“Zhamanak” Armenian-American Political Daily

«Գիտենք` ինչի համար ենք պայքարում»

11:24 Yerevan | 7:24 GMT | Friday 11 April 2008

Կարինե Հարությունյան

«Ուշադրություն: Մի նոր Սադամ է Հայաստանում», «Ռոբերտ-Սերժ- Թալեաթ», «Մարտի 1-ը չի մոռացվի», «SOS! Հայաստանում բռնաբարվում է դեմոկրատիան»:

Բրյուսելում ապրիլի 9-ին կայացած բողոքի ցույցին այս եւ նման բովանդակության այլ կոչ-պաստառներ էին պահել Եվրոպայում բնակվող հայերը: Նրանց արձագանքը Հայաստանի վերջին տասը տարիներին գործող վարչախմբի կողմից իրականացվող գործողություններին համարժեք էր: Երկու ոչ լեգիտիմների՝ Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի նկարների վրա խաչ էր քաշված եւ վրան գրված` «Killer»: Մի բառ, որը թարգմանության կարիք չի զգում: Իսկ ՀՌԱՀ նախագահ Ալեքսան Հարությունյանի նկարի ճակատամասում «կնքված էր»` «Հոկտեմբերի 27»:

Բրյուսելում կայացած բողոքի ցույցին մասնակցում էին Ֆրանսիայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից ժամանած բազմաթիվ հայեր: Ցույցի վերջում մասնակիցները կազմեցին նամակ, որը Բելգիայի անվտանգության ծառայության ներկայացուցչի անձնական միջնորդությամբ եւ ստորագրությամբ հատուկ հանձնվեց ԵՄ գրասենյակ: Նամակը սկսվում է այսպես. «Հարգելի պարոն Բարոզու եւ Սոլանա, մենք ամեն օր տեղեկանում ենք, թե ինչպես են եվրոպական երկրների ղեկավարները ահաբեկչության դեմ պայքարի կոչեր անում: Տեսնում ենք նաեւ, թե եվրոպական երկրներում որքան թանկ է գնահատվում մարդու իրավունքը, անվտանգությունը եւ իրավական պաշտպանվածությունը: Սակայն 2008թ.-ի փետրվարի 19-ին ՀՀ-ում կայացած նախագահի ընտրությունները եւ դրանց արդյունքի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրակացությունը ցնցել է ողջ հայությանը, այդ թվում՝ Բելգիայում բնակվող, հայ ազգի ճակատագրով մտահոգ ՀՀ քաղաքացիներին»: Հայաստանի գործող իշխանությունների «ահաբեկչության հետեւանքով Բելգիայում հայտնված հայազգի վտարանդիները» վստահեցնում են, որ ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանը նախագահ է դարձել բռնության եւ շանտաժի արդյունքում եւ նրա հենարանը ժողովրդին «կողոպտած, բացառապես քրեական տարրերից բաղկացած ոհմակն է»: Նամակի վերջում ասվում է. «Դատելով ԵԱՀԿ դիտորդների եզրակացությունից, ովքեր ականատես են եղել ընտրություններում տեղ գտած բռնություններին եւ ընտրակեղծիքներին, կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ-ն պարզապես արհամարհում է 2.5 մլն ժողովրդի ազատ արտահայտման իրավունքը` դրանով աջակցելով ՀՀ թիվ մեկ ահաբեկչական խմբի ղեկավար Ս.Սարգսյանին: Մեզ մնում է եզրակացնել, որ եվրոպական երկրները հակասում են իրենց իսկ որդեգրած ժողովրդավարական չափանիշներին»:

Նամակի հետ ԵՄ գրասենյակ է ներկայացվել նաեւ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների տեսագրությունը եւ նամակ` ուղղված Բելգիայում ՀՀ դեսպանին, ինչպես նաեւ քաղբանտարկյալների ցուցակը:

Բրյուսելում ԵՄ շենքի մոտ տեղի ունեցած ցույցը կազմակերպել էին Արկադի Վարդանյանը, Մարգարիտ Սարգսյանը եւ Վալերի Հակոբյանը: Որոշ պարզաբանումների համար դիմեցինք քաղաքագետ Արկադի Վարդանյանին. «Երեկ դիտեցինք ապրիլի 9-ի «Հայլուրի» թողարկումը: Տպավորությունն այն էր, որ ոչ թե թագադրում էր, այլ քաղաքական դիակների թաղում: Փողոցներում ոչ մի անցորդ, ոչ մի քաղաքացի չկար: Դա ընդամենը ծիծաղելի թատերական ներկայացում էր: Այս իշխանությունը երկար չի դիմանա: Դա ակնհայտ է: Իսկ մեր պայքարը երկիրը այդ ավազակապետերից ազատելու համար հետեւողական պիտի լինի: Եվրոպայում ժամանակավորապես բնակվող հայերս հոգով մեր հայրենիքի հետ ենք եւ մեր ժողովրդին մենակ չենք թողնի այս պայքարում»:

Առաջիկա ծրագրերի մասին Արկադի Վարդանյանն ասաց. «Ապրիլի 17-ին Ստրասբուրգում քննարկվելու է Հայաստանի իրավիճակի հարցը, եւ մենք այդ օրը բողոքի ակցիա ենք նախատեսում Եվրախորհրդի շենքի դիմաց: Արդեն դիմել ենք Ստրասբուրգի իշխանություններին եւ մի քանի օրից ստանալու ենք թույլտվությունը: Կասկած չկա, որ ստանալու ենք, քանի որ այստեղ հարգվում են մարդու իրավունքները:

Հայաստանից դուրս գտնվող հայերս մշտական կապի մեջ ենք եւ մեր գործողությունները համաձայնեցնում ենք միմյանց հետ: Գիտենք` ինչի համար ենք պայքարում. երազում ենք վերադառնալ եւ միացյալ ջանքերով կառուցել մեր հայրենիքը»:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.