|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կարո Կարապետյան. «Պայքարելու ենք մինչեւ վերջ»11:26 Yerevan | 7:26 GMT | Friday 11 April 2008Կարինե Հարությունյան Ինչպես արդեն հաղորդել ենք, ապրիլի 8-ին, երեկոյան ժամը 6-ին Հոլիվուդի Լիթըլ Արմենիա թաղամասում ավելի քան 5000 ամերիկահայեր իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի հերթական ինքնակոչ նախագահի երդման արարողության առիթով: Ցույցի եւ դրան առնչվող հարցերի շուրջ է հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի ներկայացուցիչ Կարո Կարապետյանի հետ: -Ամերիկահայերը, այդքան հեռու լինելով հայրենիքից, շատ ակտիվ են արձագանքում Հայրենիքում ընթացող իրադարձություններին: Այդ արձագանքներից էր եւ վերջին՝ բողոքի ակցիան: Ի՞նչ տեղի ունեցավ այդ օրը: - Մինչ ցույցն սկսելը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-2-ի զոհերի հիշատակը: Նրանցից շատերը եկել էին մոմերով եւ բոլորը սեւազգեստ էին: Հանրահավաքի վերջում տեղի ունեցավ մոմավառություն: Ելույթ ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի ներկայացուցիչները. Համբիկ Սարաֆյանը, համայնքում հայտնի լրագրողներ Ռուդիկ Հովսեփյանը, Նունե Ավետիսյանը, Անահիտ Մարտիրոսյանը, Արմեն Բարսեղյանը: Նրանք իրենց ցասումն արտահայտեցին Մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ: Նշեցին, որ նախագահական ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում տեղի չեն ունեցել, Ս.Սարգսյանը չի հանդիսանում Հայաստանի նախագահ եւ նրա երդման արարողությունը չի օրինականացնում նրան: ...Այո, մենք հայրենիքից հեռու ենք եւ կարծես թե կապ չունենք Հայաստանում ծավալվող իրադարձությունների հետ, սակայն մենք հեռու ենք ֆիզիկապես միայն: Մեր հոգիները ձեզ հետ են, հայրենիքում կատարվող ցանկացած բացասական բան մեզ մտահոգում է: Մենք անտարբեր չենք մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի ճակատագրի հանդեպ: Մեր ակտիվությունը պատճառաբանված է նաեւ նրանով, որ տեղյակ ենք ամենին, ինչ կատարվում է այդտեղ: - Ի՞նչ պահանջներ էին ներկայացնում ելույթ ունեցողները: - Նրանք կոչով դիմեցին ԱՄՆ եւ եվրոպական երկրների կառավարություններին, որպեսզի վերջիններս չճանաչեն Ս.Սարգսյանին որպես ընտրված նախագահ, որպեսզի աջակցեն հայ ժողովրդի պահանջին՝ անցկացնելու անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Բոլորը նշեցին, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը նոր նախագահական ընտրությունների անցկացումն է, որը պետք է լինի բացարձակ օրինականության պայմաններում: Համբիկ Սարաֆյանի կողմից ներկայացվեց հայտարարագիր, որը հիմնականում ելույթ ունեցողների խնդրանք-պահանջն է՝ ուղղված դեմոկրատական երկրների կառավարություններին: Հայտարարագրի տակ ստորագրեցին ակցիայի մասնակիցները, սակայն քանի որ աշխատանքային օր էր եւ շատ մարդիկ չէին կարողացել գալ, որոշվեց 2-3 օրվա ընթացքում եւս ստորագրահավաքը շարունակել, եւ ապա այդ ստորագրություններն ուղարկել ԱՄՆ պետդեպարտամենտին, Եվրախորհրդի անդամ հանդիսացող երկրների կառավարություններին: - Ո՞րն է ամերիկահայերի նպատակը: - Քաղաքական ճնշումների միջոցով հասնել նրան, որ դեմոկրատիայի գաղափարը պաշտպանող բոլոր պետությունները ոչ թե նպաստեն դեմոկրատիայի նահանջին, այլ կատարեն իրենց կողմից հայտարարված պարտավորությունը, որպեսզի Հայաստանում ձեւավորվի ժողովրդական իշխանություն: Դրա հիմքը ընտրություններն են: Մինչդեռ ԵԱՀԿ միջանկյալ զեկույցում, ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ հստակ նշված է, որ Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունեցել, եւ նույնիսկ դրանք բնորոշելու համար օգտագործել են «վայրագ» բառը: - Որո՞նք են ձեր հետագա քայլերը: - Մեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի կողմից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք հետեւողական աշխատանք են տանում, լոբբիստական գործունեություն են ծավալում կոնգրեսմենների հետ: Մենք հետամուտ ենք լինելու մեր սկսած գործին, որպեսզի կարողանանք ներկայացնել գործող իշխանության հետագա պաշտոնավարության վնասները` ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր դեմոկրատական երկրների համար: Առաջին վնասներից մեկն այն է, որ Եվրախորհրդի անդամ պետությունները նույն համակցության մեջ են, եւ եթե նրանցից մեկը վարկաբեկվի, կվարկաբեկի ամբողջ այդ կառույցը՝ իր անդամ պետություններով: Մյուս վնասն այն է, որ անօրինական իշխանությունների օրոք քրեական իրավիճակը սրվում է, հանցավոր խմբերը կարող են ակտիվանալ, ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչպես եղավ մարտի 1-ին եւ 2-ին: Այս ամենի հավանականությունը բացառելու, մեր հայրենիքում քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ դեմոկրատական կարգերի հաստատման համար հետեւողական ենք լինելու եւ պայքարելու ենք մինչեւ վերջ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |