“Zhamanak” Armenian-American Political Daily

100 օր ժամկետ «նորընտիր» նախագահին

11:21 Yerevan | 7:21 GMT | Friday 11 April 2008

Հեղինե Մանուկյան

«Ժառանգություն» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ «Հայացք» ակումբում վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը` փորձեց մատնանշել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի թոթափել քաղաքական լարվածությունն ու վերացնել քաղաքական դաշտում մոլեգնող ճգնաժամը:

Ըստ Սաֆարյանի` առկա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունը ստանձնած ուժերն են, եւ հենց նրանք էլ պետք է այն փոխելու նախաձեռնությամբ հանդես գան ու կոնկրետ քայլեր անեն: Ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին, ըստ բանախոսի, շատ կարեւոր է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների կողմից ճիշտ ընկալվեն ճգնաժամի իրական պատճառները: «Ինձ համար ակնհայտ է, որ այդ ընկալումները խիստ տարբերվող են, երբեմն իրականության հետ աղերսներ չունեցող: Եթե իրավիճակի ախտորոշումը ճշգրիտ չի տրվում` ճիշտ լուծումներ չեն կարող լինել: Կարծում եմ` տեղյակ եք այն գնահատականներին, թե ստեղծված ճգնաժամը միջազգային դավադրության հետեւանք է, գունավոր հեղափոխության, հայտնի միջազգային կազմակերպությունների գործունեության տապալված փորձ է եւ այլն: Եթե իրավիճակի ախտորոշումը սա է, ապա որեւէ հանգուցալուծում չի լինելու, որովհետեւ նման գնահատական տալ իրավիճակին, նշանակում է` պատերազմ հայտարարել միջազգային հանրությանը»: Պատգամավորը կարծում է, որ իրավիճակի այդպիսի ընկալման հետեւանքով է, որ ոչ մի կերպ չի ստացվում իշխանությունների եւ ընդդիմության երկխոսությունը: Վերջինս առկա ճգնաժամը բնորոշում է որպես իրավական-քաղաքական. «Իրավական այն առումով, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրավունքներ ունեն ու բնականաբար ուզում են օգտվել դրանցից` արդյունքում դառնում են ՀՀ-ում ընդունված օրենքների եւ նորմատիվ ակտերի զոհերը (նկատի ունի վերջերս ընդունված «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը), այն դեպքում, երբ իշխանությունն ինքը պետք է օր առաջ անհապաղ վերացնի ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միջեւ առկա հակասությունները: Այսօր ՀՀ-ում իրապես մարդու իրավունքների ճգնաժամ է: Քաղաքական դերակատարները երբեւիցե քայլեր չեն կատարել եւ այսօր էլ հապաղում են քայլեր անել` այսպիսով թույլ տալով, որ ավելի խորանա իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-հասարակություն վիհը, որը կամրջելու կարիք է զգում», - համոզված է պատգամավորը: Սաֆարյանը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման առաջին քայլերից մեկը պետք է լինի ընդդիմությանն ինքնիրացման հնարավորություն տալը, ընդ որում` առաջին հերթին արտախորհրդարանական ընդդիմությանը: «Եթե մենք խորհրդարանում` որպես ընդդիմություն, մեկն ենք, ապա խորհրդարանի պատերից դուրս կան տասնյակ ընդդիմադիր քաղաքական ուժեր, ի՞նչ են անելու նրանք», - տարակուսում է պատգամավորը: Հղում կատարելով Ս.Սարգսյանի` երդմնակալության ընթացքում հնչած ելույթին, որում վերջինս շարադրեց «նորընտիր» նախագահի իր առաջիկա անելիքները` Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե «այսօր էական հնարավորություն է ստեղծվում իրական քայլեր կատարել առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Այլապես, ես կարծում եմ, որ իշխանությունները կարող են հայտնվել տասնապատիկ ավել մեծ եւ անցանկալի ճգնաժամի մեջ, քան այն փակուղին է, որն այսօր ստեղծվել է քաղաքական ընդդիմության համար: Արեւմտյան պրակտիկայում եւ վերջերս նաեւ մեզ մոտ ավանդույթ է դարձել սպասել 100 օրվա ավարտին` նկատի ունի պաշտոնն ստանձնելուց հետո 100-օրյա ժամկետը` որպես քննություն բռնելու համար նախատեսված ժամկետ, ես եւ մեր խմբակցության անդամները համոզված ենք, որ կան բաներ, առաջին հերթին երկրում մարդու իրավունքների ապահովում, քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, որոնց իրականացման համար 10 օրը բավարար ժամկետ կլինի հասկանալու համար, թե որքանո՞վ են համապատասխանում ներկայիս իշխանությունների խոսքն ու գործը, եւ որքանով նրանք խոսքից գործի կանցնեն»: «Մտածել, թե մարդկանց դժգոհությունը կարելի է վերացնել սոցիալ-տնտեսական իրավիճակային քայլեր անելով` պիտի ասեմ, որ դրանք դատապարտված կլինեն ձախողման»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.