“Zhamanak” Armenian-American Political Daily

Մրցակցությունը ստիպելու է ընդունել ծովի գոյությունը

11:23 Yerevan | 7:23 GMT | Friday 11 April 2008

Արամ Ամատունի

Իր երդման տեքստը ընթերցելուց հետո, նախագահ հռչակված Ս.Սարգսյանն ունեցավ համախմբման, երկխոսության եւ հանդուրժողության մասին իր հերթական ելույթը, առաջինը նախագահական կարգավիճակում, որը եզրափակեց նրանով, որ երկրի առկա իրավիճակն ու խնդիրներն էլ ստիպում են իրեն եւ իր թիմին տոնական այդ օրը համարել աշխատանքային:

Նախ` թողնենք ամեն մարդու խղճին, թե որքանով կարելի է տոնական համարել մարտի 1-ի իրադարձությունների զոհերի քառասունքի օրը, որ լրանում էր ապրիլի 9-ին: Դառնանք, սակայն, աշխատանքին: Այդ օրը, ինչպես պարզվեց Ս.Սարգսյանի ելույթից քիչ անց, Օպերայի դահլիճում աշխատանքային առաքելություն էր իրականացնում նաեւ առնվազն եւս մեկ մարդ, որն իհարկե Ս.Սարգսյանի թիմից չէ, այլ միգուցե Ջորջ Բուշի կամ` առնվազն Քոնդոլիզա Ռայսի: Խոսքը ԱՄՆ պետաքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի մասին է, որը մասնակցում էր Ս.Սարգսյանի երդման արարողությանը: Նրա մասնակցությունը միանշանակ չէր ընդունվել հայ հասարակության տարբեր խմբերի կողմից: Նույնիսկ տարակուսանք էր հնչել, թե ինչպես է Ամերիկան, որն իր դիրքորոշումն այդպես միանշանակ արտահայտեց Հայաստանի հետընտրական զարգացումների կապակցությամբ եւ Բուշն էլ չշնորհավորեց Ս.Սարգսյանին, այժմ նրա երդման արարողությանը գործուղում իր ներկայացուցչին, ինչը նշանակում է, որ այդպիսով ընդունում են Ս.Սարգսյանի լեգիտիմությունը: Սակայն այդ եզրահանգումն, ինչ խոսք, փոքր-ինչ շտապողական էր, ինչն էլ հաստատեց ինքը Բրայզան, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, ուր նա ըստ էության բացառիկ մտքեր է արտահայտել Հայաստանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշման կապակցությամբ: Նախ` Մեթյու Բրայզան, փաստորեն, հերքել է իր մասնակցությունը որպես շնորհավորանք ընկալելու իրողությունը: Նա, իհարկե, ուղղակի այդպիսի բան չի ասում, սակայն լրագրողների հարցին, թե արդյո՞ք իր մասնակցությունը նշանակում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է Ս.Սարգսյանի ընտրության ժողովրդավարությունը` Բրայզան պատասխանում է, որ ինքն ընդամենը համեստ ամերիկացի դիվանագետ է, որն ուղղակի զբաղվում է այս տարածաշրջանի հարցերով եւ դրանք պահում իր ուշադրության կենտրոնում: Այսինքն` Բրայզան ըստ էության պատասխանում է, որ ինքը չի եկել շնորհավորելու, այլ եկել է գործով: Դրա մասին է վկայում նաեւ նրա պատասխանի այն մասը, որը վերաբերում է նախագահ Բուշից գրավոր որեւէ ուղերձի առկայությանը: Բրայզան ասում է, որ ինքը գրավոր ուղերձ չունի, այլ ունի բանավոր ուղերձներ եւ դրանք պետք է փոխանցի որքան հնարավոր է շատ մարդկանց: Սա արդեն գործնական խոսակցություն է եւ դրանից ամենեւին չի կարելի եզրակացնել, որ Նահանգները ճանաչում է Ս.Սարգսյանի լեգիտիմությունը: Ավելին` Մեթյու Բրայզան նույնիսկ նշում է, որ նայած Հայաստանում իրադարձությունների զարգացման վեկտորին, ԱՄՆ կառավարությունը կանի համապատասխան հայտարարություն կամ նախագահ Բուշի կամ պետքարտուղար Ռայսի մակարդակով: Եվ դրան էլ եթե գումարենք այն, որ Բրայզան Հայաստանում մարտի 1-ի ողբերգություններից հետո իրավիճակը հանգուցալուծելու համար անհրաժեշտ է համարում դրամատիկ քայլերի իրականացումը, ապա կարծես թե ակնհայտ է դառնում, որ Միացյալ Նահանգներն ըստ էության անտեսում է Ս.Սարգսյանի երդման արարողությունը` թերեւս առաջնորդվելով աստվածաշնչյան հայտնի խոսքով. «Մի երդվիր, եւ թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ»: Այսինքն` Նահանգների համար երդումն ու ճառերը ոչինչ են, ԱՄՆ-ն ակնկալում է իրական գործ, ինչը կհաստատի, թե որքանով են իրական այն հավաստիացումները, որոնք տրվել են Ս.Սարգսյանի կողմից դեռեւս պաշտոնը չստանձնած ժամանակահատվածում, ինչի մասին երկու շաբաթ առաջ խոսում էր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: Իսկ կոնկրետ քայլերը նախանշում է նույն Մեթյու Բրայզան` ասելով, որ պետք է լինի մամուլի ազատություն, երթերի ու ցույցերի անցկացման ազատություն, պետք է ձերբակալվեն ընտրությունների ընթացքում բռնություն կատարածները, պետք է ազատվեն քաղաքական հայացքների համար ձերբակալվածները: Ամեն ինչ կարծես թե հստակ է եւ ավելին ակնկալել թերեւս պետք էլ չէ, քանի որ ավելին երեւի թե կլիներ այն, որ Նահանգներն ինքը ձեռնամուխ լիներ Հայաստանում այդ քայլերի կատարմանը: Իսկ դա, որքան էլ որ առաջին հայացքից հաճելի թվա, այնուամենայնիվ ցանկալի չէ որեւէ մեկի, այդ թվում եւ ընդդիմության ներկայացուցիչների համար, որովհետեւ դեռեւս հունվարի 11-ի իր ասուլիսում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն դրսից սկուտեղի վրա մատուցված իշխանությունը պետք չէ: Ընդդիմությունը պետք է կախված լինի սեփական ժողովրդից, ոչ թե այլ պետություններից, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ խնդիրը հաջողվեց լուծել երեւի թե օպտիմալ ձեւով, հնարավորինս ապահովելով իր շարժման անկախությունը դրսից եւ այն հնարավորինս ենթարկեցնելով ժողովրդական, քաղաքացիական պահանջներին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե որն է տվյալ պարագայում Ամերիկայի խնդիրը եւ ինչումն է Մեթյու Բրայզայի հայտարարությունների կարեւորությունը: Նախ, դրա համար շատ կարեւոր է պարզել, թե ինչ կարգավիճակով է Բրայզան այստեղ` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահի՞, թե՞ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի: Երեւի թե երկուսը մեկի մեջ տարբերակն է, քանի որ այն, որ Նահանգները հենց Բրայզային է նշանակել համանախագահ, վկայում է, որ Մինսկի խումբը դիտում է որպես ավելի լայն հարցերի ֆորմատ, քան միայն Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Իսկ ԱՄՆ դիրքորոշումը եւ Բրայզայի հայտարարությունները ըստ էության կարեւոր են նրանով, որ դրանք կարող են հակակշիռ լինել արտաքին մեկ այլ ազդեցության` Ռուսաստանին: Բանն այն է, որ չնայած երկրի ներսում հզոր ժողովրդական ծովի առկայությանը, որը հիմա միգուցե անհողմության մեջ է, Ռուսաստանը մնալով անմրցակից` կարող է միանգամայն հանգիստ անտեսել այդ ծովի առկայությունը եւ շարունակել իշխանական տաշտակը ջուր լցնելու քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարեւորվում է Ռուսաստանի դիրքորոշմանը հակակշռելու, մրցակցություն առաջացնելու համար, քանի որ մրցակցության պարագայում շահում են միգուցե նաեւ իշխանությունները, որովհետեւ նրանց արժեքը բարձրանում է գերտերությունների այդ մրցման ընթացքում, բայց այդ դեպքում շահում են նաեւ քաղաքացիները, քանի որ նրանց գործոնն այլեւս անհնար է լինում անտեսել:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.