|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի բանդայի անդամի խոստովանական գրառումներից11:14 Yerevan | 7:14 GMT | Friday 11 April 2008Մեսրոպ Հարությունյանmesropharut@rambler.ru Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. 07.03. 2008 Նորից էկրաններից մեզ վրա են հարձակվում մահտեսին, աղվանը եւ հոխորտում է վիկոն: Սրանցը էդ է՝ միայն հեռվից, միայն էկրանի հետեւից կարող են խոսել: Որ դեմ առ դեմ բանավեճի կանչես՝ կփախչեն: Չեն կարող: Սրանցը թիկունքից խփելն է, գիշերով հարձակվելը, մարդ գողանալը...
«Սա է ճշմարտությունը», -այս արտահայտությունն էս օրերին ասել են եւ պարտկոմը, եւ նրա սպասարկու ոստիկանները, եւ նրա սպասարկու դատախազությունը, եւ նրա սպասարկու հեռուստաալիքները: Հա, իրենք են վերին ատյանի ճշմարտությունը: Ուրիշները ճշմարտություն չունեն: Ականատեսները՝ ճշմարտություն չունեն: Բա ո՞ւր է «Երկիր մեդիայի»՝ մարտի 1-ի առավոտյան նկարահանած կասետը, այ սայաթներ, ինչո՞ւ չեք վերադարձնում... Ու կոչեր են անում. եկեք հանձնվեք, համագործակցեք՝ մեղմ պատիժ կստանաք: Նպատակը պարզ է՝ եկեք, հանձնվեք, մենք ձեզ կասենք ում դեմ ցուցմունքներ կտաք՝ ձեզ կազատենք: Սա է մահտեսու եւ աղվանի գործելակերպը: Սրանք՝ մահտեսիներն ու աղվանները, այլ կերպ չեն կարող: Միայն այսպես՝ ցուցմունքներ սարքելով: Պարտկոմի արժանի ծառաներ: Սրանց մակարդակի՞ն իջնեմ: Ավելի լավ է մեր տեռորիստական բանդայի անդամ Ավագ Եփրեմյանի հետ զրուցեմ: *** ... Ավագն անտրամադիր էր: Եվ դա նրանից չէր, որ նախորդ օրը, մթնոլորտի թանձրուքից ազատվելու համար, խմել էր, այլ` հենց մթնոլորտի թանձրուքից: - Ասում են մի մտածիր, ասում են՝ մերն է միակ ճշմարտությունը, իսկ դու՝ ճշմարտություն չունենաս, - դառն են Ավագ ախպորս խոսքերը, - այսինքն՝ մենք չկանք, գոյություն չունենք: ՄԻՏՔ՝ չպիտի լինի: Հա էլի, մենք չկանք: Սրանք ուզում են, որ մենք չլինենք: ՄՏԱԾՈՂ մարդ չլինի: Չկանք, էլի: Էն որ գրել եմ, թե ես Ոչմիտեղ եմ, հիշո՞ւմ ես, այ հիմա մեզ էդ Ոչմիտեղից էլ էնկողմ են ուզում քշել... դրանից էլ էնկողմ... Ճիշտ որ, սրանց ՄԻՏՔ ու ՄՏԱԾՈՂ պետք չէ: Խաղատուն լինի ու կերատուն:
Օրագիր. 08.03. 2008 Պարտկոմի հրամանագրում գրված է. «...միայն պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Այսինքն՝ ստի: Առանց էդ էլ հանրային կոչվողի եթերում ամեն օր, արդեն ութ տարի էդ է՝ ՍՈՒՏԸ: Էս հրամանագիրը նրանց պիտի որ կաղապարեր, որովհետեւ իրենք ստում էին նաեւ սեփական նախաձեռնությամբ, իսկ հիմա ասված է՝ պաշտոնական ստից ավելի չստեք, բայց էդպես չհասկացան: Ու ոչ միայն հանրային կոչվողը, բոլոր հեռուստատեսությունները եւ լույս տեսնող թերթերը, մեկը մյուսից առաջ ընկնելով, սկսեցին ստել ավելին՝ պաշտոնականից էլ ավելին՝ յուրաքանչյուրը ձգտելով ինքը ստանալ առաջին մրցանակը: Պաշտոնական սուտը, մի բան էլ ավելի, տիրաժավորվում է: Ու եթե դարիս ստախոսության մրցույթ հայտարարվեր, ապա առաջին յոթնյակը, դատելով այս ութ օրերի մրցակցությունից, կլիներ այսպիսին. 1. պարտկոմ 2. աղվան 3. մահտեսի 4. վիկո 5-6-7 ... . սայաթ, սոնա, հայլուր-մայլուր... Իսկ նորուզուրպատորը՝ չէ: Նորուզուրպատորը ստախոս չէ: Նա ուրիշ է: Ուրեմն էս նորուզուրպատորը կառավարության նիստին հայտարարել է. «Քանի որ մենք չկարողացանք կանխել, ուրեմն մենք էլ ենք մեղավոր: Ապա՝ «բոլոր մեղավորները պիտի պատժվեն»: Մեր տեռորիստական բանդայի անդամ, իմ ախպեր Այդին Մորիկյանն արդեն գրել է էդ մասին, բայց ես այլ ռակուրսով էդ նույն բանը կկցեմ էս կոլաժին. վիշինսկու արժանի աշակերտ աղվանին, ում համար, իր ուսուցչի նման, «ինքնախոստովանությունը ապացույցների թագուհին է» ուզում եմ ասել. նորուզուրպատորդ ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով «մենք էլ ենք մեղավոր». վայ թե առնվազն երկու ամսվա կալանքի հոտ է փչում: Հը՞... Սահմանադրական դատարանի վճիռը հրապարակվեց... Իսկ ի՞նչ է, որեւէ մեկը պատրանքներ ունե՞ր գագոյից, որը վաղուց արդեն ոչ թե օրենքի ծառան է, այլ պարտկոմի:
Էլի մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ Վաչե Եփրեմյանից
Եթե ջունգլիներում մի կոկոս ընկնի մոլորված մեկի գլխին, ջունգլիների վարչության գլխավոր կոկոսագետը հրաժարական կտա: Մեր ազատ-անկախ-միացյալում Անհատ չկա, Անհատականություն չկա, «կոկոսագետ» չկա. գիրկապ անողը լեզվի օրենք է մշակում, հանցագործը ներկայանում է հանցագործությունը քոքահան անողի դերով, քարտեզը երկու անգամ աչքի անցկացնողն արդեն «գենետիկ» հայրենասեր է: Եվ ոչ մի հրաժարական...
Օրագիր. 09.03. 2008 Զանգեցին, թե նայիր՝ հեռուստատեսությամբ ինչ-որ մեկի ինքնախոստովանական ցուցմունք են ցույց տալիս... Զարմանալի է, որ արդեն չեմ զարմանում սրանց լկտիության աստիճանի վրա, սպասում եմ, թե էդ լկտիությունը մինչեւ ո՞ւր է հասնելու: Նույնիսկ ջանք չեն արել ձեւի համար մի փաստաբան նստեցնել էդ մարդու կողքին: Թքած ունեն, ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ Սահմանադրություն... դրել ու ցույց են տալիս... Ու անմիջապես էլ հաղորդավարուհին (հրճվանքո՜վ) կարդում է, գիտե՞ք՝ ինչ. «Վկայությունների համաձայն՝ Ս. Միքայելյանը երկրի ապակայունությանը միտված՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպվող զանգվածային միջոցառումների մասնակիցներին ֆինանսավորելուց բացի, նաեւ հստակ հրահանգներ է տվել իշխանությունն ամեն գնով զավթելու մասին...»: Ծանո՞թ թվաց: Իհարկե: Ով գեթ մեկ անգամ անցյալ դարի երեսնականների թերթ է կարդացել, հանդիպած կլինի նույն նախադասությանը. «Այսինչը բանդա էր ստեղծել, որի նպատակն էր տապալել սովետական կարգերը եւ սպանել ընկերներ...»: Ընդ որում` «այսինչը» կարող էր լինել մի մտավորական կամ սարերում ապրող մի հովիվ... Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Դատախազ վիշինսկիների արժանի աշակերտները՝ աղվանը, մահտեսին նորից առաջնորդվում են «Ինքնախոստովանությունը ապացույցների թագուհին է» սկզբունքով: Իսկ նրանց դահիճները փորձում են ինքնախոստովանություններ կորզել: Դե, ինչ, էստեղ ես ուզում եմ, չսպասելով մահտեսական խոշտանգումներին, ի՛մ ինքնախոստովանական ցուցմունքը կցել ու նաեւ` այդ մասին ոստիկանության ու դատախազության հնարավոր հաղորդագրությունը.
Ինքնախոստովանական ցուցմունք Ես՝ քաղաքացի Մեսրոպ Հարությունյանս, իմ ձեռքով գրում ու ստորագրում եմ. ես եւ էլի տասնյակ հազարավորներ ստեղծել ենք տեռորիստական բանդա, գաղտնի ճանապարհներով ձեռք ենք բերել զանգվածային ոչնչացման զենք՝ ՄԻՏՔ, ԲԱՆ եւ հանցավոր համաձայնության գալով՝ նպատակ ենք ունեցել տապալել ԱՆՄՏՈՒԹՅԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆ, որին դուք «սահմանադրական կարգ» եք անվանում, ՄՏՔԻ ու ԲԱՆԻ տեռորի ենթարկել ազնիվ քաղաքացիներին, ապակայունացնել իրավիճակը, խարխլել մեր երկրի պայծառ ապագայի հիմքերի հիմքը՝ պարտկոմական միակարծությունը եւ հաստատել ԱԶԱՏ ՄՏՔԻ ու ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈւ կործանարար դիկտատուրա: Մեր բանդայի յուրաքանչյուր անդամ համարձակություն է ունեցել յուրովի մտածել, յուրովի գրել, սեփական մտքերը արտահայտել, նաեւ` համարձակվել է մտածել, որ յուրաքանչյուրն իրավունք ունի կարծիք արտահայտել, ու այս ամենով մենք խախտել ենք հասարակության համերաշխությունը, միասնականությունը, պառակտել ազգը...
Ոստիկանության եւ դատախազության հաղորդագրությունը ... Պարզ է դարձել, որ այդ ստահակների խմբի պարագլուխն է եղել Մաշտոց մականունով ոմն Մ. Վ., բանդայի անդամներ են նաեւ առայժմ ինքնությունը չպարզված քաղաքացիներ՝ ոմն Մ. Խորենացի, ոմն Գ. Նարեկացի, ոմն Մ. Նալբանդյան, ոմն Հ. Թումանյան, ոմն Ե. Չարենց, ոմն Ա. Բակունց, ոմն Գ. Մահարի, ոմն Պ. Սեւակ, ոմն Հ. Մաթեւոսյան, ոմն Լ.Ներսիսյան, ոմն Վ. Սարոյան եւ ուրիշներ: Աշխատանքներ են տարվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հայտարարվել է հետախուզում: Տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել գլխավոր դատախազություն, ոստիկանություն կամ ԱԱԾ: Միաժամանակ, տեղեկացնում ենք հիշյալ քաղաքացիներին ու նրանց հետ համագործակցածներին, որ կամավոր ներկայանալը եւ ինքնախոստովանությունը կդիտվեն իբրեւ մեղմացուցիչ հանգամանքներ: Այս բանդան նաեւ անդամակցել է ոմն Գ. Գ. Մարկեսի ղեկավարած միջազգային տեռորիստական կազմակերպությունների ցանցին: ՀՀ դատախազությունը դիմել է Ինտերպոլին՝ հիշյալ Գ. Գ. Մարկեսին ձերբակալելու եւ նրա ղեկավարած տեռորիստական ընդհատակյա սինդիկատի հետ հայկական բանդայի կապերի եւ ստացած զենքերի մասին տեղեկություններ տրամադրելու խնդրանքով: Հաղորդագրությունը ստորագրել են. աղվան, մահտեսի, սայաթ, սոնա:
Մուղդուսի = մահտեսի 30-ականներին հայ մտավորականության (եւ ինչո՞ւ միայն մտավորականության) դահիճը մուղդուսին էր: Ճակատագրի ի՜նչ դաժան հեգնանք. այսօր դահիճը մահտեսին է. մուղդուսի (բառի տարբերակները՝ մղդսի, մղդեսի) եւ մահտեսի բառերը հոմանիշներ են: Իսկ ամենասարսափելին այն է, որ երկուսն էլ նշանակում են Երուսաղեմ ուխտ գնացած մարդ:
Օրագիր. 11. 03. 2008 Ասում-գրում են՝ նորուզուրպատորը պատրաստվում է պատասխանել քաղաքացիների հարցերին: Հայտարարությունները՝ ինտերնետային հասցեներով ու հեռախոսահամարներով ամենուր են: Պարզապես ՔԱՂԱՔԱՑԻՆ նրան հարց չունի տալու: Չէ, էսպես՝ ՔԱՂԱՔԱՑԻՆ նորուզուրպատորին երկու հարց կարող է տալ միայն: Առաջինը դեռ, է ՜, եսիմ երբ, ձեւակերպել է լուսահոգի Վազգեն Սարգսյանի հերոս Պողոս Սահակյանը. «... Գալուկյան, դու կիմանաս՝ բոզ ծնվո՞ւմ են, թե դառնում...»: Հիմա՝ պարտկոմի, նորուզուրպատորի, աղվանի, մահտեսու հրաման-հրահանգներով երկիրս նորից ուզում են լցնել Գալուկյաններով... Երկրորդ հարցը, որ կարող է տալ ՔԱՂԱՔԱՑԻՆ նորուզուրպատորին. - Դու կիմանաս, եթե չիմանաս, պարտկոմիցդ հարցրու, կարող է նա գիտի. Արյունով թագադրումը՝ ինչո՞վ է ավարտվում:
Օրագիր. 12. 03. 2008 Այսօր պարտկոմն արդեն հրճվանքը չէր թաքցնում: Ճիշտ սովետական իր ջահել տարիների նման՝ երանության մեջ էր. 12 օր է տպվում են միայն խիստ պատասխանատու թերթերը, հեռուստաալիքները հորթային երջանկությամբ իր եւ միայն իր ու նորուզուրպատորի, աղվանի, մահտեսու, վիկոյի, սայաթի, սոնայի ու նաեւ՝ սեփական ստերն են տարածում, եւ չկա մի ԶԼՄ, որ իր աչքի վերեւի ունքը մատնացույց անի, մանավանդ՝ պաշտոնական տեղեկատվության սահմաններում այդ ունքի գոյությունը հաստատված փաստ չէ: Ու պարտկոմը ինքնագոհ հայտարարում է. «..դե վաղը մի քիչ ազատություն կտամ ձեզ...» : « Ուռա՜...», - հրճվում են հեռուստաստրուկները: Տեսնես ինչո՞ւ են ուրախանում: Իրենց համար ի՞նչ տարբերություն: Ե՛վ պարտկոմի հրամանագրից առաջ էին նույն կերպ աշխատում արդեն 8 տարի, ե՛ւ էս հրամանագրի ժամանակ, դրանից հետո էլ՝ նույնն են անելու: Ինչի՞ վրա են հրճվում: Որ պարտկոմն իրենց թուլափայ ազատությո՞ւն նետեց: Հոգով ու էությամբ ստրուկի համար՝ տիրոջ տված մի քիչ ազատությունը՝ ի՞նչ: Կամ էսպես՝ չընդվզող, հարմարվող, միշտ գլուխը քաշ տիրոջ հրապարակային կամ թաքուն հրամանով շարժվող ստրուկի ինչի՞ն է պետք էդ ազատությունը: Որ ի՞նչ անի: Է, կար՝ օրենքով կար էդ ազատությունը՝ դե մի բան անեիք... Ինչո՞ւ էիք մի ամալիկի ահից «մկան ծակին օխտը թուման տալիս»: Որ պարտկոմը ասաց մի քիչ ազատություն կտամ, դրանից հետո ի՞նչ է, ինչ-որ ուրիշ ԲԱ՞Ն է հնչելու ձեր եթերում, կամ էս մի տարում հնչե՞լ է: Չէ, դա ձեզ համար պարզապես նոր առիթ է եւս մի անգամ շնորհակալություն հայտնելու թանկագին պարտկոմին, որ շնորհ արեց... «Շնորհակալություն՝ հայրական հոգատարության համար...»: Կարոտե՞լ էիք... Շարունակելի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԽաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը ՀայաստանումԱնցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում: ՔաղաքականԵրեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգիՎերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ: ԱշխարհՏիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջվածԵրեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |