“Zhamanak” Armenian-American Political Daily

Երեւացող ու չերեւացող պատճառներ

11:22 Yerevan | 7:22 GMT | Friday 11 April 2008

Ա. Սարգսյան

Երեւացող ու չերեւացող պատճառներ
Մեր պետության ու հասարակության կյանքում իրականացվող գործընթացներից շատերը ակնհայտորեն չեն բխում մեր ժողովրդի շահերից: Այդ մասին շատ է գրվում, շատ է խոսվում, սակայն համարյա որեւէ փորձ չի արվում այդ երեւույթի պատճառները հասկանալու, արմատը գտնելու ուղղությամբ:

Այս հոդվածում մենք փորձելու ենք բացահայտել թե երեւացող եւ թե բավականին լավ քողարկված պատճառները:

***

Իհարկե երեւացող հիմնական պատճառներից մեկն այն է, որ գործող իշխանությունները դարձել են Հայաստանում հայ հասարակության համար խորթ, անհասկանալի եւ անընդունելի արժեքային համակարգի կրողն ու տարածողը:

Իշխանությունը կրող անձինք, հասարակության լայն շերտերի համար չլինելով գաղափարական ու քաղաքական արժեքների կրող, իշխանության պահպանման համար ոչնչացնում են դարերով ձեւավորված արժեքային համակարգը` ստեղծելով նոր կեղծ համակարգ, որում իշխանությունը եւ փողը առավել բարձր են դասվում, քան հոգեւոր, գաղափարական ու բարոյական արժեքները. դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Այն, որ դա յուրահատուկ արժեքային համակարգ է, որով բոլոր ժամանակներում ապրել ու գոյատեւել են ավազակային, քրեականացված կազմավորումները, եւս գաղտնիք չէ:

Արդյունքում ստացվել է, որ հասարակության ստվերային, քրեականացված շերտերը, որոնք բոլոր համակարգերում պարտադրված են եղել գոյատեւել ստվերում, այսօր Հայաստանում ստանձնել են հասարակությանը առաջնորդողի եւ իշխանության հենարանը դառնալու դերը:

Հայտնի է, որ քաղաքացու պահվածքը շատ բանով թելադրվում է այն համակարգի արժեքներով, որում ապրում է մարդը: Իսկ քանի որ մեր իշխանությունների համար արժեքային սանդղակի բարձրագույն նիշերը դարձել են փողը եւ իշխանությունը, հանուն որոնց արդարացնելի են բոլոր, այդ թվում նաեւ հանցագործ միջոցները, ապա միակ հետեւությունը, որ կարելի է անել` այն է, որ գործող իշխանությունները մեր հասարակությանը տանում են քրեականացման ճանապարհով: Ընդ որում` դա շատ ցայտուն է դրսեւորվում ընտրությունների փուլերում:

Իհարկե կան նաեւ այլ պատճառներ, սակայն մեր կարծիքով` հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները, բոլոր մակարդակներում արդեն ավանդույթ դարձած ընտրակեղծիքները, եւ ընդհանրապես կեղծիքները, տնտեսության կլանային համակարգի ձեւավորումն ու ահաբեկման մթնոլորտի ստեղծումը եւ մնացած մերժելի երեւույթները պայմանավորված են հենց վերը նշված հանգամանքով եւ պետք է դիտարկվեն որպես նախորդ տասը տարում քրեածին իշխանությունների հանդեպ մեր հանդուրժողական կեցվածքի հետեւանք:

Մենք բոլորս հրաշալիորեն հասկանում ենք, որ այդ ամենը կարելի էր վերացնել դեռեւս սաղմնային փուլում: Սակայն վերացնելու փոխարեն, ինքներս մեր հանդուրժողականությամբ ժամանակին դարձել ենք դրանք սնող-զորացնողները: Ընդ որում` դա արել ենք գիտակցաբար, թեեւ արել ենք չուզենալով: Թեեւ բոլորս էլ շատ լավ հասկացել ենք, որ ձայների կեղծումը հանդուրժող հասարակությունը որեւէ լուսավոր հանգրվանի չի հասնելու:

Խնդիրն այն է, որ մեր լռությունը որոշակի շահեր հետապնդող քարոզչության արդյունք է, որը հենց մենք անվանում ենք հակաժողովրդական գործընթացների քողարկված պատճառ:

***

Քողարկված պատճառները...

Խորհրդային ժամանակներում պետական քարոզչությունը ուղղված է եղել արեւմտյան մարտահրավերներին դիմակայելուն: Դրանով հասարակության գիտակցության մեջ ձեւավորվել են ստերեոտիպեր, որոնցով հայ ժողովրդի համար ՆԱՏՕ-ական բլոկի գոյությունը, նաեւ դրանում Թուրքիայի առկայությունը, ընկալվել է որպես առաջնային վտանգ:

Հետագայում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Խորհրդային Միության ռազմական եւ գաղափարական ժառանգորդ դարձած Ռուսաստանը իր ազդեցության գոտիներում շարունակեց նպաստել նույն ստերեոտիպերի պահպանմանը: Իսկ այդ ստերեոտիպերը չէին կարող պահպանվել իրապես ժողովրդավարական եւ ազատական իշխանությունների առկայության պայմաններում: Բնականորեն, հետխորհրդային այն տարածքներում, որտեղ հնարավոր էր պահպանել ռուսական մեծապետական շահերը, պետք է իշխանության գային անպայմանորեն տոտալիտարիզմի տեղայնացված հետեւորդները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին ժողովրդավարական արժեքների հետ եւ անպայմանորեն պետք է ղեկավարելի լինեին ռուսական իշխանությունների կողմից:

Պատահական չէ, որ թե նախորդ նախագահական ընտրություններից եւ թե այս ընտրությունից հետո Հայաստանում նախագահ հռչակված մարդիկ առաջին հերթին ստանում են Ռուսաստանի «օրհնությունը»:

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ ռուսական իշխանությունների կողմից դա իրականացվում է հանուն` ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արեւելք կասեցնելու եւ իրենց ազդեցության գոտիները պահպանելու:

Սակայն իրականում շատ մեծ խելք է պետք հասկանալու համար ռուսական այն իշխանությանը, որը մի երկու մարդու փոխում է մի ժողովրդի հետ` չմտածելով, թե դրանով ակամայից պատճառ է դառնում իր կողմից հարյուր տարում ձեւավորված կեղծ ստերեոտիպերի վերանայմանը:

Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այսօրվա օրախնդիր անհրաժեշտությունը կրիմինալից ազատվելն է, որը առանց այդ կրիմինալի հովանավորներին ճանաչելու եւ մերժելու, կարծում ենք, պրակտիկորեն անհնարին է:

Եվ այդ լույսի տակ այսօր անընդհատ թմբկահարվող «Հավաքական անվտանգության պայմանագիրը» դարձել է ոչ թե մեր ժողովրդի, այլ մեր կրիմինալի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր, մանավանդ` երբ ուշադրություն ենք դարձնում այն փաստերին, որ «հյուսիսային լույսը» մեզ համար միշտ հայտնվում է ուշացած:

Վերլուծական
Անհանգիստ հասարակած

Անհանգիստ հասարակած

Սերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին:

Քաղաքական
Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.