Իսկ մեր զրուցակիցներից շատերն էին երեկ համակարծիք` «Սերժի առաջին օրը` ծեծուջարդով սկսվեց»...

Մի տատիկ, ով դեմքին կապտուկներ ուներ` թեեւ չցանկացավ ներկայանալ, սակայն պատմեց իր տեսածը. «Մենք գալիս էինք դեպի Բուզանդի փողոց` «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» վանկարկելով, սրանք տեղից պոկվեցին, առաջինը` այդ Բազազը, գոռալով` «գնացինք դրանց ջարդելու», ու եկան հարձակվեցին տղաների վրա: Սիրտս մղկտաց, երբ տեսա, որ Սամսոն Ղազարյանի վրա էլ հարձակվեցին, ասացի` ձեռք չտաք, շուռ եկավ ու ինձ խփեց»: Մեկ ուրիշ տատիկ պատմեց, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ եւ ոստիկանության աշխատակիցը նախ հարվածել, ապա ոլորել իր ձեռքերը, իսկ երբ նրա աղջիկը բարկացել էր ու գոռացել, թե «ինչու՞ են այս տարեց կնոջը ծեծում», ոստիկանը «քացով» հարվածել էր այդ կնոջ որովայնին. «Հիմա կապտուկներ ունեմ, աղջիկ ջան, ցավեր ունեմ», - ասաց տիկինը, ապա տեղեկացրեց, որ 13-15 տարեկան տղա երեխայի էին ծեծել: Տատիկը շարունակ կրկնում էր. «Բա սա երկիր է, այսպե՞ս է կառավարելու Սերժը, չենք ուզում մենք իրեն, թող հեռանա, ինքը նախագահ չի, Լեւոնն է ընտրվել: Մարտի 1-ի սպանվածների քառասունքը նոր լրացած Աստվածաշնչի վրա է ձեռքը դնում, նույն օրը էլի ծեծում են մեզ... Այդպիսի նախագահ մեզ պետք չէ, թող հեռանա: Չենք ուզում բռնատիրական երկրում ապրենք, ուզում ենք ազատ պետությունում ապրենք, սա է մեր պահանջը»: Մեկ ուրիշ տատիկ էլ այսպիսի դեպքերի ականատես էր եղել. «Մենք հավաքվել էինք «Արմենիա» հյուրանոցի մոտ, հետո «Սերժիկ, հեռացիր», «Լեւոն` նախագահ» վանկարկելով` դա մեր իրավունքն է, ոչ ոք իրավունք չունի դրանից մեզ զրկել, քայլեցինք դեպի Բուզանդի փողոցի անկյունը: Այստեղ ոստիկանությունը մեզ շրջապատեց` Բազազի ղեկավարությամբ: Սրանք սկսեցին սեռական այլանդակ հայհոյանքներով գոռալ, ասում էին` թողեք, հեռացեք այստեղից: Կանայք զայրացան ոստիկանների վրա, ու ոստիկանները վրա հասան ու սկսեցին հարվածել մեզ: Մի 13-14 տարեկան տղայի այնպես էին հարվածել գլխին, Բազազն էր ծեծել: Գրեք թերթում, ես ոչ մեկից չեմ վախենում` իրենց երեխաները պիտի ավելի վատ օրի ընկնե՞ն, որ հասկանան, թե ինչ է նշանակում ուրիշի երեխային խփելը», - ասաց տատիկը` լաց լինելով, ապա շարունակեց, թե չի վախենում եւ կներկայանա` Լաուրա Ավոյան. «Չեմ վախենում, որովհետեւ այսօրվա դրությամբ երեխաներս դրսում են, ես անտեր եմ, եթե երկիրը երկիր լիներ իմ երեխան իմ կողքին կլիներ, ինձ հետ կապրեր»:

Ինչպես յուրաքանչյուր օր` ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը երեկ էլ Հյուսիսային պողոտայում «գործի» էր: Որոշեցինք մարդկանց պատմածները հիմք ընդունելով` որեւէ մեկնաբանություն ստանալ նրանից: Կոնկրետ հարցրինք. «Պարոն Մելքոնյան, այստեղ մի քանի մարդիկ պատմում են, որ դուք երեկ մարդ եք ծեծել, ինչ կպատասխանե՞ք»: «Դիմեք «02»-ին: Ոչ մեկը, ոչ մեկին չի ծեծել», - պատասխանեց Ռ.Մելքոնյանը: Մենք շարունակեցինք` «Երեկ Հանրապետության հրապարակում դուք ոչ մեկին չե՞ք ծեծել, պարոն Մելքոնյան...», Ռ.Մելքոնյանը պատասխանեց. «Դա լրիվ սադրանք է, հերյուրանքներ են»: Հարցնում ենք` «13-15 տարեկան երեխայի էլ չե՞ք ծեծել...», պատասխանում է. «Ոչ մեկին»: Լավ, մարդը կանգնած` կապտուկներով հարցազրույց է տալիս լրագրողներին, ինքն իրեն ծեծել ու եկել է Հյուսիսային պողոտա՞... Կամ` «02»-ին ինչու՞ դիմենք... Դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը` վերոնշյալ հայտարարությունները հաղորդումներ են հանցագործությունների մասին, պարզեք, թե ինչ է կատարվել, դա իրավապահների պարտականությունն է:

...Շարունակում ենք քայլել Հյուսիսային պողոտայում. մեզ է մոտենում մի երիտասարդ, ով ցանկանում է մեր թերթին պատմել իր տեսածը. «Մարդիկ ԱԳՆ-ի մոտ, Բուզանդի փողոցի հատվածում խաղաղ կանգնած գոռում էին` «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն` նախագահ»: Մեր հետեւից գալիս էին ոստիկանները, նաեւ Մահտեսյանն էր նրանց մեջ, նրանք մարդկանց առաջ էին մղում: Հանկարծ «Բազազ» մականունով ոստիկանը քացով հարվածեց 13-14 տարեկան երեխայի, որը առաջին շարքում էր կանգնած, հարվածեց երեխային ու հրամայեց իր կողքի ոստիկաններին, որ հարձակվեն, բայց ոստիկանները առանձնապես ակտիվ չհարձակվեցին, հիմնականում քաղաքացիական շորերով մարդիկ էին շատ ագրեսիվ իրենց պահում ու մարդկանց մղում էին դեպի Բուզանդի փողոց»:

ՊՆ պաշտոնաթող փոխգնդապետ, ավագ սպա Մարտին Բաղդասարյանին էլ, պարզվեց, ապրիլի 9-ին Մյասնիկյանի արձանի շրջակայքից` սգո արարողությանը մասնակցելուց հետո էին տարել Նոր Նորքի ոստիկանության բաժին, որտեղ նա շուրջ հինգ ժամ էր անցկացրել, նրա բոլոր փաստաթղթերը վերցրել էին, ապա բերել էին դատախազություն, որտեղ նրան հարցաքննել էին: Մարտին Բաղդասարյանի ձեռքին ծանուցագիր կար` ապրիլի 11-ին դարձյալ ոստիկանություն ներկայանալու պահանջով:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.