“Zhamanak” Armenian-American Political Daily

Նրանք մեր ընտանիքի անդամները չեն

11:12 Yerevan | 7:12 GMT | Friday 11 April 2008

Գրիգոր Խաչատրյան

Մի վիրահատությունից հետո մարմնագույն մարմնիս վրայի վերքը, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, երկու ամիս չէր փակվում, մինչեւ ծանոթ բժշկուհու ախտորոշումը. որը դեղ նշանակելով` ասեց. «Երեք օրից կփակվի» եւ երբ երեք օրից հետո զանգելով իմացավ, որ վերքը փակվել է` ասեց. «Նե մոժետ բիծ»: Մենք այս բարձրագույն իշխանություններից ասում ենք ամեն ինչ սպասելի է, բայց երբ նույնիսկ վատթարագույն սպասելիքներն են իրականանում` զարմանում ենք:

Եթե ասում ես բարձրագույն, ուրեմն կա նաեւ ցածրագույն, եթե ցածրագույնը հողագետնագույն է, ուրեմն բարձրագույնը երկնագույն է, իսկ ծայրագույնը պատրիարք, որն էլ թերեւս մուգ կապույտ է:

Կարելի՞ է, արդյոք, բողոքել խոզից, որ խոզություն է անում, շնից` շնություն, էշից` էշություն, առնետից` կռիսություն, պարզապես տրամաբանությունը մարդուց մարդկություն է ենթադրում, մինչդեռ ոմանք ծնվում են ոչ թե կենդանակերպի նշանի տակ, այլ հենց կենդանակերպի:

Եթե դու փողոցով քայլում ես եւ քեզ հրում է զինվորականի, ոստիկանի կամ օմոնականի մեկը, մի հարցրու` ինչու ես հրում, քանզի դրա պատասխանն է ռետինե մահակի հարվածը գլխիդ: Բոլոր երկրներում էլ ոստիկանները ասոցացվում են շների հետ, տիրոջ ձեռքից հաց ուտելով հրաման կատարող, չհասկանալով, որ այդ հացը գալիս է նրանից, ում գլխին խփում են, ինչը ոստիկանին նմանօրինակ կարճամտության հետեւանքով դարձնում է կենդանակերպ: Կույր հավատարմության, ահա թե ինչի համար են սիրում եւ պահում շներին, ոչինչ, որ նա շնանում է, կարեւորը, որ նա ոչ թե արդարամիտ է, այլ շան պես հավատարիմ:

Կարելի է սիրել շանը, որն իրեն բնորոշ դրսեւորումներին զուգահեռ մարդկային որակներ էլ ունի, բայց ոչ մարդուն, որի դրսեւորումներում կենդանականը գերակայում է, որոնց դրվատելիս համեմատում ենք մարդկանց հետ, իսկ մարդկանց փնովելիս` կենդանիների:

Բարձրագույնները հասարակական սիրո պահանջարկ եւ անբավարարվածություն ունեն, որին արժանանալու համար դիմում են ցուցադրական հերթապահ քայլերի` չհասկանալով, որ փոխադարձ սիրո հրամայականը փոխադարձությունն է, ինչը լույս է սփռում նաեւ նրանց նեղանձնականի վրա: Երբ Հանրապետության հրապարակ բերվածները հայտնվեցին Ազատության հրապարակում, երբ 9 օր երթերի ժամանակ վանկարկում էին «Լեւոն, Լեւոն», «Սերժիկ, հեռացիր», երբ շենքերի պատուհաններից մեծ ու փոքր իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին, հրապարակայնացնելով իրական ընտրությունների պատկերը` որպես պետական գաղտնիք, բարձրագույն ականատեսն ու նորաթուխ սցենարիստը ցույց տվեց իր տղամարդկությունը զենքով անզենների նկատմամբ: Այս եւ այլ բացահայտ հանցագործությունների համար պատասխան չտալու միակ ձեւը իշխանության պահպանումն է, ինչն էլ անում են իրենց ձեռքից տարբեր տիպի կամա-ակամա հաց ուտող հանցակիցների օգնությամբ` ընդհուպ մինչեւ չեզոքության ընդերքներում խրամատավորվածները:

Նրանք վատանում են «ազատություն, Լեւոն» վանկարկումներից, որոնք արդեն հոմանիշներ են դարձել, ինչը եւ ենթադրում է, որ հասարակությունը իր ընտրության մեջ ազատ է եւ առանց նրա նկատմամբ պարտադրված ընտրության բարձրագույնը չի կարող ունենալ նույնիսկ համատեղ կյանքի, խաբուսիկ սիրո ցուցադրման ենթակա որեւէ նշույլ, որքան էլ տարփողի սարքած սուտն ու կեղծիքը հավատարիմ ԶԼՄ-ների միջոցով` պարտադրելով հավատալ ամենաուժեղի, ամենախելոքի, ամենահայրենասերի, ամենագեղեցիկի, քաղաքականապես գրագետի եւ երկարոտնի վարկածին: Փողով սեր չես գնի, բայց կարող ես ընդհուպ մոտենալ եւ հերիք է ինչքան մոտեցել ես, որովհետեւ դա ոչ միայն զզվելի է` ինչպես դեմքովդ քաղաքի պաստառապատումը հասարակության համար, այլեւ` չափազանց վտանգավոր:

Եվրոպա-Ասիա սահմանագծայինի ճակատագրով մեր մոտ ընտանիքի երկու տեսակն էլ կա, նույն շենքի մուտքում` դեմ-դիմաց կանգնած նոթերը կիտած, կողք կողքի բնակարաններում, եւ համատեղ ապրում ենք տարբեր արժեհամակարգերով, բայց Եվրոպան զարգացման ուղենիշ վերցրած, անդամագրված:

Մեր բարձրագույնները ասիական ընտանիքի մոդելն են մեզ պարտադրում, ուր անվերապահորեն «միակ» տղամարդն է ընտանիքի գլուխը եւ որքան ասիացի` այնքան իրեն ավելի տղամարդ է զգում, իսկ բարեկրթությունը նրա համար դոդիկություն է, գոմիկություն, եվրոպականություն, ժողովրդավարություն, որի համար էլ իրեն ավելի լկտի, դաժան, բիրտ ու բռի է պահում, որովհետեւ ժողովրդավարությունը զրկում է նրան իր տղամարդկության զրահներից, որն է` խաբեություն, խորամանկություն, ստորություն, անօրինականություն, կաշառք ու դավադրություն, որով փորձում են ծածկել իրենց ամոթույքները:

Մենք հարում ենք եվրոպական արժեքներին, որովհետեւ դա ձեզ նման ասիացիների ասպատակությունների պատճառով վնասված մեր նկարագիրն է, ոչ թե ուրիշի, վկա մեր մշակույթը, որը եվրոպականի ձեւավորման ակունքներում է եղել, այն ընտանիքի, ուր բոլորը հավասար են եւ ունեն ձայնի իրավունք: Եվ ուրեմն թող բարձրագույնները իրենց ասիական բարքերը կիրառեն իրենց տանը եւ ոչ մեր, որովհետեւ նրանք մեր ընտանիքի անդամները չեն:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.